‘Լ.Զուրաբյան. Իշխանությունները կարող են խորհրդարանում կատարվածն օգտագործել պայմանագրերը վերաբանակցելու նպատակով’

2580

iLur.am-ի զրուցակիցն է Հայ ազգային կոնգրես կուսակցության փոխնախագահ, ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը

Պարոն Զուրաբյան, 2013թ. քաղաքական իրադարձությունների առումով բավական բուռն տարի էր: Եթե ամփոփենք 2013թվականը, ապա, Ձեր կարծիքով, անցնող տարվա ընթացքում Հայաստանն ի՞նչ ձեռքբերումներ ու կորուստներ գրանցեց:

— 2013թ. առաջին կեսը նշանավորվեց նախագահական եւ Երեւանի ավագանու ընտրություններով, որոնց հետ մեր ժողովրդի զգալի մասն. այնուամենայնիվ, իրավիճակը փոփոխելու հույսեր էր կապում: Սակայն ընտրություններն, ինչպես միշտ, կեղծվեցին, եւ 2012-2013թթ. այս ողջ ընտրական ցիկլի ավարտը մեր ժողովրդի համար նշանակեց միայն մի բան՝ որ ընտրություններով ոչինչ փոխել հնարավոր չէ: Ես, իհարկե, նման կարծիքի չեմ, եւ կարծում եմ, որ անգամ այն փոքր ձեռքբերումները, որ մենք ունեցանք, մասնավորապես՝ ՀԱԿ-ի մուտքը խորհրդարան, լրացուցիչ խթան կծառայեն ժողովրդավարության հաստատման մեր պայքարի համար: Բայց նաեւ բնական եմ համարում ժողովրդի հիասթափությունը եւ հուսահատությունը, ինչի ամենամեծ դրսեւորումն է արտագաղթի աղետալի չափը, որն այս տարի կհասնի աննախադեպ քանակի՝ 125 հազար մարդու: 2013թ. երկրորդ մասը պետք է պատասխան տար ամենակարեւոր հարցին՝ արդյո՞ք ընտրական ցիկլի այս նվաստացուցիչ ավարտից հետո ժողովուրդը կկարողանա վերականգնել պայքարելու պատրաստակամությունը, նորից ուժ կգտնի իր մեջ դուրս գալու հրապարակ եւ մարտահրավեր նետելու մի իշխանության, որը կարծում է, որ ապահովել է իր վերարտադրությունը եւս չորս տարով ու կարող է անվրդով շարունակել ժողովրդի հարստահարումը:

Եւ արդյո՞ք տրվեց այդ հարցի պատասխանը:

