‘Լևոն Զուրաբյան. Սա լինելու է լրիվ նոր տիպի կուսակցություն, որն ամենից վեր գնահատելու է անհատի ազատությունը’

1109

Այսօր գլխավոր դատախազության մոտ ամենուրբաթյա ակցիայի ժամանակ Հայ ազգային կոնգրեսի համակարգող, ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանն անդրադարձել է նոր ստեղծվելիք կուսակցությանը: Ելույթի տեքստը ներկայացնում ենք ստորև.

«Ինչպես հազարավոր անկուսակցականներ, Տիգրան Առաքելյանը որոշել է նույնպես ընդունվել նոր ստեղծվելիք «Հայ ազգային կոնգրես» կուսակցություն, և ես սա խորհրդանշական եմ համարում: Ես խորհրդանշական եմ համարում, որ այսօր միակ քաղբանտարկյալը, այն մարդը, որը հինգ տարի արդեն մեզ հետ պայքարում է Հայաստանում ժողովրդավարության, ազատության համար, այսօր միանում է «Հայ ազգային կոնգրես» կուսակցությանը: Ինչո՞ւ եմ ես սա շատ կարևորում և համարում խորհրդանշական: Որովհետև իրականում սա չի լինելու կուսակցություն, սա, ֆորմալ կերպով ձևակերպվելով որպես կուսակցություն՝ շարունակելու է մնալ համաժողովրդական շարժում, դիմադրության միակ կենտրոնը Հայաստանում:

Դիմադրություն ասելով՝ նկատի ունեմ հետևյալը: Սերժ Սարգսյանն այսօր մի բանի մասին է երազում, իմացե՛ք. այնպես անել, որ Հայաստանում այլևս որևէ քաղաքական ուժ չլինի, որը կարող է մարտահրավեր նետել իր իշխանությանը: Ինքը ցանկանում է ոչ միայն վերահսկել իշխանության կառույցները, ինքը ցանկանում է վերահսկել նաև ընդդիմությունը: Սա իր երազանքն է: Այս առումով այն համաժողովրդական շարժումը, որը մենք ունենք արդեն հինգ տարի շարունակ Հայաստանում, իսկապես չհանձնված, Հրանտ Տեր-Աբրահամյանը ճիշտ է ասում՝ չկաշառված, չհաշտված մարդկանց հավաքականությունն է, որը պայքարելու է մինչև վերջ:

Մեր ժողովրդի մեջ կոմունիզմի տարիներից հետո մնացել է ինչ-որ մի ալերգիա կուսակցականության նկատմաբ: Մարդիկ կարծես համարեն, որ կուսակցական լինելը այնպիսի մի բան է, որը մարդուն զրկում է ազատությունից, իր անհատականությունից, դարձնում է իրեն կառույցի մի անդամ: Մենք այդպիսի կուսակցություն չենք ստեղծում, մենք ստեղծում ենք իսկապես դեմոկրատական կուսակցություն, այնպիսի կուսակցություն, որպիսիք գործում են դեմոկրատական աշխարհում: Օրինակ, Միացյալ Նահանգներում ինչպե՞ս է: Ցանկացած հանրապետական սենատոր կարող է քվեարկել իր ուզած կերպով: Կարող են որոշ հարցերով քվերակել այնպես, ինչպես քվեարկում են դեմոկրատները, և դրա համար իրենց ոչ ոք չի պախարակում, որովհետև դեմոկրատական աշխարհում հասկանում են, որ մարդկային արժեքները, մարդու, անհատի ազատությունն ավելի վեր է, քան կուսակցականությունը: Դեմոկրատական աշխարհում դեմոկրատական կուսակցության անդամ լինելը չի նշանակում, որ դու քո անհատականությունը, մտավոր ազատությունն ինչ-որ մեկին զիջում ես:

Ես ուզում եմ Հայ ազգային կոնգրեսի նախաձեռնող խմբի անունից այդ երաշխիքները տալ բոլոր նրանց, ովքեր մտմտում են, տատանվում են, մտածում են՝ ես չեմ ուզում կորցնել իմ անհատի ազատությունը: Դուք, անդամագրվելով «Հայ ազգային կոնգրես» կուսակցությանը, երբեք ձեր անհատականության, ձեր անհատի ազատությունը չեք կորցնելու, որովհետև սա լինելու է լրիվ նոր տիպի կուսակցություն, որը ամենից վեր գնահատելու է անհատի ազատությունը: Մենք պետք է այս գործընթացով իսկապես ջարդենք այս կարծրատիպը կուսակցականության նկատմամբ, և մեր փորձով ցույց տանք, որ հնարավոր է ստեղծել մի կուսակցոթյուն, որը ֆորմալ առումով լինելով կուսակցություն՝ շարունակում է մնալ ազատ քաղաքացիների շարժում:

Ուրեմն, լծվենք այս գործընթացին, որովհետև ինչքան շուտ մենք կարողանանք այս կառույցը ստեղծել, այնքան շուտ մենք կկարողանանք անցնել վճռական պայքարի այս ռեժիմի դեմ: Այնպիսի պայքարի, որ մենք արդեն հինգ տարի տանում ենք: Մեզ հաջողություն այս գործում, Տիգրանին ազատություն և պայքա՛ր, պայքա՛ր մինչև վերջ»:

Նախորդ հոդվածը‘Մինչ փրկարարները կժամանեին, քաղաքացուն իջեցրել էին ծառից’
Հաջորդ հոդվածը‘«Արմավիա». Դատական հայցի վերաբերյալ տեղեկություններն աղավաղված են’