‘Խմբագրական. Գազային ղազագիր’

2291

Բոլոր նրանք, ովքեր հայկական կողմից աշխատել են գազային երեք պայմանագրերի վրա, չեն ներկայացնում Հայաստանի շահերը: Ավելի՛ն, նրանց «պայմանավորվածությունների» արդյունքում ի հայտ եկած պայմանագրերը ակնհայտորեն հակասում են Հայաստանի շահերին, դրանք ներկայացնում են միայն ու միայն մի կողմի բացարձակ ու գերակա շահը, հետեւաբար՝ նրանք օտար պետությունների գործակալներ են, իսկ պայմանագրերն էլ` ամբողջական եւ անվերապահ կապիտուլյացիայի մասին ակտեր:

Պայմանագրերում որեւէ խոսք չկա այն մասին, թե ինչ է շահում հայկական կողմը: Թե ինչ է շահում ռուսական կողմը՝ սեւով գրված է սպիտակի վրա, ընդ որում՝ գրված է մի քանի էջով, իսկ ահա հայկական կողմը այս պայմանագրերում հանդես է գալիս բացառապես միայն որպես ռուսական շահի երաշխավորը Հայաստանում: Ընդամե՛նը: «Հայկական կողմը ապահովում է», «հայկական կողմը երաշխավորում է» ոճով: Նույնիսկ զարմանալի է, թե եթե մի կարճ զրույցի ընթացքում հայ իշխանավորներից կարելի է ստանալ այսպիսի նվաստացուցիչ պայմանագիր, ապա ի՞նչն է խանգարել ռուսական կողմին ավելի նվաստացուցիչ պայմաններ դնել: Առավելեւս, որ հայկական կողմը ներկայացնողների համար ակնհայտորեն մեկ էր, թե ինչ է գրված պայմանագրում:

Ռուսական կողմը հանգիստ կարող էր դրույթներ ավելացնել պայմանագրի կետերում առ այն, որ հայկական իշխանությունները պարտավորվում են նաեւ գազի հարցով Հայաստան ժամանող պաշտոնյաներին դիմավորել մի ոտի վրա, 10 անգամ կքանստում կատարել օդանավակայանում, կրել ծաղրածուի գլխարկ ու 10 անգամ էլ բառաչյուն հանել, իսկ ՍԴ անդամներն էլ այդ ընթացքում պետք է սուլեն Բուրունդիի օրհներգը: Հենց այնպես: Բարձր տրամադրություն ապահովելու համար: Միեւնույն է` ինչպես երեւում է արդեն պաշտոնապես հրապարակված (ընդ որում՝ միայն ռուսական կողմից) պայմանագրերից, «մեր բանագնացները» այդ պայմաններին էլ հաստատ կհամաձայնեին: Մի նվաստացում ավելի, մի նվաստացում պակաս:

Այնպես որ՝ ռուսական կողմը բավականին «մարդասեր» է գտնվել` բավարարվելով միայն այսքանով:

Իսկ ընդհանրապես, այս պայմանագրերը, երկու կողմերի հասարակությունները, անկախ՝ երկրների դաշնակցային եւ այլ հարաբերություններից, բնականաբար, նայում են բացառապես սեփական շահերի դիտանկյունից: Եւ այս դիտանկյունից ռուս բանակցողները լիովին արդարացրել են (դեռ մի բան էլ՝ գերազանցել են) սեփական պետության շահերը: Հայկական կողմը հերթական անգամ կատարյալ ֆիասկո է ապրել: Կապիտուլյացիա` տեղում: Առանց որեւէ դիմադրության: Հայաստանի իշխանությունների պարագայում սա նույնիսկ կապիտուլյացիա անվանելն է չափազանցություն: Սա դասական «ղազագիր» է, որը կարող էին ստորագրել միայն ոչ օրինակարգ ճանապարհով իշխանությունը բռնազավթած անձինք: Սա, անշուշտ, սկիզբը չէ, բայց սա նաեւ դեռ վերջինն էլ չէ: Ամեն գնով իշխանության մնալու մոլուցքով ապրող անձինք պարբերաբար նման փաստերի առաջ են կանգնեցնելու ողջ հանրությանը, քանի դեռ իշխանության են: Այսպիսի կապիտուլյացիոն ակտերը ստորագրելու են իրենք, իսկ դրա բեռը, բնականաբար, ընկնելու է, քաղաքացիների ուսերին: Եւ կարծել, թե մի օր նրանք կարող են ուշքի գալ եւ սպասարկել Հայաստանի շահերը՝ կատարյալ միամտություն է: Չի՛ կարող լինել նման բան: Արտաքին եւ ներքին քաղաքական ոլորտներում նսեմացման այս շրջափուլից դուրս գալու միակ ելքը իշխանությունը բռնազավթած անձանց իշխանությունից հեռացնելն է: Սա՛ է ելքը: 

Նախորդ հոդվածը‘Օրվա պատմությունը’
Հաջորդ հոդվածը‘ԱԺ արտահերթ նիստ (ուղիղ)’