— Իշխանություններն, իհարկե, ամեն ինչ արեցին, որ ժողովուրդը նորից ոտքի չկանգնի, հրապարակ նետվեցին հարցեր, որոնք արհեստական բաժանարար գծեր ստեղծեցին մեր հասարակության մեջ: Պարզվեց, որ հայ ժողովուրդը պետք է ընտրություն կատարի եվրաասոցացման եւ Մաքսային միության միջեւ, կա՛մ ընտրի ժողովրդավարական Եվրոպայի, կա՛մ ոչ այնքան ժողովրդավար Ռուսաստանի միջեւ, սկսեցին խոսել քաղաքակրթական ընտրության մասին: Այս ամենը հենց իշխանության կողմից կազմակերպված քարոզչական մի արշավ էր, որը հետապնդում էր երկու նպատակ. առաջին՝ պետք է քողարկեր իրենց տապալումը եվրաասոցացման պայմանագրի ստորագրման հարցում, եւ երկրորդ՝ շեղեր ժողովրդին այս իշխանություններից ազատվելու կենսական օրակարգից: Կպչուն աներեսությամբ իշխանության քարոզչամեքենան ու նրան սպասարկող «անկախ» ուժերը սկսեցին հետապնդել բոլոր քաղաքական ուժերին եւ ողջ հասարակությանը միայն մեկ հարցով՝ արդյո՞ք դուք կողմ եք Մաքսային միությանը, թե՞ ոչ: Ինչու այս հարցը դարձավ քարոզչության մեխը: Որովհետեւ եթե դուք պատասխանում եք «այո», ստացվում է, որ, ի վերջո, դուք համերաշխություն եք հայտնում Սերժ Սարգսյանի՝ սեպտեմբերի 3-ի դիրքորոշմանը՝ փաստորեն ազատելով նրան եվրաասոցացման ձախողման պատասխանատվությունից եւ կամա թե ակամա աջակից դառնալով իշխանությանը: Իսկ եթե պատասխանում եք «ոչ», ապա ստացվում է, որ դուք, նախ եւ առաջ, դեմ եք գնում ժողովրդի մեջ տիրող տրամադրություններին եւ դրանով նվազեցնում ռեժիմի դեմ ընդվզման հնարավորությունները, փաստորեն՝ տեղավորելով Սերժ Սարգսյանին եւ ժողովրդի մեծամասնությանը ՌԴ-ի հետ համագործակցության համակրող մի ճամբարում, իսկ ընդվզման քաղաքական ուժերին՝ բերելով որեւէ հեռանկար չունեցող «հակառուսական ճամբար»: Սա հենց այն արհեստական բաժանարար գիծն էր, որ պետք է մերժվեր ժողովրդավարության համար պայքարող ուժերի կողմից, եթե մենք ցանկանում ենք պահպանել ժողովրդավարական շարժման հաղթանակի հեռանկարը: Մեր դիրքորոշումը, ուստի, պետք է լինի հետեւյալը՝ ինքնիշխանության խնդիրն, առաջին հերթին, կապված է Հայաստանում ոչ լեգիտիմ իշխանության առկայության հետ: Արտաքին հարաբերություններում որեւէ որոշում մենք չենք կարող վստահել Սերժ Սարգսյանին, որը չունի լեգիտիմություն եւ չի կարող պաշտպանել Հայաստանի շահերը ոչ եվրոպական միության, ոչ էլ մաքսային միության առջեւ:

Մենք հասկանում ենք, որ Հայաստանը դժվար ընտրությունների առջեւ է կանգնած, մենք հասկանում ենք, որ ընտրությունը պարզունակ ընտրություն չէ քաղաքակրթությունների միջեւ, ինչպես մեզ փորձում են մատուցել, եւ որ ճիշտ կողմնորոշումը պահանջում է բազմաթիվ գործոնների վերլուծություն՝ կապված Ղարաբաղի խնդրի, Հայաստանի անվտանգության համակարգի, տարբեր մաքսային ռեժիմների տնտեսագիտական հաշվարկների հետ: Այդ վերլուծության ճշգրտության համար մեզ պակասում է լրջագույն ինֆորմացիա, որին մենք չենք տիրապետում զուտ այն պատճառով, որ իշխանություն չենք: Բայց մենք նաեւ հասկանում ենք, որ նրան, ով այսօր տիրապետում է այդ ինֆորմացիային, այսինքն՝ Սերժ Սարգսյանի ռեժիմին, այս հարցի լուծումը վստահել չի կարելի, քանի որ նա իր որոշման մեջ ղեկավարվելու է ոչ թե երկրի շահերով, այլ սեփական իշխանության ամրապնդման նկատառումներով: Ուստի մեր մոտեցումը ե՛ւ եվրաասոցացման, ե՛ւ Մաքսային միության խնդրում հետեւյալն է՝ նախ եւ առաջ, պետք է ազատվել Սերժ Սարգսյանի ռեժիմից, ընտրել ժողովրդի իշխանություն, որն այնուհետեւ կկարողանա ճիշտ ընտրություն կատարել, ինչպես նաեւ՝ կատարված ընտրության շրջանակներում առավելապես կպաշտպանի ժողովրդի շահերը: Հենց շնորհիվ այս դիրքորոշման՝ մեզ հաջողվեց խուսափել իշխանության կողմից կազմակերպված արհեստական հարցադրումներից եւ ժողովրդին նորից հանել հրապարակ, որի լավագույն ապացույցն էր Երեւանում դեկտեմբերի 10-ի բազմամարդ երթը: Այնպես որ, հակառակ բոլոր հնարքների՝ դիմադրության շարժումը Հայաստանում պահպանեց պայքարի շարունակման համար անհրաժեշտ ակտիվ զանգվածը, այն կորիզը, որի շուրջ կստեղծվի զանգվածային ընդվզման նոր ալիքը:

