‘Լևոն Զուրաբյան. Մենք դեմք ենք այս ռեժիմին, դեմ ենք նրա կողմից ներկայացրած բյուջեին (տեսանյութ)’

1484

Այսօր խորհրդարանը շարունակել է քննարկել «ՀՀ 2015թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագիծը: Ներկայացնելով ՀԱԿ խմբակցության տեսակետը խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը մասնավորապես նշել է,

Այն պահից սկսած, ինչ ՀԱԿ-ը մուտք է գործել ԱԺ 2012թ., սա արդեն կառավարության կողմից ԱԺ ներկայացված երրորդ բյուջեն է: 2012 եւ 2013թթ բյուջեն ներկայացրել է Տիգրան Սարգսյանի կառավարություհը: Երկու դեպքում էլ մենք այդ փաստաթուղթը մերժեցինք՝ ոչ թե դատելով այն ըստ բովանդակության, այլ որովհետեւ այդ թուղթը ներկայացված էր մի կառավարության կողմից, որն ուներ հանցագործությունների եւ մեքենայությունների արձանագրված մի շարք:

Ի դեպ, ասեմ, որ ոչ հին կառավարությունը, ոչ էլ նոր կառավարությունը, որ ղեկավարում է Հովիկ Աբրահամյանը, որեւէ պատասխան կամ բացատրություն չեն տվել այն մեղադրանքների վերաբերյալ, որոնք ներկայացված բյուջեի օրինագծերը մերժելու  հիմնավորում դարձան: Հիշեցնեմ՝ դա ե՛ւ բյուջեի եկամտային ու ծախսային մասերի հափշտակումն էր, որ գնահատվեց 2.5 մլրդ դոլարի հավասար գումար՝ հիմնված Վերահսկիչ պալատի, հայաստանյան եւ միջազգային ֆինանսական կազմակերպությունների վերլուծությունների վրա: Դա այն հայտնի դեպքն էր, երբ բյուջեի ծախսերի մոտ 5 տոկոսին հասած գաղտնի գազային պարտքը չէր ներկայացվել բյուջեի նախագծում, եւ բազմաթիվ այլ մեղադրանքներ, չարաշահումներ, մեքենայություններ: Հիմա, կարծես թե, ունենք նոր կառավարություն. մեզ համար, իհարկե, ակնհայտ է, որ դա ոչինչ չի փոխում, որ այս կառավարությունը, լինելով նույն ՀՀԿ-ական մեծամասնության եւ նույն Սերժ Սարգսյանի կողմից ղեկավարած կառավարություն, իր գործունեության սկզբունքների, մտածելակերպի, ոչ կոմպետենտության առումով ոչինչ չի փոխել, ավելին՝ հաշվի առնելով նոր կառավարության որոշ գործողություններ, օրինակի համար՝ Արմավիայի գործարքը, որն, ըստ էության, Միքայել Բաղդասարովին պետական բյուջեից օգնություն կատարելու ծրագիր էր, ինչպես նաեւ՝ Շքեղության հարկի վերացման օրինագիծը, դրամի արժեւորման նույն կործանարար քաղաքականությունը, այս ամենն ապացուցում են, որ այս կառավարությունը ոչ միայն չի ազատվել նախորդ կառավարության կողմից մի քանի պետական պաշտոնյաների եւ միաժամանակ խոշոր օլիգարխների շահերի սպասարկումից, այլև ավելի է խորացրել այս քաղաքականությունը:

Բայց հաշվի առնելով, որ ֆորմալ առումով՝ դուք առաջին անգամ եք ներկայացնում բյուջե, ես կփորձեմ այն վերլուծել այն ելակետից, որ մենք գործ ունենք բացառապես հրեշտակներից կազմված մի կառավարության կողմից կազմված փաստաթղթի հետ: Եվ ուրեմն, երբ մենք վերլուծում ենք այս փաստաթուղթը՝ մի պահ վերանալով  նրա հանցավոր բնույթից, ապա հանգում ենք հետեւյալ եզրկացությունների.

