‘Խաչատուր Քոքոբելյան. Րաֆֆի Հովհաննիսյանի սատարումը կախված է նախընտրական ծրագրից ‘

745

«Նորից եմ կրկնում, որ մանդատը վայր դնելու ոչ մի պայմանավորվածություն չի եղել, իսկ այսօրվա խմբակցության նիստում որոշվել է, որ ես ու Ալեքսանդր Արզումանյանը ֆորմալ առումով մնանք «Ժառանգություն» խմբակցությունում, սակայն ներկայացնենք «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունը», — լրագրողների հետ զրույցում ասաց «Ազատ դեմոկրատներ» կուսակցության առաջնորդ Խաչատուր Քոքոբելյանը:

iLur.am-ի լրագրողի այն հարցին, թե ինչու է ինքը խմբակցության նիստում առաջարկել  խմբակցության ղեկավարի պաշտոնը տալ Զարուհի Փոստանջյանին, Խ. Քոքոբելյանը պատասխանեց, որ հենց սկզբից, երբ ձևավորվել էր խմբակցությունը, ինքը նույն առաջարկությամբ էր հանդես եկել, հիմա էլ կրկնել էր առաջարկը, բայց երկու դեպքում էլ այն մերժվել է:

Անդրադառնալով այն հարցին, թե արդյոք ինքն ու իր ղեկավարած քաղաքական ուժը պատրաստվում են գալիք նախագահական ընտրություններում սատարել Րաֆֆի Հովհաննիսյանի թեկնածությունը, Քոքոբելյանն ասաց, որ նման հարցադրում պարզապես չարժե անել, քանի որ սատարումը կախված է նրանից, թե արդյո՞ք Րաֆֆի Հովհաննիսյանի նախընտրական  ծրագրերը հոգեհարազատ կլինեն «Ազատ դեմոկրատներին»:

Խաչատուր Քոքոբելյանի խոսքով՝ ինքը համակարծիք է ընդդիմության միասնական թեկնածու ունենալու գաղափարին, իսկ թե ում է տեսնում որպես ընդդիմության միասնական թեկնածու՝ դժվարացավ պատասխանել:

««Ազատ դեմոկրատներ» կուսակցությունը պատրաստ է համագործակցել ընդդիմադիր ցանկացած քաղաքական ուժի հետ, մենք հայտ եք ներկայացրել ընդդիմադիր դաշտում, ցանկացած մարդ, ինչ մեսիջներով որ եկել է քաղաքական դաշտ, պարտավոր է այդ մեսիջներին տեր կանգնել և ծառայել Հայաստանի շահերին», — եզրափակեց Խաչատուր Քոքոբելյանը:

Նախորդ հոդվածը‘Միրչա Լուչեսկու. Կցանկանայի, որ «Չելսին» փոշմաներ’
Հաջորդ հոդվածը‘«Բողոքի անատոմիա-2» ֆիլմի գործով անցնող Լ. Ռազվոզժաևը մեղայական է ներկայացրել ‘