Այնուամենայնիվ, 2013-ը Հայաստանի համար ավելի շատ ձեռքբերումների՞, թե՞ կորուստների տարի էր:

— Այդ հարցին շատ հեշտ է պատասխանել. Հայաստանում երբեք խաղաղ պայմաններում որեւէ իշխանության օրոք բնակչությունը չի պակասել: Դա տեղի է ունենում միայն Սերժ եւ Տիգրան Սարգսյանների կառավարման ընթացքում: Նրանց իշխանության ամեն օրը կորուստ է: Ուրեմն՝ մենք ունեցել ենք կորուստների 365 օր:

Եւ ոչ մի ձեռքբերո՞ւմ:

— Ձեռքբերումներ կան. նախ՝ մենք բոլոր ընդդիմախոսներին ապացուցեցինք, որ կարող ենք լինել քաղաքական ուժ, որը ե՛ւ խորհրդարանական է, ե՛ւ շարունակում է ղեկավարել ժողովրդի պայքարը հրապարակում: Հայ ազգային կոնգրեսը լքած կուսակցություններից մեկի ղեկավարը ինձ ժամանակին ասում էր, որ դառնալով խորհրդարանական ուժ՝ մենք կորցնելու ենք ժողովրդի աջակցությունը: Հենց այդպես էլ ասում էր. «Դուք գնացեք խորհրդարան, իսկ մենք ժողովրդի հետ կմնանք հրապարակում»: Ի՞նչ ստացվեց: Մենք գնացինք խորհրդարան եւ մնացինք ժողովրդի հետ հրապարակում, իսկ իր կուսակցությունը ոչ խորհրդարանում է, ոչ էլ հրապարակում: Երկրորդ նվաճումն այն է, որ խորհրդարանում մթնոլորտը հեղափոխվել է, եւ նորից, ի հեճուկս մեր ընդդիմախոսների՝ մենք ապացուցեցինք, որ հնարավոր է խորհրդարանական ուժերի համախմբում եւ միասնական ճակատի ստեղծում հանրապետական ռեժիմի դեմ: Այս առումով, ես ուզում եմ հիշեցնել, թե ինչեր էին խոսում ԲՀԿ-ի մասին  Լեւոն Տեր-Պետրոսյանի 2011թ. նոյեմբերի հայտնի քաղաքագիտական վերլուծության քննադատները: Ամեն քայլափոխին արվում էին հոռետեսական կանխատեսումներ: Այ հիմա տեսեք՝ կմտնեն կոալիցիա: Լավ, կոալիցիա չմտան, բայց հիմա կստեղծեն կեղծ ընդդիմություն՝ նախագահական ընտրություններում: Դա էլ չարեցին, ուրեմն՝ հեսա կսատարեն Սերժ Սարգսյանին: Լավ, էդ էլ չեղավ, բայց ընտրություններից հետո նորից կմտնեն կոալիցա: Ընտրություններից հետո չէ, բայց աշնանը հաստատ կմտնեն: Դա էլ չեղավ, կտեսնեք՝ Գազպրոմի պայմանագիրը երբ բերեն խորհրդարան, ոնց են նրանք կանգնելու իշխանությունների կողքին: Եվ ի՞նչ: Ի՞նչ եղան այդ վայ-մարգարեները, որոնք ծաղրում էին Կոնգրեսին, քննադատում նրան իշխանության մաս կազմող քաղաքական ուժին, «օլիգարխին» «վստահելու» համար: Բայց եթե կարծում եք, որ այս կանխատեսումների տապալման համար այս վայ-մարգարեները ներողություն են խնդրելու Կոնգրեսից, ապա չարաչար սխալվում եք: Նրանք այսօր հայտնվել են ԲՀԿ-ի հետ համագործակցողների առաջին շարքերում: Ոչինչ, կարեւորը՝ մեր տեսակետը հաղթեց, եւ մենք այսօր ունենք խորհրդարանական չորս ուժերի համախմբում, որը թույլ է տալիս քաղաքական պայքարը եւ իշխանության վրա ճնշումները բոլորովին նոր մակարդակի վրա բարձրացնել: Եվ երրորդը՝ բազմաթիվ հարցերի շուրջ՝ լինի դա պարտադիր կուտակային կենսաթոշակային վճարումները, հանրային տրանսպորտի գների ապօրինի բարձրացումը, ապօրինի շինարարության դեմ պայքարը եւ այլն, եւ այլն, ստեղծված նախաձեռնություններն են, որոնք թափ են հավաքում, եւ ինչն ավելի կարեւոր է՝ հասկանալով, որ բոլոր խնդիրների լուծումը կապված է Սերժ Սարգսյանի բռնատիրական համակարգի ապամոնտաժման հետ, սկսել են այս հարցում համագործակցել խորհրդարանական համախմբված ընդդիմության հետ:

