‘Խմբագրական. Նոր համախմբում’

2441

Երբ ասում ենք, թե անհրաժեշտ է հասարակական եւ քաղաքական դաշտի համախմբում՝ երկրի առջեւ ծառացած խնդիրները լուծելու համար, երեւի շատերը պատկերացնում են այդ համախմբումը որպես միագույն, խիստ կենտրոնացված միավորում կամ էլ մտածում են, որ միասնությունն ինքնանպատակ է: Իրականում այդպես չէ եւ չի էլ կարող լինել: Նկատի ունենք, նախեւառաջ, այն, որ միասնականությունը չի կարող ո՛չ ինքնանպատակ լինել, ո՛չ էլ արհեստական բնույթ կրել, այսինքն՝ այն չի կարող կայանալ ցանկացած պահի, ցանկացած պայմաններում, ինչ-որ մեկի ցանկությամբ: Հասարակական զարգացման բնականոն օրինաչափություններով պայմանավորված միավորման փուլերին հաջորդում են տարանջատման շրջանները, եւ հակառակը: Այսօրվա մեր հասարակական-քաղաքական դաշտն արդյունք է արդեն 6 տարի առաջ՝ 2007-ի աշնանից ծավալված մեծ համաժողովրդական շարժման: Այդ՝ ժամանակագրորեն արդեն բավականին հեռավոր (2007-ին ծնված երեխաներն արդեն դպրոցական են), բայց քաղաքականապես դեռ չավարտված փուլին բնականորեն հետեւեց տարանջատման շրջանը: Իհարկե, երբ ասում ենք՝ բնականորեն, դա չի նշանակում, թե անհատական կամ նեղ խմբային շահերը կամ էլ ներսից եւ դրսից շարժման պառակտմանն ուղղված քայլերը որեւէ ազդեցություն չեն ունեցել տարանջատման հարցում: Բնականաբար, ունեցել են, այն էլ՝ մեծ դեր: Սակայն հենց այդ անհատական եւ խմբային շահերն էլ նույնպես մաս են բնականոն օրինաչափությունների:

Երբ մի փոքր վերացարկվում ենք ամենօրյա լրահոսային «աշխուժությունից» եւ մեր ներգրավվածությունից այդ աշխուժության մեջ, ապա, հետադարձ հայացք գցելով եւ անցած մի քանի տարիներն ամփոփելով՝ տեսնում ենք, որ Հայաստանի հասարակական դաշտը փոխվել է էապես՝ դեպի լավը թե դեպի վատը՝ ճաշակի հարց է: Այսօր դաշտում առկա ուժերի, խմբերի, անհատների մեծ մասը, անկախ իրենց զբաղեցրած դիրքորոշումներից եւ իրար նկատմամբ վերաբերմունքից, 2008-ի արդյունքներ են: Գոնե, այսպես ասած՝ շարքային անդամների մակարդակով դրանց մեծ մասն ունի ոչ միայն ընդհանուր արժեքային դաշտ (որոշակի սահմաններում), այլեւ ընդհանուր փորձ (թեեւ տարբեր կերպով մեկնաբանված), ընդհանուր լեզու, ընդհանուր հիշողություն, միով բանիվ` ընդհանուր հասարակական-քաղաքական ծննդավայր եւ անձնագիր: Նույնիսկ այն, որ այս պահին, թերեւս՝ ամենաթեժ վեճերն այդ խմբերի ներկայացուցիչների միջեւ են հաճախ տեղի ունենում, ցույց է տալիս ոչ միայն դրանց բաժանվածության, այլեւ ….միասնականության աստիճանը: Ի վերջո, իրար հետ բանավիճել կարող են մեկ լեզվով խոսողները: Մեծ հաշվով՝ վաղուց ոչ մի բանավեճ չկա, ասենք, որեւէ ընդդիմադրի եւ հանրապետականի միջեւ: Խոսելու թեմա չկա, ընդհանուր լեզու էլ չկա, ուրեմն եւ՝ բանավիճելու բան էլ չկա: 2008-ի Հրապարակը վերջին շրջանում ձեւավորեց նույնիսկ իշխանության կողմից վերահսկվող մամուլի լեզուն՝ ե՛ւ անուղղակիորեն, քանի որ իշխանությունը փորձեց յուրացնել այն լեզուն, որն արձագանք էր գտնում մարդկանց մեջ, ե՛ւ ուղղակիորեն, քանի որ Շարժմանը մասնակցած շատերը իքս պահից հայտնվեցին իշխանական համակարգի մեջ՝ այս կամ այն անձնական, խմբային կամ էլ նույնիսկ քաղաքական հաշվարկներից ելնելով: Այս պահին կարեւոր չէ նման վարքի բարոյական գնահատականը (որն ինքնին պարզ է): Կարեւոր է տեսնել 2008-ի Հրապարակի սփռվածության աստիճանը հասարակության մեջ: Չենք խոսում նաեւ այն մասին, որ 2008-ի Հրապարակից դուրս գտնվողներից շատերը նույնպես, ի վերջո, ընդգրկվեցին այդ շարժման արդյունքում ստեղծված նոր հասարակական դաշտում: Այդ իմաստով, որքան էլ իր քաղաքական նպատակներին չհասած, սակայն 2008-ի շարժումն իր կարեւորագույն դրոշմը թողեց անկախ Հայաստանի պատմության վրա: Վստահ ենք, ի դեպ, որ այդ դրոշմը կամ տվյալ դեպքում ասենք՝ սերմը, դեռ ապագայում էլ դեր է կատարելու ու գնալով բացվելու է: Զուտ քաղաքական առումով, սակայն, 2008-ի Շարժումը, որպես այդպիսին, որպես հասարակական լայն համախմբում՝ այլեւս չկա: Սերմն ընկավ հողի մեջ եւ բազմացավ՝ ինքը վերանալով:

Մյուս կողմից էլ՝ նոր համախմբման փուլը հասունանում է: Հասունանում է ոչ թե ինչ-որ մեկի քմահաճույքով, այլ որովհետեւ հասունանում են հասարակական առարկայական պահանջարկն ու պայմանները: Տարանջատման շրջանը մոտենում է սպառման եզրին: Վերջնականապես սպառվում է իշխանական համակարգի ասելիքը, սպառվում են նաեւ իշխանության հետ որոշ շրջանակների կոմպրոմիսային համագործակցության փաստարկները:  Իհարկե, նոր համախմբումը չի կարող եւ չի լինելու նախկինում համախմբված բոլոր ուժերի արհեստական վերամիավորում: Դեռ հակառակը՝ հին միավորումից մնացած շատ ուժեր պարզապես մոռացության են մատնվելու, եթե չասենք՝ նետվելու են պատմության գիրկը՝ նոր միավորման կայացմամբ, որովհետեւ նոր, լայն համախմբումը նոր սահմաններ է գծելու, ինչը ոչ բոլորի հաշվարկների մեջ է մտնում: Այլեւս հնարավոր չի դառնա երկու քարի արանքը մնալ՝ հասունացող քաղաքական իրավիճակը թելադրելու է հստակ կողմնորոշում: Իշխանության խոսքը սպառվել է, մնում է պարզել, թե ինչ ասելիք ունի հասարակությունը: 

Նախորդ հոդվածը‘Վրաստանի նախկին վարչապետի կինը բողոքի ցույց է կազմակերպել’
Հաջորդ հոդվածը‘ԵՄ գագաթնաժողովից առաջ Մերկելը և Օլանդը ճշտել են իրենց դիրքորոշումները’