‘Խմբագրական. Սերժ Սարգսյան. կառավարում՝ ի հաշիվ և ի վնաս պետության’

2014

Ուշագրավ է, որ արտաքին և ներքին քաղաքական բոլոր տապալումներից անմիջապես հետո (իսկ 2013-ը կարելի է միանշանակ համարել վարչակարգի քաղաքական ծրագրերի տապալման տարի) այժմ նորից, կարծես արխիվից հանած՝ օրակարգային է դառնում հայ-թուրքական կարգավորման խնդիրը, ընդ որում՝ համաձայն մամուլում հայտնված, կարծում ենք՝ ոչ պատահական արտահոսքերի՝ արցախյան հարցի հետ խնդրահարույց կապի մեջ: Սերժ Սարգսյանի վարած (ավելի ճիշտ՝ բոլոր ուղղություններով ձախողած) քաղաքականությունից՝ տրամաբանորեն բխող, իսկ պետության համար՝ ակնհայտորեն վտանգավոր է այս զարգացումը: Ինչո՞ւ: Իհարկե, ինքնին՝ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորո՛ւմը չէ վտանգավոր կամ ոչ վտանգավոր, ինչպես որ ցանկացած քաղաքական գործողություն չի կարող լինել ինքնին ինչ-որ որակների կրող. դրա գնահատականը կախված է այն կոնկրետ իրավիճակից, միջավայրից և ուժերի հարաբերակցությունից, որում այն կատարվում է: Իշխանության բռնազավթման հենց առաջին տարուց Սերժ Սարգսյանի քաղաքականության շեշտը դրվեց արտաքին խնդիրների վրա՝ հասկանալի պատճառներով: Եվ հենց սկզբից էլ իր արտաքին նախաձեռնություններում նա դրսևորեց իրեն որպես ծայրահեղ խաղացող: Ծայրահեղ՝ ե՛ւ այն առումով, որ ամեն կոնկրետ հարցում նա կարծես փորձում էր լինել պապից ավելի կաթոլիկ (պայմանականորեն ասած՝ թուրքից ավելի «թուրք», եվրոպացուց ավելի «եվրոպացի» և ռուսից ավելի «ռուս»), ե՛ւ կտրուկ շրջադարձերի առումով (այս իմաստով Հայաստանի քաղաքականությունը վերջին տարիներին հաճախ հիշեցնում է սառցակալած ճանապարհով արագ քշող հարբած վարորդի «վիրաժները»): Բայց այսօր իրավիճակն ավելի մտահոգիչ է, քան սկզբում էր: Արդեն հիշատակված արտաքին և ներքին տապալումների շարքից հետո հայ-թուրքական հարաբերությունները և Արցախի հարցը փաստացի մնում են Սերժի վերջին խաղաթուղթը, վերջին հնարավորությունը՝ ինչ-որ բոնուսներ շահելու արտաքին աշխարհի հետ իր հարաբերություններում: Ավելորդ է ասել, որ այն թուլացված դիրքերից, որոնցում այժմ գտնվում է Հայաստանի փաստացի ղեկավարը, նա ստիպված է լինելու է՛լ ավելի զիջողական լինել, քան եղել է նախկինում (իսկ մենք պետք է հաշվի առնենք, որ նախկինում էլ նա հայ-թուրքականի պես նուրբ հարցում այնքան ծայրահեղություն և, կարելի է ասել՝ պիոներական էնտուզիազմ էր դրսևորել, որ նույնիսկ հայ-թուրքական խնդիրների կարգավորման ավանդական կողմնակիցների կողմից սկզբունքային քննադատության ենթարկվեց): Եվ այսօր արդեն տեսնում ենք, որ ոչ պաշտոնական լուրերի համաձայն՝ միանգամից հարց է դրվում թուրքական կողմի՝ Արցախում խաղաղապահ գործառույթն իրականացնելու հնարավորության մասին: Որքան էլ ասենք, որ այս լուրերը ոչ պաշտոնական են, ու որքան էլ փորձենք գերզգուշորեն վերաբերվել դրանց իսկությանը, միևնույն է՝ նույնիսկ նման մակարդակում այդպիսի հարց դնելը պետք է ֆանտաստիկայի ոլորտից համարել: Դժվար է պատկերացնել որևէ մեկին, ով չհասկանա, թե թուրքական կողմն ի՜նչ աստիճան «չեզոք» և «անկողմնակալ» խաղաղապահություն կարող է իրականացնել հայ-ադրբեջանական առճակատման գոտում (դեռ մի կողմ թողած միջազգային խաղաղապահության փորձի խնդրահարույց կողմերն ընդհանրապե՛ս): Պարզ է, որ այդքանը հասկանում է նաև Սերժ Սարգսյանը: Նա ո՛չ այդքան հիմար է, ո՛չ էլ՝ ի ծնե դավաճան: Իհարկե, անհատական առանձնահատկությունները, հատկապես, կարծես՝ խաղամոլությունը, որոշակի հետք թողնում են իրավիճակի զարգացումների վրա, բայց հիմնականը ոչ թե անձնական, այլ առարկայական գործոններն են: Սերժ Սարգսյանն ի ծնե դավաճան չէ, և չի էլ ուզենա այդպիսին մնալ պատմության մեջ, բայց առարկայական հանգամանքների բերումով՝ նա կարող է չափից ավելի մոտենալ վտանգավոր եզրագծին: Եվ այն, որ խնդիրը ոչ այնքան անհատական, որքան առարկայական գործոններն են, է՛լ ավելի մտահոգիչ են դարձնում իրավիճակը: Հայտնվելով իր համար անելանելի թվացող իրավիճակում՝ Սերժ Սարգսյանն անցել է հայրական տան վերջին՝ անձեռնմխելի պաշարների մսխմանը: Դրանով նա, մի կողմից՝ նախանշում է իր վիճակի իրոք բարդ լինելը, մյուս կողմից՝ կամավոր չհեռանալու իր վճռականությունը՝ նույնիսկ ի հաշիվ պետությանը հասցվելիք բացահայտ վնասի: 

Նախորդ հոդվածը‘Կիևի քաղաքապետը պաշտոնից հեռացվել է «Եվրամայդանը» ցրելու համար’
Հաջորդ հոդվածը‘Արամ Կարապետյանը միաձայն վերընտրվել է «Նոր Ժամանակներ» կուսակցության նախագահ’