—  ԱԺն 2013թ. իր աշխատանքներն ավարտեց գազային համաձայնագրերի շուրջ թեժ սկանդալով: Ձեր խմբակցությունը լուրջ դիմադրություն ցույց տվեց գազային համաձայնագրերի վավերացմանը: Արդյոք չե՞ք կարծում, որ դա կարող է փչացնել ձեր հարաբերությունները Ռուսաստանի հետ:

— Այո, Հայ ազգային կոնգրեսը լրջագույն պայքար մղեց Հայաստանի շահերին հակասող գազային այս համաձայնագրերի դեմ: Եվ ես ձեզ ուզում եմ հիշեցնել, որ, ընդհանրապես, ամբողջ այս «գազային ավանտյուրան» բացահայտվել է հենց Հայ ազգային կոնգրեսի կողմից: 2012թ. հոկտեմբերին ԱԺ լիագումար նիստի ժամանակ կառավարության հետ հարցուպատասխանի ընթացքում ես գաղտնազերծեցի կառավարության գաղտնի որոշումը՝ Հայռուսգազարդի 20 տոկոս հայկական բաժնեմասի վաճառքի մասին, եւ հայտարարեցի, որ այդ որոշումը գաղտնի է պահվելու մինչեւ ընտրական ցիկլի ավարտը: Այն ժամանակ կառավարությունը հերքեց իմ բացահայտումները, սակայն դրանք բոլորը ճիշտ դուրս եկան: Այս ընթացքում Արամ Մանուկյանը մի ամբողջ «գազային թղթապանակ» ստեղծեց՝ համբերատար հավաքելով բոլոր փաստաթղթերը, այդ թվում՝ վերջապես կարողացավ հայթայթել գաղտնի պահով 22 հավելյալ արձանագրությունները, որոնք թեեւ միջազգային համաձայնագրի անօտարելի մաս են կազմել, սակայն Սահմանադրության խախտումով չեն բերվել ԱԺ՝ վավերացման համար: Շնորհիվ այս ջանքերի, բացահայտվեց, որ 2011-13թթ. ընթացքում ռուսական գազի գինը մի քանի անգամ բարձրացել է, թեեւ՝ դա գաղտնի է պահվել հասարակությունից, ինչի հետեւանքով առաջացել է 300 մլն դոլարի անօրինական պետական պարտք: Մենք բացահայտեցինք այս ամենը, եւ դրեցինք սա ԱԺ բերված գազային համաձայնագրերի մերժման հիմքերի մեջ: Հիմա դուք հարցնում եք՝ արդյոք սա չի՞ հակասի ՌԴ-ի հետ ՀԱԿ-ի հարաբերություններին: Նախ՝ մեզ համար առաջնայինը ՀՀ պետական շահն է, եւ մենք պատրաստ չենք որեւէ մեկի հետ լավ հարաբերություններ կառուցել երկրի պետական շահի ոտնահարման հաշվին: Երկրորդ՝ մենք նաեւ հասկանում ենք, որ կատարվածի համար չի կարելի մեղադրել ՌԴ-ին: Ցանկացած պետություն որեւէ բանակցությունում հետապնդում է նախ եւ առաջ իր սեփական շահը: Բնական է, որ ռուսական կողմը ձգտել է հասնել իր շահերի, մասնավորապես, «Գազպրոմի» շահերի առավելագույն բավարարմանն ու պաշտպանությանը: Դա հայկական կողմի պարտականությունն է՝ հետապնդել Հայաստանի եւ նրա քաղաքացիների շահերը: Եվ մենք հենց Հայաստանի իշխանություններին, Սերժ Սարգսյանին եւ նրա կառավարությանն ենք մեղադրում այդ գործը տապալելու, մեր պետական շահերին դավաճանելու համար: Վստահ եղեք, որ եթե այդ բանակցություններում ՌԴ պատվիրակության դիմաց նստած լիներ մի պատվիրակություն, որը շահագրգռված լիներ Հայաստանի պետության եւ նրա քաղաքացիների իրավունքների պաշտպանությամբ, այլ ոչ թե ընտրությունները կեղծելով սեփական իշխանությունը պահպանելով, ապա մենք ԱԺ-ում այսօր բոլորովին այլ փաստաթուղթ կունենայինք:

