‘Խմբագրական. Սերժի թախտն ու ժողովրդի բախտը’

2575

Հոկտեմբերի 24-ի հանրահավաքին ընդառաջ՝ կարեւոր է եւս մեկ անգամ սառը հայացքով դիտել ուժերի դասավորությունը եւ հասկանալ, թե ո՛ր ուղղությամբ են մեզ տանում քաղաքական զարգացման հիմնական միտումները: Որպեսզի ոչ մեկի՝ ո՛չ իշխանության, ո՛չ էլ ընդդիմության բարի կամքի եւ ազնիվ խոսքի հույսին չմնանք, նաեւ՝ խուսափենք ոգեւորություն-հիասթափություն «կախարդական» շրջանի մեջ հերթական անգամ ընկնելու վտանգից, պետք է իրոք սառը, կողմնակի հայացքով փորձենք գնահատել իրավիճակը, այնպես, կարծես դա ոչ թե մե՛զ է վերաբերում, այլ օտար մի հասարակության, կամ, եթե կուզեք՝ օտար մի մոլորակի:

Դիտարկումը բաժանենք երկու մասի՝ ըստ քաղաքական գործընթացի երկու բեւեռների՝ Սերժ Սարգսյանի եւ միացյալ ընդդիմության (քառյակ) դիտակետերի:

Նախ՝ իրավիճակը Սերժի կողմից:

Սերժ Սարգսյանի պատասխանը հոկտեմբերի 10-ի հանրահավաքին եղավ սահմանադրական փոփոխությունների փաթեթի հաստատման հետաձգումը մինչեւ մյուս տարվա սկիզբ, այն հիմնավորմամբ, որ սահմանադրական փոփոխությունների շուրջ անհրաժեշտ է քաղաքական ուժերի ավելի լայն համախմբում: Այս պատասխանը նշանակում է հետեւյալը.

 

ա. Սարգսյանը բավականաչափ քաղաքական ռեսուրս չունի անտեսելու ընդդիմության դաշտում քաղաքական նոր համախմբման ներուժը, եւ նա ընդունում է, որ չի կարող առաջ տանել իր այս պահի թիվ մեկ քաղաքական ծրագիրը նոր իրավիճակում: Նա բացահայտ կերպով ասում է, որ իր ծրագրի իրականացման համար կարիք ունի քաղաքական ավելի լայն աջակցության, քան ինքն այս պահին ունի:

բ. Հետեւաբար՝ առաջ շարժվելու համար ՀՀԿ առաջնորդը նախ պետք է լուծի ընդդիմության՝ քառյակի հարցը: Տեսականորեն՝ այդ հարցը լուծելու համար կարող է լինել երկու տարբերակ՝ 1. ուժային լուծում (նկատի ունենք բռնի ուժը), 2. քաղաքական լուծում (այսպես ասած՝ «դիվանագիտական» ճանապարհ):

գ. Եթե Սերժ Սարգսյանն իր համար հնարավոր տեսներ ուժային լուծման տարբերակը, ապա տրամաբանական կլիներ, որ նա, անտեսելով ընդդիմադիր դաշտի համախմբումը, առաջ տաներ իր ծրագիրը՝ հաստատելով սահմանադրական փաթեթը: Դա ուղերձ կլիներ ողջ քաղաքական դաշտին առ այն, որ Սարգսյանը վստահ է զգում իրեն եւ պատրաստ է ցանկացած զարգացման: Բայց նա ճիշտ հակառակ ուղերձն է հղել: Ճշտենք՝ խնդիրը ոչ թե այն է, որ ՀՀԿ առաջնորդը բարի մարդ է եւ չի ուզում ուժի դիմել (նման բաբոյի հեքիաթները մարտի մեկի թիվ մեկ շահառուի եւ անմիջական պատասխանատուներից մեկի մասին թողնենք բաբոյի թոռնիկներին), այլ այն, որ նա այս պահին վստահ չէ այդ տարբերակի կիրառման իր կարողությանը եւ դրա արդյունավետությանը:

Մյուս կողմից՝ հարցի հետաձգումն ավելի խնդրահարույց է դարձնում ուժային տարբերակի կիրառման հնարավորությունը, քանի որ ուժայինի համար անհրաժեշտ է իշխող խմբի կուռ միասնություն եւ վստահություն առաջնորդի ուժերի նկատմամբ, հրամանների անվերապահ կատարում: Իսկ միասնականության նման աստիճան ոչ միայն չի նշմարվում այսօր, այլեւ դա պակասում է՝ շնորհիվ հենց Սերժի հերթական նահանջի: Իշխող խմբի անդամները շատ լավ տեսնում են, որ իրենց առաջնորդը հետքայլ կատարեց ընդդիմադիր բեւեռի քայլերի ազդեցությամբ:

դ. Բայց խնդիրն այն է, որ Սարգսյանը չունի նաեւ հարցի քաղաքական լուծում, ինչը նույնպես բխում է հենց իր քայլից եւ մամլո խոսնակի մեկնաբանությունից: Քաղաքական առումով Սերժը մեկուսացման մեջ է, քանի որ որեւէ խոշոր քաղաքական ուժ նրան չի աջակցում՝ նույնիսկ այնպիսիք, որոնք Քառյակից դուրս են, բացի ՀՀԿ-ից եւ մասամբ՝ ՀՅԴ-ից: Այս իրողությունն ինչ-որ տեղ զարմանալի բացությամբ ձեւակերպել է հենց ինքը՝ ՀՀԿ առաջնորդը, երբ իր մամլո խոսնակի շուրթերով շեշտել է, որ սահմանադրական փաթեթի անցկացման համար իրեն անհրաժեշտ է ավելի լայն քաղաքական համախմբում: Դե էլ չասած նրա մասին, որ հարցի հետաձգումն ինքնին՝ առանց մեկնաբանության էլ նշանակում է, որ այս պահին քաղաքական ակտիվ քայլ չկա:

ե. Միակ քիչ թե շատ նշմարվող մարտավարությունը Սերժի կողմից հարցի ձգձգումն է, ինչը եւ նա անում է: Ձգձգումը լավ մարտավարություն չէ եւ նույնիսկ եթե որոշակի շահույթներ բերի, ապա դրանք ունեն իրենց գինը: Նախ՝ ձգձգումը նշանակում է, որ նախաձեռնությունը զիջում ես մրցակցին, այսինքն՝ հետագա զարգացոմները կախված են ոչ այնքան քո, որքան մրցակցի քայլերից: Տվյալ դեպքում սա նախաձեռնության ստիպողական, այլ ոչ թե կամավոր զիջում է եւ կարող է արդյունավետ լինել Սերժի տեսակետից միայն այն դեպքում, եթե ընդդիմությունը կոպիտ սխալներ անի, օրինակ՝ կամ ժամանակից շուտ, գործը դեռ ավարտի չհասցրած՝ ավելորդ էյֆորիայի մեջ ընկնի, կամ էլ վճռական փուլ մտնելով՝ տարվի ավելորդ «մանեւրներով»:

Երկրորդ՝ ձգձգումը նշանակում է ինքնավստահության նվազում իշխող թիմում, ինչը հետագա զարգացումներում կարող է արագ փլուզման հիմքը դառնալ:

