‘Խմբագրական. …Իսկ Հայաստանը կամաց-կամաց դառնում է «ուղեղային մորմոք»’

1497

Ինչ-որ «անտեսանելի» ձեռքով նախանշված ճանապարհից չեն շեղվում. նույն ձեռագիրն է, նույն ոճը, նույն մարդիկ: Չեն հոգնում, չեն ձանձրանում, իրենց արհամարհելի կեցվածքից չեն խորշում. հոգնելու, ձանձրանալու եւ հիասթափվելու դիմաց վճարող չկա: Մեղքի զգացում, ամոթի զգացում, սեփական արտացոլանքի նկատմամբ քամահրանքի զգացում հորիզոնում չեն նշմարվում. նման զգացումներ ունենալու համար, նախ, պետք է պատասխանատվության զգացում ունենային այն պետության նկատմամբ, որի քաղաքացիներն են:

Թվում է` է՞լ ինչ պետք է պատահեր, որ ուշքի գային ու գիտակցեին, որ պետություն կորցնելուց հետո իրենց մեծ-մեծ հավակնությունները պետք է դնեն օտարի ոտքի տակ, եւ եթե փորձեն նրանց գծած սանդղակից վեր-վեր թռչել` մեծամտությունից ծռմռված դնչներին են ուտելու:

Երեւի հասցրեցիք զարմանալ, թե այս ինչ տարօրինակ սպասելիքներ կային այն իշխանություններից, որոնց դավաճանությունն այլեւս ակնհայտ է: Շտապեցիք: Խոսքն ամենեւին էլ սրանց մասին չէ: Այս հանցագործներից ոչ պակաս վտանգավորները կան, եւ սրանք ամենեւին էլ այն անտարբերները կամ 5000 դրամով իրենց իրավունքները վաճառողները չեն: Խոսքը նրանց մասին է, ում վրայով է, կարծես, ձեւվել ու կարվել «սրիկայի վերջին հանգրվանը հայրենասիրությունն է» քանիցս փաստված ճշմարտությունը: Սրանք արեւմտյան արժեքների եւ պետականության անփոխարինելիության մասին ձոներ են հյուսում, սրանք պնդում են, որ մինչեւ ուղնուծուծը գիտակցում են, թե դրանք ինչ անգին արժեքներ են, բայց իրենց քայլերով հենց այդ արժեքներն են յոթ սար ու յոթ ձոր հեռացնում Հայաստանից: Բութ հետեւողականութամբ:

Լավատեսները հույսները չեն կորցնում, համբերությամբ բացատրում ու մատնացույց են անում իրենց այդ տենչանքների մեղավորներին: Չէ, չեն հասկանում ու չեն տեսնում: Հավասարակշռվածները շարունակում են համառել: Ասում են` թանկագին եղբայրներ ու քույրեր, Հայաստանի Հանրապետության իշխանության ղեկին ահա՛ այս հանցագործ խմբակն է բազմած, որը լկտի հետեւողականությամբ վաճառում է այդ անփոխարինելի եւ անգին արժեքները: Ասում են` քաջարի հայրենակիցներ, այդ հրաբորբոք նետերն ուղղեք ձեր տենչանքները թաղողների դավաճան ճակատներին, մի՛ ջլատեք առանց դրա էլ հասարակության հյուծված ուժերը: Օգուտ չկա՛: Ասում են` լսեք, խորախոցված չգնահատվածներ, հետաձգեք անձնական հաշիվներ մաքրելու ձեր մոլուցքը, « էն էլ չըլնի հերվանը, չեմ մոռացել էն բանը» բարբաջելու ժամանակը չէ, յուրաքանչյուր կորցրած օր ավելի ու ավելի է մոտեցնում մեր ինքնիշխանության կորուստը: Զո՛ւր ջանքեր: Անհամբերները զայրանում ու դեմքներին են շպրտում, թե քանի գրամ է կշռում իրենց պառակտված բռունցքը, եւ որ այդ բռունցքի խղճուկությունն է պատճառը, որ հանցագործ իշխանությունները ոչ միայն չեն ընկրկում, այլեւ ավելի բացահայտորեն ու հաճույքով են ի ցույց դնում իրենց հրեշավոր դեմքը:

Եվ ի՞նչ: Ոչի՛նչ:

Չեն շեղվում «անտեսանելի ձեռքով» նախանշված ուղուց: Հերոսանալու համար ընտրված թիրախը կյանքի ու ինչքի համար վտանգավոր չէ. բանտեր ու համազգեստավոր ավազակախմբեր չունի, որ սրանց գազանաբար քարշ տա ոստիկանատներ ու ազատությունից զրկի սրտի ուզածի չափ, լծակներ չունի, որ սրանց ունեցվածքը խլի, աշխատավայրից դուրս շպրտի առանց որեւէ հիմնավորման, իսկ չափից ավելի համառներին պարզապես գնդակահարի որեւէ պատի տակ: 

Սրանց թիրախը չափից ավելի բարեկիրթ է, եւ նրա միակ զենքը կուռ տրամաբանված խոսքն է` հաշվարկված քայլերի զուգակցությամբ: Ու սրանք` իրենց վայրիվերո, ցաքուցրիվ, ճանապարհի տակուգլխից փախցրած ճռճռան «եվրոպամետ» բառակույտերով Հայաստանի օդն են թունավորում, եւ դա հենց այն «գաղջ մթնոլորտն» է, որի պայմաններում լիաթոք են շնչում Հայաստանը վաճառող իրական դավաճանները:

Չե՞ն հասկանում` ինչ են անում սրանք: Միայն անմեղսունակները կարող էին չհասկանալ այդքան դասերից հետո, իսկ սրանք հաստատ անմեղսունակ չեն, որովհետեւ սեփական ճղճիմ շահերի պաշտպանության պարագայում նախանձելի ճարպիկ են: Ի՞նչ են, ուրեմն, առավոտից երեկո հայրենիքի հանդեպ անչափելի սիրո մասին ճառող ու այդ նույն հայրենիքի համար պայքարողների ուժերը ջլատողները: Ծախու սրիկանե՞ր են, որոնց վերջին հանգրվանը հայրենասիրությունն է, թե՞ մանրախնդիր թզուկներ:

Թող իրենք ընտրեն, թե որն են:     

Նախորդ հոդվածը‘Dr. Dre. Կյանքի օրենքները’
Հաջորդ հոդվածը‘ «Ս… արեք դրանց», «կտամ ծնոտդ կպոկեմ», «փոշտի թանաքաման». Հայհոյող պաշտոնյաների ցանկը ‘