‘
2008 թվականի այս օրը Մատենադարանին հարող տարածքում մի ուշագրավ իրադարձություն տեղի ունեցավ. մի շարք կուսակցություններ եւ կազմակերպություններ, ինչպես նաեւ ՀՀ առաջին նախագահը՝ որպես անհատ, ստորագրեցին Հայ ազգային կոնգրեսի հռչակագիրը: Այսօր Կոնգրեսը այն տեսքով, որ ստեղծվեց այդ օրը, այլեւս գոյություն չունի: Հռչակագիրը ստորագրածներից շատերը այլեւս Կոնգրեսում չեն, իսկ այդ ուժը այս տարի վերաձեւավորվեց կուսակցության:
Բոլոր նրանք, ովքեր հիշում են այդ օրը, կհիշեն նաեւ այն, որ այդ օրերին էլ, դրանից հետո էլ, իշխանությունները բոլոր հնարավոր քարոզչական մեխանիզմներով նույն տեղեկատվությունն էին տարածում, թե Կոնգրեսն այլեւս չկա: Փաստն այն է, սակայն, որ Հայաստանի ամենալուրջ եւ ամենակազմակերպված ընդդիմադիր ուժն իր ստեղծումից 5 տարի անց էլ գոյություն ունի: Այո, այլ տեսքով, բայց գոյություն ունի: Բնական ու սպասելի էր, որ մարտիմեկյան սպանդից հետո, իսկապես, քանդվելու եւ վերանալու փոխարեն ոտքի կանգնած ուժի դեմ իշխանությունները պետք է հսկայածավալ պայքար սկսեին` մի կողմից քարոզչական առումով «գուժելով Կոնգրեսի մահը», իսկ մյուս կողմից` ջանք ու եռանդ չխնայելով, որ իրենց գույժն իրականություն դառնա:
Հռչակելով Կոնգրեսի ստեղծումը` նախաձեռնողները առաջնահերթ մի շարք խնդիրներ հրապարակ հանեցին՝ որպես նպատակ:
Առաջին խնդիրը քաղբանտարկյալների ազատ արձակումն էր: Երկարատեւ պայքարի արդյունքում 2011-ի մայիսին ազատ արձակվեցին վերջին քաղբանտարկյալները, ինչն, ի դեպ, այն ժամանակ անհավանական էր թվում: Կոնգրեսի հռչակած նպատակներից մեկը սահմանադրական կարգի հաստատումն էր: Հինգ տարի հետո այն, ուղիղ իմաստով՝ դեռ չի իրագործվել: Եթե նպատակը իրագործված լիներ, Սերժ Սարգսյանը հաստատ այլեւս իշխանության չէր լինի: Բայց, մյուս կողմից՝ ակնհայտ է, որ պայքարի այն սերմերը, որոնք ցանվել են տարիներ առաջ, այսօր արդեն տալիս են իրենց պտուղները: Կոնգրեսին դեռ չի հաջողվել հասնել իշխանափոխության եւ սահմանադրական կարգերի հաստատման, սակայն նա կարողացել է կոտրել իշխանության անսասանության, իշխանության մոնոլիտության, անպարտելիության, իշխանության սարսափազդու լինելու կերպարը: Կոնգրեսի ակտիվիստների երկարամյա պայքարի արդյունքում շատ այլ մարդիկ հաղթահարեցին ոստիկաններին ընդդիմանալու, փողոցում մարդկանց հետ խոսելու, նրանց դիմելու, կոչեր անելու, թռուցիկներ բաժանելու վախերը: Եթե սկզբում նրանք սակավաթիվ էին, ապա այժմ այդ վարքը վարակիչ է դառնում: Եւ վերջապես, այս հինգ տարիների ընթացքում Կոնգրեսին միացան շատ երիտասարդներ: Այդ նոր արյունը հաստատ նոր մտքերի, նոր ավյունի, նոր ներուժի հրաշալի գեներատոր կարող է լինել Կոնգրեսի համար. լոկոմոտիվում՝ Առաջին նախագահը, իսկ թիկունքում` երիտասարդները: Սա արդեն այլ թիմ է: Թարմ թիմ է: Սա արդեն երկարաժամկետ եւ հեռահար, հավակնոտ պլաններ ներկայացնող թիմ է: Ուրեմն՝ ոչ մի հետքայլ՝ մինչեւ սահմանադրական կարգի հաստատումը:
‘