‘Խմբագրական. Սերժ Սարգսյանի թիմի փլուզումը’

3839

Հայաստանում և նրա շուրջ ծավալվող գործընթացները հետևողականորեն քայքայում են Սերժ Սարգսյանի թիմն ու իշխանության հիմքերը: Իսկ դրան հակազդելու որևէ քայլ Սերժ Սարգսյանը չունի:

Անցյալի «լավ օրերին» Սերժ Սարգսյանը թիմի հնազանդությունն ու մոնոլիտությունը պահում էր հետևյալ մի քանի հիմնական իդեաների վրա.
1.  Որ ինքը վայելում է կատարյալ քաղաքական աջակցություն դրսում: Այս խաղաքարտն իր թիմի համար իրականում աշխատող գործոն էր մինչև 2013թ. կեսերը, մինչև այն պահը, երբ Սերժ Սարգսյանի կառուցած հնգամյա բլեֆը պայթեց իշխանության գլխին, ու Ռուսաստանի քաղաքական ապտակներից հետո Սերժ Սարգսյանը գլխիկոր մտավ Մաքսային միություն: Արդյունքը եղավ այն, որ ծայրաստիճան վատացան հարաբերությունները Եվրամիության հետ, ում համար Սերժ Սարգսյանը մեկ օրում գործընկերոջից դարձավ խաբեբա և «քցող»: Սրանք մեր որակումները չեն, այլ գրեթե բոլոր եվրոպական դիվանագետների, ովքեր սեպտեմբերի 3-ից հետո այլևս այս բնորոշումներով են բնութագրում ՀՀ իշխանությունների վերջին տարիների վարքագիծը: Եվ դա անում են գրեթե հրապարակավ՝ հայաստանյան քաղաքական, հասարակական, լրատվա-փորձագիտական դաշտի ներկայացուցիչների հետ իրենց հանդիպումներում: Սրան զուգահեռ՝ կտրուկ վատացան Սերժ Սարգսյանի հարաբերությունները Ռուսաստանի ղեկավարության հետ, ում շրջանում Սերժ Սարգսյանն սկսեց ընկալվել որպես ռազմավարական հարաբերությունների և հաստատված գործընկերության նկատմամբ դավաճանություն գործած մեկը: Պատասխանն իրեն երկար սպասել չտվեց՝ Ռուսաստանը Սերժ Սարգսյանի պատժելու համար ընտրեց դիվանագիտական մեթոդներից ամենակացնայինը և հրապարակավ նվաստացուցիչը: Դրա գագաթնակետը Պուտինի այցն էր Հայաստան, որի ընթացքում Սերժ Սարգսյանի նկատմամբ քամահրանքն արտահայտվեց գրեթե ամեն ինչում՝ սկսած արարողակարգից, մինչև ստորագրված պայմանագրերի բովանդակությունը: Ու նաև այն, որ Ռուսաստանը չոր հասկացրեց Սերժ Սարգսյանին՝ Սահմանադրության փոփոխման կամ որևէ այլ միջոցով իշխանությունը երկարաձգելու իր ծրագրերի անընդունելիության մասին: 

2. Որ ինքն ունի և կարող է ներգրավել բավարար ռեսուրսներ՝ վարչախմբի ֆինանսական ախորժակը բավարարելու և բոլորի համար ուրախ ու անհոգ կյանք ապահովելու համար: Այս թեզը նույնպես սկսեց հօդս ցնդել տարիների ընթացքում՝ երկու հիմնական պատճառով: Նախ, մի կոնկրետ պահից սկսած՝ Սերժ Սարգսյանը երկրի բոլոր շահութաբեր ոլորտներն սկսեց կենտրոնացնել իր ձեռքում՝ արանքից հանելով վարչախմբի հենարան կամ մաս կազմող քաղաքական կամ տնտեսական ուժերի, այդ թվում՝ իր մերձավոր շրջապատին և մնացածներին աստիճանաբար սկսեց թողնել փշրանքների հույսին կամ ամբողջությամբ սնանկացրեց (Միկա Բաղդասարովը՝ ձեզ օրինակ: Եթե հասցրեց, թող հերթ կանգնեն Սամվել Ալեքսանյանը, Բարսեղ Բեգլարյանը, Հրանտ Վարդանյանը և մնացյալ շատերը): Այս ամենն, իհարկե, վարչախմբի քարոզչության կողմից ներկայացվում էր կոռուպցիայի և օլիգարխիայի դեմ պայքարի գունեղ քողածածկույթով: Իրականում Սերժ Սարգսյանի համար կոռուպցիայի կամ օլիգարխիայի դեմ պայքարը կոռուպցիան և օլիգարխների ողջ կարողությունը յուրացնելն էր, ուրիշ ոչինչ: Այլ բան է, որ վարչախմբի ներսում և շուրջը գտնվող շատերն այս բանը հասկացան, երբ արդեն ուշ էր: Երկրորդը՝ Սերժ Սարգսյանի խոստումն էր թիմին, որ նա ի վիճակի է դրսից ներգրավել պատկառելի ֆինանսական միջոցներ, որ նոր շնչառություն կտար վարչախմբին՝ եկածը մեջ-մեջ անելու և ևս մի քանի տարի Սերժ Սարգսյանի շուրջ համախմբված գործելու: Թե ինչ եղավ արդյունքը՝ արդեն նկարագրեցինք առաջին կետում:

3. Որ ինքը պատրաստ է կանգնել իր թիմակիցների թիկունքին: Այս փուչիկի պայթյունն իրականում վաղուց է տեղի ունեցել, սակայն ամբողջովին գիտակցված է հիմա: Եվ էական չէ, թե իրականում՝ կոնկրետ պահին Սերժ Սարգսյանն իրավացի է եղել (թիմի տեսանկյունից), թե ոչ: Ե՛ւ քրեական տարրերը, ում ազիզ ախպերն էր Սերժ Սարգսյանը, և՛ պետական պաշտոնյաները, և՛ բազում գործարարները, և՛ իրավապահ համակարգի ներկայացուցիչները, ովքեր համարում էին, որ «վիզ են դրել» իրենց պախանի համար 2008թ. ծանր օրերին, դրանից հետո, այսօր իրենց «քցված» են համարում:

Այս ամենն էական էրոզիայի են ենթարկել Սերժ Սարգսյանի հեղինակությունը՝ ինչպես թիմի ներսում, այնպես էլ պետական համակարգի շրջանում: Սրան գումարվել է այն, որ ի վերջո Սերժ Սարգսյանը կրախ ապրեց իր դեմ պայքարող քաղաքական ուժի՝ Հայ Ազգային Կոնգրեսին ջախջախելու հարցում: Կոնգրեսի վրա նետելով քարոզչական, կագեբեական, քաղաքական հալածանքի ու ֆինանսական ահաբեկման գործիքակազմ, որոշ ջլատումներից բացի՝ որևէ արդյունքի չհասավ: Չհաջողվեց նաև իրեն ենթարկեցնել իշխանության հետ հակասություն ունեցող ԲՀԿ-ին, իսկ Դաշնակցության ներսում առավելության հասավ իշխանության դեմ պայքարի կողմնակից թևը: Այս ձախողումներն է՛լ ավելի հեղինակազրկեցին Սերժ Սարգսյանին իր թիմի առաջ: Հիմա դեռ նրանք կժպտան և հավատարմության նշաններ ցույց կտան իրենց պարագլխին, բայց այլևս գտնվում են կա՛մ առնվազն անորոշության ու տագնապի մեջ, կա՛մ էլ արդեն սեփական ջանքերն են գործադրում սպասվող փլուզման պարագայում փլատակների տակ չմնալու համար:

Սերժ Սարգսյանը ցուգցվանգի մեջ է, և սա ախտորոշվել է մի քանի ամիս առաջ՝ Լևոն Տեր-Պետրոսյանի կողմից: Որևէ քայլ, որ փոքր-ինչ կբարելավեր իր դրությունը, չկա: Իշխանությունը քանդվելու է: Հիմա հերթը ընդդիմությանն է՝ անելու այնպես, որ այդ գործընթացը սկսվի հնարավորինս շուտ, տևի կարճ և լինի անցնցում: 

Նախորդ հոդվածը‘Ռուբեն Վարդանյան. Հայաստանի տրանսպորտային պրոբլեմը տնտեսության միայն նեղ պարանոցն է ‘
Հաջորդ հոդվածը‘Ալիևը ԵԱՀԿ-ի նախագահողի հետ քննարկել է Ղարաբաղի հարցը’