Հենց սկզբից աչքի է  զարնում այն հանգամանքը, որ թեեւ ներկայացված բյուջեում նախատեսված ծախսերը նախորդ տարվա նկատմամբ աճել են 52 մլրդ դրամով, դրանցից 41-ը պայմանավորված է աշխատավարձերի բարձրացումով, մոտ 6 մլրդը էներգետիկ ծախսումներն են, ուստի՝ շատ փոքր գումար է մնում երկրի զարգացմանն ուղղված կապիտալ ներդրումների համար: Ընդհանրապես, կարելի է ասել, որ եւ՛ պետական կապիտալ ներդրումները, եւ՛ մասնավոր ներդրումները, կտրուկ անկում են ապրում: Երբ գա ժամանակը՝ ներկայացնելու երկրում ծավալված կառավարման ճգնաժամի հարցը, մենք դեռ կանդրադառնանք այն հարցին, թե ինչպիսի աղետալի անկում է ապրում Հայաստանում ստեղծված կոռուպցիոն միջավայրում արտասահմանյան ուղիղ ներդրումների ցուցանիշը: Այսօր բավարարվենք նրանով, որ ինչպես հետեւում է ներկայացված փաստաթղթից, վերջին տարիների ընթացքում, մեջբերում եմ. «կապիտալ ներդրումները միջինում արձանագրել են նվազման ցուցանիշներ, որը պայմանավորված էր թե պետական, թե մասնավոր ներդրումների նվազմամբ: 2013թ. միտումներրը պահպանվել են. կապիտալ ներդրումները նվազել են 11.5 տոկոսով, ընդ որում, նվազել են ինչպես պետական, այնպես էլ մասնավոր հատվածի ներդրումները համապատասխանաբար 6.4 եւ 12.4 տոկոսով: 2014թ. առաջին կեսին կապիտալ ներդրումները կրճատվել են շուրջ 1.8 տոկոսով՝ պայմանավորված պետական ներդրումների կրճատմամբ »: Կանխատեսվում է նաեւ, որ պետական ներդրումների նվազման արդյունքում, 2014թ. նախատեսված ներդրումների աճ չի լինի, 2015թ. նույնպես ներդրումների աճ չի լինի, այսինքն՝ կլինի 0.7 տոկոս նվազում:

Եւ այսպես, կառավարությունն ընդունում է, որ պետական կապիտալ ներդրումների նվազումն անմիջապես նվազեցնում է ընդհանուր ներդրումը: Երբ վերլուծում ենք ներդրումներ-ՀՆԱ հարաբերակցությունը, կարող ենք արձանագրել, որ 2011-2015թթ. ներդրում-ՀՆԱ հարաբերակցությունը 27.3 տոկոսից աստիճանաբար կրճատվել է՝ հասնելով 20.5 տոկոսի:

Եթե համեմատում ենք հարեւան Ադրբեջանի եւ Վրաստանի հետ, գործ ունենք հակառակ պատկերի հետ: Վերջին տարիներին Վրաստանում ներդրումներ-ՀՆԱ հարաբերակցությունը 22 տոկոսից հասել է 25-ի, իսկ Ադրբեջանում՝ 18-ից 25 տոկոսի: Ինչից հետեւում է, որ ի տարբերություն հարեւանների, Հայաստանը զարգացման քաղաքականության առումով գտնվում է ազատ անկման վիճակում: Հարց է ծագում՝ եթե կառավարությունն անգամ բյուջեի պաշտոնական թվերով չի ապահովում երկրի զարգացման որեւէ հեռանկար, ապա ի՞նչ է նշանակում այս երկարատեւ անկման ֆոնի վրա աշխատավարձերի բարձրացումը եւ սոցիալական այլ ծրագրերի ընդարձակումը: Սա նշանակում է միայն մեկ բան՝ կառավարությունն ինքն էլ գիտի, որ ինչ-որ մի պահի իրավիճակը պայթելու է, քանի որ կառավարությունը չի կարողանա ապահովել բնակչության առջեւ իր կողմից վերցված պարտավորությունները:

Դրա ուղիղ վկայությունն է երկու կարեւոր հանգամանք. առաջին՝ պետական պարտքի ծավալի մոտեցումն օրենքով նախատեսված շեմին: Հիշեցնեմ, որ Պետական պարտքի մասին ՀՀ օրենքի համաձայն՝ պետական պարտքը, նախորդ տարվա ՀՆԱ-ի համեմատ՝ 50 տոկոսը գերազանցելու պարագայում, պակասուրդը չպետք է գերազանցի վերջին երեք տարվա ՀՆԱ միջին մակարդակի 3 տոկոսը: Իսկ 60 տոկոսին հասնելու դեպքում պարտք վերցնելու գործարքները համարվում են առոչինչ: Հաշվարկները ցույց են տալիս, որ 2015թ. նախատեսված ՀՆԱ-ն անիրականանալի է, անկախ փորձագետների գնահատականներով, պետական պարտքի հարաբերակցությունը ՀՆԱ նկատմամբ կբարձրանա մինչեւ 47 տոկոս, այսինքն՝ կմոտենա առաջին վտանգավոր շեմին:

Սա նշանակում է նաեւ, որ ներկա կառավարությունն, ըստ էության, սպառնում է ապագայում պետական պարտքն ավելացնելու միջոցով ճգնաժամները հաղթահարելու ռեսուրսը: Ավելին, 2015թ. արտաքին պետական պարտքի սպասարկմանը կուղղվի 156 մլրդ դրամ, որը կազմում է կանխատեսված բյուջետային եկամուտների 13.1 տոկոսը: Հաջորդ տարիներին՝ 2016-2017թթ. արտաքին պարտքի սպասարկումը կկազմի համապատասխանաբար 176.7 եւ 210.8 մլրդ դրամ, ինչը նույնպես դժվարացնում է նոր պետական պարտքեր վերցնելու դեպքում դրանց սպասարկումը:

Երկրորդ կարեւոր հանգամանքը, որ ցույց է տալիս, որ կառավարությունը ընթացիկ օրվա խնդիրները փորձում է լուծել ապագայի հաշվին, կապված է վերջին տարիներին տեղի ունեցող գերավճարների անվերահսկելի աճի հետ: 2008թ.-ից այն աճել է 88 միլիարդ դրամից՝ հոկտեմբերի տվյալներով դառնալով 142 միլիարդ դրամ: Գերավճարը հաշվարկված հարկային պարտավորություններից ավելի վճարած գումարն է, այսինքն՝ ինչ-որ առումով դա հարկատուների կողմից կառավարությանն ավանսով տրված կամ վերադարձի ենթակա գումար է: Եթե այս գումարը տարիներ շարունակ աճում է, դա նշանակում է, որ կառավարությունն, ըստ էության, կուտակում է հարկատուների նկատմամբ ներքին պարտք: Գումարելով այն պաշտոնական պետական պարտքի գումարին՝ դժվար չէ կռահել, որ ՀՀ պետական ֆինանսական համակարգը մոտենում է ռիսկային շեմին, եթե դեռ չկիրառենք կոլապս բառը:

Գերավճարներն ունեն նաեւ այլ վնասակար ազդեցություն տնտեսության վրա: Վերցնելով գերավճարներ, պետությունը չարաշահում է իր դիրքը եւ, ըստ էության, գերավճարի տեսքով անտոկոս վարկ է վերցնում բիզնեսից՝ ըստ էության, կատարելով պետական ռեկետ: Բիզնեսը երկարաժամկետ կտրվածքով զրկվում է 142 մլրդ դրամի չափով շրջանառու միջոցներից եւ ստիպված է միջոցների սղությունը բավարարել բանկային վարկերի հաշվին՝ կրելով լրացուցիչ կորուստներ բանկային տոկոսների վճարման պատճառով: Նման ծավալի գերավճարների պատճառով կարելի է եզրակացնել, որ հարկային եկամուտների գծով բյուջեի եկամուտների ցուցանիշը չի արտահայտում պատկերը, այսինքն՝ այդ առումով էլ ներկայացված փաստաթուղթը կեղծ է: Առաջացնելով ՀՀ կառավարության լրացուցիչ պարտավորություններ՝ գերավճարները մեծացնում են ճնշումը հետագա տարիների պետական բյուջեների վրա, դրանով իսկ սահմանափակելով պետության՝ առանց այդ էլ սուղ ֆինանսական հնարավորությունները ռազմավարական ծրագրերի իրականացման գործում: Այս խաբեությունը, կեղծիքը եւ երկրի զարգացման վրա կուտակված այս բեռը ոչնչացնելու համար պարտավոր եք անհապաղ վերադարձնել գերավճարները ձեռնարկատերերին: Կրկնում եմ՝ անհապաղ:

Ամփոփենք՝ ես սկսեցի այս վերլուծությունը այն ելակետից, որ դուք հրեշտակներից կազմված կառավարություն եք: Բայց անգամ ելակետի դեպքում, վերլուծելով ներկայացված փաստաթուղթը, մենք հանգում ենք այն եզրակացության,  որ մենք գործ ունենք մի կառավարության հետ, որն ինքն իրեն համարում է ժամանակավոր կառավարություն: Միայն ժամանակավոր կառավարությունը կարող է ներկայացնել բյուջեի փաստաթուղթ, որը չի նախատեսում երկրի զարգացմանն ուղղված քայլեր ու ծախսեր, որն առանց զարգացման միջոցառումների՝ ավելացնում է սոցիալական վճարները՝ հույս ունենալով դրանով զսպել սոցիալական բունտը եւ օրվա ընթացիկ հարցերը լուծելով երկրի ապագայի հաշվին:

Սա դասական «ֆինանսական բուրգի (պիրամիդալ)»  սխեմայի կառավարություն է, որի նպատակն է՝ ցանկացած գնով պահպանել իշխանությունը: Եթե իշխանությունը չի օգտագործվում երկրի զարգացման համար, ապա իշխանավորների միակ մոտիվացիան սեփական հարստացման նպատակով իշխանական լծակների օգտագործումն է:

Ոչ թե ՀԱԿ խմբակցությունն է մերժում նման իշխանության կողմից ներկայացված բյուջեն, այլ՝ ողջ ժողովուրդը, որ չի ցանկանում իր ուսերի վրա կրել վաշխառուական կեղեքիչ, իշխանության պահպանման մարմաջով տառապող պաշտոնյաների ռեժիմը: Մենք դեմք ենք այս ռեժիմին, դեմ ենք նրա ներկայացրած բյուջեին:

Նախորդ հոդվածը‘Արամ Մանուկյան. Սա հարկահավաքի, ոչ թե ռազմավարության կամ քաղաքական բյուջե է (տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘Իրանի նախագահ. Ղարաբաղյան հակամարտությունը չի կարող կարգավորվել ուժային ճանապարհով’