‘Խորհրդարանականները տեղյակ չեն Սերժ Սարգսյանի ստեղծած աշխատանքային խմբի մասին’

918

Երեկ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հայտարարել էր, թե «անցյալ տարվա խորհրդարանական ընտրությունները դրական են գնահատվել միջազգային կառույցների կողմից, որոնք նաև համապատասխան առաջարկություններ են արել ընտրական գործընթացները բարելավելու նպատակով: Այդ առաջարկությունների իրագործման համար անցյալ տարվա օգոստոսին Սերժ Սարգսյանի որոշմամբ ստեղծվել է հատուկ աշխատանքային խումբ, որի կողմից արդեն իսկ կարևոր աշխատանք է կատարվել»:

iLur.am-ը խորհրդարանական խմբակցությունների ներկայացուցիչներից հետաքրքրվեց, թե առհասարակ տեղյա՞կ են նման խմբի գոյության ու դրա գործունեության մասին:

ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանն ասաց, թե առաջին անգամ է լսում այդ մասին:

Հայ ազգային կոնգրես խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը ևս iLur.am-ին հայտնեց, թե տեղյակ չէ նման աշխատանքային խմբի գոյության մասին:

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանն ասաց, թե մեր նշած աշխատանքային խմբից տեղյակ չէ:

«Ես չեմ բացառում, որ նման աշխատանքային խումբ կա, բայց ինքս այդ խմբի հետ չեմ աշխատել: Գուցե իմ խորհրդարանական աշխատանքին չի առնչվել, դրա համար տեղյակ չեմ, բայց խմբի աշխատանքի մասին ես տեղեկատվություն չունեմ»,- ասաց Զոհրաբյանը:

«Օրինաց երկիր» խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանն, ի պատասխան մեր հարցին, թե ինչպես է գնահատում այդ աշխատանքային խմբի գործունեությունը, խոսեց Ընտրական օրենսգրքի բացթողումների, փոփոխությունների ու ընտրությունների ընթացքի մասին: Նա նշեց, թե ընտրական խնդիրներով իրենց խմբակցությունից մասնակցում է Հովհաննես Մարգարյանը: Սակայն տիկին Բիշարյանը դժվարացավ ասել՝ Մարգարյանն ընդգրկված է այդ խմբում, թե ոչ: 

Նախորդ հոդվածը‘Ինչպես են արտադրվում հայկական գորգերը (ֆոտոռեպորտաժ)’
Հաջորդ հոդվածը‘ԱՄՆ պետդեպը ողջունել է Սիրիայի իսլամիստներին՝ ավիաբազան գրավելու կապակցությամբ’