‘Խմբագրական. Սերժ Սարգսյանը կորցրել է քաղաքական բանականությունը’

2730

Վերջերս քաղաքական տեքստերում Սերժ Սարգսյանի վերաբերյալ մի քանի անգամ հանդիպել է «մահապարտ» որակումը։ Ու դրա մեջ չափազանցություն չկա։

Կա այս բառի մի քանի ընկալում։ Մահապարտները, նախ՝ մարդիկ են, ովքեր, ինչ-որ վեհ գաղափարով տոգորված (հանուն հայրենիքի, գաղափարի, հարազատների), գիտակցված գնում են մինչեւ մահ կռվելու։ Ամենահին օրինակներից մեկը, որ հիշում եմ՝ 300 սպարտացիներն էին։ Ամենաթարմ օրինակներից մեկը մեր պատմության մեջ՝ մահապարտների ջոկատը, որ գնաց Լաչինի միջանցքը պաշտպանելու։ Մահապարտներ են նաեւ նրանք, ովքեր, իրենց կամքից անկախ՝ հայտնվում են ստույգ մահվան հանդիման, տասնապատկված ուժերով ու անզիջում կռիվ են տալիս մինչեւ վերջ։ Եւ, վերջապես, մարդիկ են, ովքեր կատարում են այնպիսի հանցագործություններ, որոնց համար պատասխանատվություն, խստագույն պատիժ է սահմանված, ինչից խույս տալու ելքը տեսնում են ոչ թե նահանջի, այլ նորանոր հանցանքներ գործելով առաջ գնալու մեջ։ Նրանք դատում են սովորական մարդկային բանականությանն ու որեւէ արժեհամակարգի անհարիր՝ բոլորովին այլ կատեգորիաներով։ Դա յուրատեսակ հոգեկան շեղում է, իրականության զգացողության ու ռացիոնալ մտածողության կորուստ։ Իսկ երբ նման մարդիկ նաեւ իշխանության կրող են, ապա դա ամենամեծ պատիժն է որեւէ երկրի ու ժողովրդի համար։ Նրանց իշխանությունն անպայման բռնապետական է, նրանց համար սեփական անձից այն կողմ այլ արժեք գոյություն չունի՝ ո՛չ հայրենիք, ո՛չ ազգ ու ժողովուրդ, ո՛չ ընկեր, ո՛չ գաղափար, ո՛չ անգամ մերձավոր ու հարազատ։ Նրանք պատրաստ են այս ամենը զոհաբերել, մաշել՝ հանուն գերագույն ու միակ արժեքի՝ սեփական անձի ապահովության։ Իսկ այս խնդրի լուծումն այլ կերպ չեն տեսնում, քան իշխանության պահպանումը, եւ դրա կորուստը ստույգ «մահ» են համարում իրենց համար։

Սերժ Սարգսյանն, ահա, այս վերջին տիպի մահապարտներից է։

Ձախողումների ու հանցանքների՝ սեփական ձեռքով հյուսած ու անընդհատ բարդացող սարդոստայնում խճողված, ահա, նրա մոտ աստիճանաբար տեղի է տվել բանական, ռացիոնալ մտածողությունը ու մահապարտի համառությամբ կենտրոնացել մեկ խնդիրի վրա՝ ստեղծել այն մեխանիզմները, որոնց միջոցով հնարավոր կլինի պահպանել իշխանությունը։

Արտաքին աշխարհում նրա այդ մեխանիզմները հայտնի են, ու դրանց սկզբնավորումը նախորդում է նրա պաշտոնավարմանը։ Դրանք այն խոստումներն են, որ նա նախապես տվել, ապա կատարել է՝ ի հաշիվ Հայաստանի ազգային շահերի։ Նկատի ունենք, մասնավորապես, հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման շրջանակներում տխրահռչակ «պատմաբանների հանձնաժողովի» մասին դրույթը (ըստ էության՝ Հայոց ցեղասպանության ուրացումը), Լեռնային Ղարաբաղի խնդրում զիջումները, որ արտահայտված են հայտնի «Մադրիդյան սկզբունքներում», «եվրաասոցացման» պայմանագրին միանալու խոստումը, ինչից, ի մեծ հիասթափություն Արեւմուտքի, ստիպված եղավ հրաժարվել եւ այլն։ Առանց այս խոստումների նա չէր կարող իշխանության գալ, առանց դրանց իրականացման նա չէր կարող պահել բռնազավթած իշխանությունը։ Հավասարակշռությունը պահելու համար այս ընթացքում նա ստիպված եղավ, բնականաբար, նաեւ համարժեք զիջումներ անել Ռուսաստանին, որոնցից վերջինը գազային պայմանագրերն էին։ Ս. Սարգսյանի հետապնդած միակ խնդրի տեսանկյունից ոչ մի նշանակություն չունի, թե ինչպիսին կլինի իր իշխանությունը՝ անկախ երկրի ղեկավարի՞, գավառապետի՞, թե՞ մի գյուղապետի։

