‘Խմբագրական. Ինչ է թաքնված Որոտանի ջրերի տակ’

2702

Օրեր առաջ վարչախմբի կողմից «Որոտան» կասկադի վաճառքը ամերիկյան ընկերությանը բուռն քննարկումների առիթ չդարձավ: Այնինչ և՛ քաղաքական, և՛ տնտեսական առումով այստեղ խնդրահարույց շատ հարցեր կան:

Որոտան գետի վրա կառուցված է հիդրոկայանների կասկադ՝ երեք հիդրոկայաններով, ավելի քան 400 մեգավատ հզորությամբ, տարեկան 1,1 մլրդ կվտ-ժամ էլեկտրաէներգիայի արտադրությամբ, և չորս ջրամբարներով (Սպանդարյանի, Անգեղակոթի, Տոլորսի, Շամբի)։ Այն իր արդյունավետությամբ բացառիկ կառույց է, ոչ միայն Հայաստանում, այլև հետխորհրդային ողջ տարածքում, էլեկտրաէներգիան ստացվում է չափազանց ցածր ինքնարժեքով, հետևաբար՝ մեծ է շահութաբերությունը, իսկ շահագործման ծախսերը, մյուս տնտեսական ձեռնարկությունների համեմատ ՝ էականորեն քիչ են (կառավարության «բացատրություններն» այն մասին, որ համակարգի արդիականացման համար անհրաժեշտ է 200մլն դոլար, գոնե այս պարագայում չեն գործում, որովհետև իր բարձր շահութաբերությամբ կասկադն ի վիճակի էր միաժամանակ ապահովել իր արդիականացումը՝ զուգահեռաբար շարունակելով միջոցներ մուտքագրել պետական բյուջե):

Հետևաբար՝ այս գործարքն առաջ է բերում մի շարք հարցեր:

— Ինչո՞ւ է Սերժ Սարգսյանն այսքան խանդավառությամբ և, ըստ էության՝ կոպեկներով վաճառում մի ձեռնարկություն, որը պետության վրա ոչ մի բեռ չէր հանդիսանում և եկամուտներ էր բերում պետական բյուջե:  

— Ինչո՞ւ կասկադի վաճառքի համար չի կազմակերպվել մրցույթ: Ակնհայտ էր, որ նման մրցույթի կազմակերպման դեպքում գործընթացը կլիներ համեմատաբար ավելի թափանցիկ, կգրավեր ավելի մեծ ուշադրություն, իսկ կասկադի վաճառքի գինն անհամեմատ ավելի բարձր կլիներ (մասնագետների գնահատականով՝ կես միլիարդ դոլարից ավելի):

— Ինչո՞ւ է Սերժ Սարգսյանը վաճառում մի ձեռնարկություն, որը Հայաստանի համար ունի ռազմավարական նշանակություն՝ էներգետիկ անվտանգության  առումով: Երբ առանց այն էլ երկրի էներգետիկ համակարգի մնացած հիմնասյուներն արդեն սեփականության կամ կառավարման առումով դուրս են Հայաստանի վերահսկողությունից (սրանում նույնպես Սերժ Սարգսյանի մատը խառն է եղել):

Պատասխան չունեցող այս հարցադրումները բերում են միակ եզրահանգման՝ որ այս վաճառքի հիմքում ևս դրված է «ատկատի» փիլիսոփայությունը, և Սերժ Սարգսյանն ու իր ընտանիքը անձնական շահագրգռվածություն ունեն սրա մեջ: Այլ բանական բացատրություն չի կարող լինել: Սա են ապացուցում նաև վերջին շրջանում իշխանական համակարգից ստացվող ինֆորմացիաները: Մենք շարունակելու ենք ուսումնասիրել այս վաճառքի շուրջ ստացված բոլոր տեղեկությունները և ներկայացնելու ենք այն հանրությանը:

P.S. Վերը նշվածից բացի՝ հետաքրքիր է ևս մեկ հանգամանք: Այսօրվա քաղաքական և քաղաքացիական դաշտի կարկառուն «արևմտամետները», ովքեր չէին իջնում կայքերի գլխավոր էջերից ու նույնիսկ հեռուստաէկրանների հիմնական թողարկումներից ՝ «Հայռուսգազարդի» մնացած բաժնեմասը Ռուսաստանին վաճառելու ժամանակ (որը նույնպիսի հանցագործություն էր, ուղղակի Սերժ Սարգսյանն ու իր կառավարությունն այդտեղ ատկատ չէին կարողացել պոկել)՝ համարելով այն Հայաստանի ինքնիշխանության դեմ կատարված ոտնձգություն, հիմա բերանները ջուր առած-նստած են: Ոչ մի թթու խոսք Սերժ Սարգսյանի ու Տիգրան Սարգսյանի հասցեին: Սրանով նրանք բացահայտում են ինչպես իրենց գործունեության իրական մոտիվացիաները, այնպես էլ իրական տերերին, որոնք նշված են մի քանի տող վերևում:

Նախորդ հոդվածը‘Քաղաքապետարանը հաղորդագրություններ է տարածում, որ քողարկի անգործությունը’
Հաջորդ հոդվածը‘ՀՀ դրամի փոխարժեքը ԱՄՆ դոլարի և ԵՎՐՈ-ի նկատմամբ’