‘Խմբագրական. Սերժ Սարգսյանի «Նոյյան տապանը»’

2664

Սերժ Սարգսյանի ստեղծած համակարգը բավականին պարզ է և արդյունավետ՝ այնքանով, որքանով հասարակությունը թույլ է տալիս, որ այն լինի արդյունավետ: Այդ համակարգը կարելի է պայմանականորեն կոչել «երկու ձեռքով շախմատ» կամ էլ յուրահատուկ «Նոյյան տապան», ուր ամեն արարածից մի զույգ կա: «Երկու ձեռքով» ասացինք, բայց եթե ճշտենք փոխաբերությունը, ապա տպավություն կա, որ մեր սիրելի ոչընտիրը նախընտրում է շախմատ խաղալ ինքն իր հետ, այսինքն՝ և՛ սպիտակների, և՛ սևերի կողմից ինքն է շարժում ֆիգուրները կամ գոնե ձգտում է այդ «իդեալին»:

Ինչպես հայտնի է, Սերժ Ազատիչը մի կողմից հենվում է, այսպես կոչված՝ «օլիգարխիայի» վրա՝ ինքը լինելով «օլիգարխների» բուրգի անվիճելի առաջնորդը և «ընտրություններում» հաղթելով «օլիգարխների» տեղական ռեսուրսների շնորհիվ, բայցի այդ՝ յուրաքանչյուր «օլիգարխի» եկամտի մեջ առյուծի փայ ունենալով՝ որպես  «պախան», մյուս կողմից էլ՝ «երկրորդ ձեռքով»՝ նույն այդ եկամուտներից ձևավորված գումարով պահում է ԶԼՄ-ների, գործիչների և այլոց մի բանակ, որն օր ու գիշեր թիրախավորում է նույն «օլիգարխներին» (միշտ «պատահականորեն» մոռանալով դրանց շարքը մտցնել Սերժին ու նրա առավել մերձավորներին՝ Տիգրան Սարգսյան, Միքայել Մինասյան և այլն):

Թարմ օրինակ՝ տրանսպորտի գնի բարձրացման պատմությունը: Ծանոթ լինելով հայաստանյան համակարգին՝ դժվար է կասկածել, որ տրանսպորտի գնի բարձրացման հարցը չի կարող լուծվել առանց ամենաբարձր մակարդակի «քաղաքական» (իրականում՝ պախանական) որոշման: Այլ կերպ ասած՝ երթուղայինի և ավտոբուսի 100 թե 150 դրամ գինը պետք է որոշված լինի Սերժ Սարգսյանի մակարդակով (եթե այլ կերպ լիներ, գինը կարող էր բարձրացվել կամայական պահի, այլ ոչ թե բոլոր ընտրական գործընթացների ավարտից հետո): Էլ չենք ասում, որ ով էլ լինի կոնկրետ գծի գծատերը, ամենայն հայոց Գծատերը պետք է փայի մեջ լինի: Կարճ ասած՝ Սերժը վերադարձնում է իր պարտքը (օրինակ՝ ընտրություններին բարձր տոկոս խփելու համար) գծատերերին, որոնց մեծ մասն իր կուսակցիներն են, նաև, ինչո՞ւ ոչ, ավելացնում է «օբշակի» եկամուտը՝ տրանսպորտային բիզնեսը թափանցիկությամբ աչքի չի ընկնում: Սա՝ մի կողմից:

Մյուս կողմից՝ տիպիկ է Սերժի համակարգի համար, որպեսզի գնի բարձրացմանը զուգահեռ՝ համապատասխան ԶԼՄ-ները, որոնց գուցե ապագայում միանան նաև համապատասխան գործիչները, նոր թափով ծավալում են «հակաօլիգարխիկ» «պայքարը»՝ թիրախավորելով Տարոնից մինչև միջին ու մանր հանրապետական: Սա էլ, առնվազն՝ նրա համար, որպեսզի շատ չթպրտան, այլ իմանան իրենց տեղը: Իսկ ավելի հեռահար մոտիվացիան առանձին թեմա է: «Խեղճ» Տարոնի գլխին հատկապես գալովի է: «Շեֆը» կարծես հատուկ փորձության ենթարկի հատկապես այդ տղուն՝ մի ձեռքով բարձրացնի, մյուսով՝ փչացնի՝ ստուգելով Տարոնի համբերությունը, հավատրմության աստիճանը, դիմանալու չափը (դե նա էլ հո հիմար չէ՝ հասկանում է՝ ում թույլտվությմաբ, եթե ոչ՝ հրահանգով են իրեն փչացնում): Երևի թե սրա հոգեբանական ենթատեքստն էլ պարզ է, եթե հիշենք, թե ում տղան է Տարոն Մարգարյանը, և ինչպես նրա հոր անսպասելի մահվամբ դեպի նախագահական աթոռ իդեալական տրամպլին բացվեց Սերժի համար: Որպես Անդրանիկ Մարգարյանի տղա՝ Տարոնը կարող էր մարմնավորել թեկուզ աղոտ հուշերն այն մասին, որ շատ վաղուց, ասենք՝ «ցրտին ու մթին» ու մի քիչ էլ ավելի ուշ Հանրապետականը դեռ քաղաքական տարր ունեցող կազմակերպություն էր, այլ ոչ միայն բյուրոկրատիայի «կռիշ»: Թերևս, որպեսզի այդ հուշը նույնիսկ աղոտ չլինի, հենց Տարոնին պետք է փչացնել ռեգուլյար ռեժիմով:

Բայց տպավորություն չստեղծվի, թե Տարոնին «արդարացնող» կա՝ ամեն ոք ինքն է ընտրում իր դերն այս կյանքում՝ մանավանդ որ փչացման դիմաց նա ստանում է շատ լավ վճար, և այս սին կյանքում գոնե նյութական խնդիրներ, մեղմ ասած՝ չունի: Ավելի հետաքրքրիր է այս պարագայում հայ «օլիգարխի» ընդհանուր պատկերը: Այս՝ արտաքուստ թափով տղերքի անունը դրել ենք «օլիգարխ», այսինքն՝ իշխանություն («արխ»-ը, հունարեն՝ αρχη, հենց իշպանությունն է) ունեցող, բայց նրանք, որոշ հայտնի բացառությամբ, մլավան փիսոյի պես պատրաստ են դիմանալ շեֆի բոլոր «սև» ու «սպիտակ» խաղերին, անմռունչ և խոնարհ համբերում են ամեն մի կիսագրագետ ջահել վերլուծիստի կամ սովորական աֆերիստի փաստացի հայհոյանքներին իրենց հասցեին՝ իմանալով, թե ում բարձր հովանու տակ է գտնվում ամեն տվյալ սկզբուքնային աֆերսիտ կամ «գլոբալ» ջահել: Այս տղերքը սովորել են փող աշխատել, բայց հոգեբանությամբ մնացել են ճնշված, խեղճ արևելցի, որոնք շահնշահի ցանկացած քմահաճույքին հարմարվելու տարբերակը կգտնեն (կուլիսներում դառը կյանքից բողոքելը հաշիվ չէ) և այս առումով չեն տարբերվում գլուխը կախ, երկու «կապեկ» փող աշխատող ծայրամասային երթուղու մի վարորդից: Նույնը վերաբերում է Հանրապետական կոչված կուսակցությանը, որին Սերժը ժամանակին սեփականաշնորհեց որպես իշխանության հասնելու գործիքներից մեկը, այժմ էլ օգտվում է դրա բոլոր ռեսուրսներից, բայց մյուս կողմից՝ նույն բարձր հովանու ներքո ՀՀԿ-ն ցանկացած նախկին երիտասարդ գրողի համար ինքնահաստատման, իր «սկզբունքայնության» թուրը սրելու փալասն է: Ու ճիշտն ասած՝ այս էժան մելոդրամայում կողմերից ոչ մեկը համակրանք չի առաջացնում:

Սերժն իրոք կառուցել է իր յուրահատուկ Նոյյան տապանը, ուր ամեն արարածից մի զույգ կա՝ իշխանամետներ (դե, սրանք պարզ են) և ընդդիմադիրներ (չափավոր և թունդ տեսակի՝ մատչելի գներով), ռուսամետ և արևմտամետ (բոլորն էլ՝ թունդ տեսակի), ազատական և պահպանողական, կոսմոպոլիտ և ազգայնական, ակտիվիստ և պասիվիստ, օլիգարխ և օլիգոֆրեն…: Բայց հարցը Սերժն ու իր «տապանը» չեն, այլ այն, թե արդյո՞ք հասարակությունն իր մեջ ներուժ դեռ ունի իրավիճակը սթափ գնահատելով, չորը թացից տարբերելով՝ կրկին համախմբվելու, կազմակերպվելու և համակարգի առաջարկած խաղի կանոնները մերժելու՝ սեփական համակարգեր ձևավորելու: 

Նախորդ հոդվածը‘Էդվարդ Նալբանդյանն այսօր կմեկնի Բելգիա’
Հաջորդ հոդվածը‘Վարորդը փորձել է երկաթե գործիքով հարվածել ուղևորին, բայց արժանի հակահարված է ստացել (տեսանյութ)’