Եթե «դրսի» հետ կապված հարցերը լուծվում են սիրաշահման ու զիջումների մեխանիզմներով, ապա Սերժ Սարգսյանի քաղաքականությունը բոլորովին այլ է երկրի ներսում։ Դո՛ւրսը չէ, որ պետք է հաշիվ պահանջի նրա ձախողումների ու հանցանքների համար, այլ Հայաստանի ժողովուրդը։ Նա՛ է, որ կարող է հաշիվ պահանջել իշխանության բռնազավթման, Մարտի 1-ի, 100 հազարավորների արտագաղթի, իրենց կողոպտված հարստության, քաղաքական ձախողումների համար։ Ու, բնականաբար, հենց այդ պատճառով էլ վերջինս պիտի դառնար ու դարձել է այն հակառակորդը, թշնամին, որի դեմ պետք է պայքարել մահապարտի ատելությամբ եւ վճռականությամբ եւ վնասազերծել։

Ճակատային պայքարը, սակայն, մի ամբողջ ժողովրդի դեմ, դատապարտված է, ուստի հաջողության հասնելու համար խնդիր է դառնում վերջինիս սուտ խոստումներով խաբելը, ունեզրկելը, տգիտության մեջ պահելը, իրավազրկելը, արտագաղթի մատնելը, ջլատելը։ Վերջնական ապահովության մեխանիզմների հասնելու համար Ս. Սարգսյանը մահապարտի համառությամբ ձգտում է եւս երկու խնդրի լուծման։ Առաջին՝ դառնալ ոչ թե ամենահարուստ, այլ միակ օլիգարխը, ունենալ ավելին, քան մնացած բոլորը միասին վերցրած։ Այս դեպքում նրա թիրախը, նախ՝ ամբողջ ժողովուրդն է, որին պիտի շարունակի կողոպտել բոլոր միջոցներով (պարտադիր կենսաթոշակային վճարներ, վճարովի կանգառներ, արագաչափեր ու տեսախցիկներ, գների բարձրացումներ եւ այլն), նաեւ՝ մրցակից խոշոր օլիգարխները։ Երկրորդ՝ առավելագույնս մեծացնել իր նման՝ պատասխանատվության ու հանցանքների մեջ մխրճված ու խճճված մահապարտների թիվը։ Եւ այստեղ խոսքը վերաբերում է ոչ միայն պաշտոնյաների, այլեւ գործարարների եւ ընդհուպ՝ մտավորականների։

Ո՞րն է վիճակից դուրս գալու ելքը։

Նկատի ունենք՝ քաղաքական ելքը, քանզի տարերային բռնկումները ու անվերահսկելի հասարակական գործընթացները, որպես կանոն, երբեւէ լավ բանի չեն բերում, անկախ նրանից, թե ինչով են ավարտվում։

Իսկ քաղաքական ելքը այն ճանապարհն է, որը կարող է խնդիրը լուծել հնարավորինս անցնցում եւ հնարավոր նվազագույն կորուստներով։ Իսկ խնդիրը հստակ է՝ հասնել Ս. Սարգսյանի հրաժարականին, ապա, օրինակարգ իշխանության ձեւավորմամբ՝ սահմանադրական կարգի վերականգնմանը։

Անշուշտ, Ս. Սարգսյանը քաղաքական շարժառիթներով հրաժարական չի տա (քաղաքական շարժառիթներ նրա համար վաղուց գոյություն չունեն)։ Նա դա կանի, երբ տեսնի, որ համառելն իր անձի համար հղի է ավելի մեծ վտանգներով, քան հրաժարականը։ Իսկ դրան կարելի է հասնել, երբ, մի կողմից՝ մեծացվի այդ վտանգը (հրաժարականի պահանջով լինի առավելագույն հասարակական համախմբում), մյուս կողմից՝ նա իմանա, որ կամավոր հրաժարականի դեպքում կարող է ունենալ անձի ու գույքի ապահովության հուսալի երաշխիքներ։ Ամենահուսալին, անշուշտ, Ազգային ժողովի որոշմամբ տրված երաշխիքները կլինեն, ինչի մասին էլ խոսում էր Լեւոն Տեր-Պետրոսյանը՝ հոկտեմբերի 30-ին հրապարակած «Սերժ Սարգսյանի հրաժարականն այլընտրանք չունի» հոդվածում (https://www.ilur.am/news/view/20417.html

Այս ամենն, անշուշտ, ռոմանտիկ չէ։ Քաղաքական է՝ պարտադրված այսօրվա իրողություններով։ Իսկ քաղաքականության ու քաղաքական խնդրի հերն անիծվում է, երբ դրա հիմքում ոչ թե հաշվարկ, այլ ռոմանտիզմ ու զգացմունքներ են դրվում։

Սերժ Սարգսյանը մահապարտի կարգավիճակում կորցրել է քաղաքական բանականությունը։ Եթե այդ բանականությունը ու իրեն սպառնացող վտանգի զգացողությունը չի կորցրել հայաստանյան հասարակությունը, ուրեմն՝ կործանման տանող այս ընթացքը կանխելու միջոցը, իրավիճակից ելքը՝ Ս. Սարգսյանի հրաժարականի խնդիրը միակ օրակարգ դարձնելն է եւ դրա շուրջ համընդհանուր համախմբման ապահովումը։

Նախորդ հոդվածը‘Ռուսական բազայի ռազմական փոխադրումների ծախսերը՝ ՀՀ պետական բյուջեից. «ՀԺ»’
Հաջորդ հոդվածը‘Պատահար Սևան-Դիլիջան ավտոճանապարհին. կան տուժածներ’