— Միգուցե իշխանությունները փորձել են, բայց բանակցությունների ժամանակ ցանկալի արդյունք չեն կարողացել ստանալ:

— Եթե այդպես լիներ, նրանք գազի գնի բարձրացումը գաղտնի չէին պահի եւ դեռ 2010-2011թթ. բաց գործարքով  կամրագրեին ՌԴ կողմից գազի մատակարարման նոր գինը: Իհարկե, դրա հետեւանքով միգուցե ստիպված լինեին իշխանություն կորցնել, բայց նոր իշխանությունը արդեն լուրջ խաղաքարտեր կունենար ՌԴ-ի հետ բանակցություններում: Եվ այդ նոր իշխանության հետ ՌԴ-ն ստիպված կլիներ արդեն հաշվի նստել: Խնդիրը հենց այն է, որ այս իշխանությունն ընտրեց ժողովրդի թիկունքում գաղտնի գործարքի կնքումը միայն ու միայն ընտրություններում սեփական վերարտադրությունն ապահովելու նպատակով, ինչը նշանակում է, որ նրանք պատրաստ էին ցանկացած զիջումների, միայն թե պահպանեն իշխանությունը: Տեղի ունեցածն այլ կերպ, քան պետական դավաճանություն, որակել չի կարելի, եւ սրա պատասխանատուն էլ մեկն է՝ Հայաստանի իշխանությունը:

Ինչ վերաբերում է ՌԴ-ի հետ մեր հարաբերություններին, ապա սեփական պետական շահերի պաշտպանությունը երբեք չի կարող հարաբերությունների փչացման պատճառ դառնալ: Հակառակը, լուրջ բանակցողների մոտ դա միայն հարգանքի է արժանանում: Մեր պահվածքը ուղղված է հենց դրան, որ, մի կողմից, մենք հստակ դնենք պետական շահի պաշտպանության խնդիրը, մյուս կողմից՝ հարցը չվերածենք Ռուսաստանին ուղղված մեղադրանքների, ինչով միայն կփչացնենք ՌԴ հետ հարաբերությունները: Ավելին ասեմ, եթե այս իշխանությունները գոնե մի փոքր պետական մտածողություն ունեն, ապա նրանք կարող են օգտագործել այն, ինչ կատարվեց խորհրդարանում՝ պայմանագրերը վերաբանակցելու նպատակով:

 

Արման Գալոյան

 

Նախորդ հոդվածը‘Մարդկանց մտավոր զարգացումը «սպանողները»’
Հաջորդ հոդվածը‘Հրանտ Մաթեւոսյանի կնոջ բաց նամակը Սերժ Սարգսյանին ‘