Երրորդ՝ միակ բանը, որ, փաստորեն, մնացել է Սերժին ձգձգման մարտավարության շրջանակում, ինչպես նշեցինք՝ սպասելն է ընդդիմության կոպիտ սխալների: Պատկերավոր ասած՝ նրան մնում է «նստել թախտին, սպասել բախտին»: Ընդ որում՝ խոսքը պասիվ սպասման, այլ ոչ թե ընդդիմության ներսում ակտիվ դիվերսիոն գործողություններ կատարելու կամ հակաքարոզչությամբ հասարակությանն ընդդիմությունից հիասթափեցնելու իրական հնարավորության մասին է: Ակնհայտ է, որ այն պահին, երբ ընդդիմության նախաձեռնած քաղաքական գործընթացը վերելքի փուլ է ապրում եւ հաջողությունների հասնում, ընդդիմության ներսում լուրջ պառակտումներ առաջացնելը խնդրահարույց է, նույնիսկ՝ եթե գտնվեին պոտենցիալ պառակտվողներ: Ինչ վերաբերում է քարոզչությանը, ապա, չնայած նրան, պետք է խոստովանենք, այս ոլորտի կազմակերպման գործում Սարգսյանի կամ նրա թիմի տաղանդն ու որոշակի արդյունավետությունը, իրական քաղաքական հարցերը զուտ տեխնոլոգիական ճանապարհով լուծելի չեն. տեխնոլոգիան, այդ թվում՝ քարոզչությունը, ընդամենը գործիք են, որոնք կարող են աշխատել կամ չաշխատել իրական քաղաքական բովանդակության դեպքում, բայց իրենք իրենցով մեծ հաշվով ոչինչ են:

զ. Վերջապես, հավելյալ «քաղաքական համախմբվածության» անհրաժեշտության մասին բարձրաձայնելով՝ Սերժը եւս մեկ անգամ փաստացի բանակցությունների առաջարկ է հղում ընդդիմությանը: Պետք է ենթադրել, որ սահմանադրականի հարցում համաձայնության դիմաց նա պատրաստ է լուրջ զիջումների, քանի որ հարցի գինը բարձր է: Սակայն սա արդեն կարելի է համարել հուսահատ առաջարկ, քանի որ Սարգսյանը, գարնանից սկսած՝ արդեն առնվազն երրորդ անգամ է նման ուղերձ հղում ընդդիմությանը՝ առաջին անգամ Տիգրան Սարգսյանի հրաժարականի շրջանում, երկրորդ անգամ՝ հուլիսին, երբ առաջին անգամ հետաձգեց սահմանադրական փոփոխությունների գործընթացի պաշտոնական սկիզբը, եւ երրորդ անգամ՝ այսօր: Ամեն անգամ նա ստացել է փաստացի մերժում, եւ կարծում ենք՝ հերթականը կստանա ամսի 24-ին: Դա ունի իր առարկայական պատճառները, որոնց մասին հիմա ծավալվելու ժամանակ չկա, բայց մեկ նախադասությամբ եթե ձեւակերպենք, խնդիրն այն է, որ սահմանադրականի ընդունումն ընդդիմության կողմից, մեծ հաշվով, քաղաքական մահ է ընդդիմության համար:

 

Հիմա անցնենք իրավիճակին՝ ընդդիմության տեսակետից:

 

ա. Ինչպես պարզ է նախորդ շարադրանքից, նախաձեռնությունը քաղաքական դաշտում այս պահին ընդդիմության ձեռքում է: Ընդդիմությունն է թելադրում օրակարգը, գործողությունների բնույթը, ոճը, տեմպը եւ այլն: Իշխանությունը պատասխանողի դերում է: Ընդդիմության համար այս վիճակն ունի առավելություններ եւ ռիսկեր: Ընդհանրապես՝ նորմալ վիճակը հակառակն է՝ իշխանությունը քաղաքական շախմատի սպիտակներով խաղացողն է, իսկ ընդդիմությունը՝ սեւերով, այսինքն՝ իշխանությունն է նախաձեռնում եւ ձեւակերպում, իսկ ընդդիմությունը պատասխանում է եւ քննադատում: Երբ ընդդիմությունն է հայտնվում նախաձեռնողի վիճակում, դա հնարավոր իշխանափոխության առաջին նշաններից է, որովհետեւ դրանով իսկ ընդդիմությունն արդեն ստանձնում է իշխանական գործառույթներից մեկը: Մյուս կողմից՝ սա, բնականաբար, ավելացնում է պատասխանատվությունը եւ հնարավոր ձախողումն ավելի ցավալի դարձնում, իսկ սխալվելու իրավունքն՝ ավելի փոքր:

բ. Տեսանք նաեւ, որ քաղաքական համախմբման նոր փուլ մտնելով՝ ընդդիմությունն արդեն արձանագրել է մեկ շոշափելի եւ կարեւոր հաջողություն՝ արդեն բազմիցս հիշատակված սահմանադրական փաթեթի հաստատման հետաձգումը, որն անմիջապես հետեւեց ամսի 10-ի հանրահավաքին: Սա հաջողություն է, բայց, իհարկե՝ ոչ վերջնական հաղթանակ: Կարելի է պատկերավոր ասել, որ ընդդիմությունը գոլ է խփել իշխանության դարպասը, բայց ոչ միայն խաղը, այլեւ առաջին խաղակեսը դեռ չի ավարտվել: Այս հաջողությամբ ընդդիմությունը չի հասել իր իսկ կողմից սահմանած նույնիսկ նվազագույն նշաձողին (այլ բան է, որ նշաձողը հենց ընդդիմությունն է բարձր սահմանել): Տվյալ դեպքում՝ նվազագույն կարելի էր համարել սահմանադրական փաթեթի հաստատման ոչ թե հետաձգումը, այլ հրաժարումը: Սա արդեն կարող էր լրջագույն հաջողություն համարվել, քանի որ այդ քայլով Սարգսյանը կհրաժարվեր իր իշխանության վերարտադրման ծրագրից եւ կարող էր, ի վերջո, զուտ սիմվոլիկ ֆիգուրի վերածվել՝ կորցնելով վերջնականապես իր քաղաքական սուբյեկտությունը: Ճիշտն ասած՝ ինքն այժմ էլ այդ ճանապարհին է, ինչպես կարող ենք համոզվել նախորդ շարադրանքից, բայց ժամանակից շուտ պարտված համարել մրցակցին, իհարկե, չարժե, որովհետեւ խաղը շարունակվում է մինչեւ վերջին վայրկյան: Ընդդիմությունը պետք է շարունակի եւ հզորացնի իր ճնշումը՝ նոր եւ վճռական հաջողությունների հասնելու համար:

գ. Ինչպես նշեցի, ընդդիմությունն ինքը սահմանել է իր համար շատ բարձր նշաձող: Այսպես, հոկտեմբերի 10-ի հանրահավաքին հնչեցվեց «ամբողջական իշխանափոխության» պահանջը, եւ դա կոնկրետացավ հետեւյալով՝ 1. հրաժարում սահմանադրական փոփոխություններից, 2. իշխանության խաղաղ փոխանցում արտահերթ ընտրությունների միջոցով: Պարզ է, որ հրապարակայնորեն ներկայացված այսպիսի պահանջներից հետո ընդդիմության մանեւրի կամ, առավել եւս՝ նահաջնի եւ ձգելու դաշտը շատ սեղմվում է: Ընդդիմությունը կարող է մի փոքր դանդաղ կամ մի փոքր արագ տեմպ ընտրել, քայլերի այս կամ այն հաջորդականություն սահմանել, բայց ցանկացած պարագայում գործողությունները պետք է համարժեք լինեն խոսքին: Մյուս կողմից էլ, իհարկե, ընդդիմությունը ոչ մեկին ոչինչ պարտական չէ, բացի ինքն իրենից եւ Հրապարակի ժողովրդից, եւ ինքն է որոշում՝ ի՛նչ անել, ինչպե՛ս անել եւ ե՛րբ անել: Ամեն մեկը պարտավոր է կատարել միայն իր քաղաքական ծրագիրը:

դ. Այսպիսով՝ ընդդիմությունը կարող է այս պահին միայն առա՛ջ շարժվել՝ հստակեցնելով իր պահանջներն ու քայլերը, ինչպես նաեւ ծավալելով եւ ուժեղացնելով ճնշումը, եւ շատ չտարվել այսպես ասած «կրեատիվ»-ով: Դա նախաձեռնությունը սեփական ձեռքերում պահելու լավագույն, եթե ոչ միակ տարբերակն է:

Հրանտ Տեր-Աբրահամյան

 

Նախորդ հոդվածը‘ՖԻՖԱ-ն թույլ է տվել «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսիի մեծարումը’
Հաջորդ հոդվածը‘Միխայել Շումախերի առողջական վիճակը մի քիչ լավացել է’