‘
ՀՀԿ փոխնախագահ Գալուստ Սահակյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ուշագրավ հայտարարություն է արել` նշելով, թե «Սերժ Սարգսյանի վարկանիշն ավելի բարձր է, քան Հանրապետականինը»:
«Էնքան բարձր ա, որ Սերժ Սարգսյանը նորից նախագահ կլինի», — ասել է Սահակյանը:
Շատ հետաքրքիր «մտքեր» է հայտնում Գալուստ Սահակյանը: Ու չնայած անմեկնելի են Գալուստ Սահակյանի մտքերը, այնուամենայնիվ՝ փորձենք մի փոքր խորանալ դրանց մեջ, գտնել դրանց տրամաբանությունը: Սահակյանն, իհարկե, իր էությանը հարիր՝ ուղղակի հերթական անգամ փորձել է քծնել Սարգսյանին, բայց դա չէ էականը: Էականն այն է, որ հանուն այդ քծնանքի՝ Գալուստ Սահակյանը, ով, համենայնդեպս, ինքն իրեն համարում է ՀՀԿ-ի հնաբնակներից, պատրաստ է այդպես հեշտությամբ, «լեզվի մի քանի շարժումով» տրորել սեփական կուսակցության վարկանիշը, հանուն մի մարդու, ով ընդամենը մի քանի տարի առաջ է միացել ՀՀԿ-ին: Սակայն, սա էլ մի կողմ թողնենք: Եթե Սահակյանի ասածից հանենք քծնանքն ու նայենք պարզ տրամաբանությամբ, ապա բնական հարց կառաջանա` էլ Սերժ Սարգսյանի ինչի՞ն է պետք Հանրապետական կուսակցությունը, եթե ինքն առանց ՀՀԿ-ի էլ կարող է «նախագահ դառնալ»:
Փաստորեն, նժդեհական այս կուսակցությունը, ըստ Գալուստ Սահակյանի տրամաբանության, ընդամենը բեռ է Սարգսյանի համար, Սարգսյանն իր «ուսերին շալակած տանում է» այդ կուսակցությունը, ինչը հանգիստ կարող է եւ չանել: Այդ դեպքում հարց է առաջանում, ինչի՞ է Սարգսյանը մնում ՀՀԿ-ում, առավելեւս, որ տարիներ առաջ ինքն էր հայտարարում (https://www.ilur.am/news/view/2108.html), թե բացառված է, որ ինքը երբեւէ դառնա որեւէ կուսակցության անդամ, քանի որ «բախտ է ունեցել» լինելու կոմունիստների կուսակցության գործիչ եւ բավականին լավ է ուսումնասիրել «կուսակցությունը եւ ժողովուրդը միասնական են» կարգախոսի էությունը, եւ որ «նմանօրինակ ամբոխավարությունը զզվանք է առաջացնում իր մեջ»: Կամ, նորից՝ ըստ նույն տրամաբանության, Սարգսյանն ընդհանրապես կարող էր չմտնել ՀՀԿ:
Սակայն ի՞նչ պիտի աներ այդ պարագայում Սերժ Սարգսյանը: Մարդ, որ երբեւէ իր շուրջը թիմ չի ունեցել, համախոհներ չի ունեցել, հետեւորդներ չի ունեցել: Նա զրոյից ոչինչ չի ստեղծել, հենց այդ պատճառով էլ ընդամենը եկել եւ մտել է արդեն իսկ գոյություն ունեցող, պատրաստի մի թիմի մեջ եւ այն ուղղակի «իրենով» է արել: Ընդամենը: Ու այսքան տարիներ անց Սարգսյանը նորից նույն վիճակում է: Ու եթե չհաշվենք նրա փեսա Միքայել Մինասյանին, ապա կարելի է ասել, որ իրականում՝ ինչպես նախկինում, այսօր էլ Սարգսյանը քաղաքական թիմ կամ համախոհներ ուղղակի չունի: Իսկ ՀՀԿ-ն ընդամենը այն քողածածկույթն է, որով Սարգսյանը պետք է տպավորություն ստեղծի, թե ինքը թիմ ունի: Սարգսյանը, իհարկե, երբեք էլ մոլի նժդեհական չի եղել, ու հազիվ թե երբեւէ լինի, պարզապես այդ պահին այդպես է պետք եղել, նա էլ «անդամագրվել» է ՀՀԿ-ին եւ դարձել այդ կուսակցության «առաջնորդը»: Դա միշտ էլ բոլորի համար ակնհայտ է եղել:
Իսկ եթե շարունակենք շարժվել Գալուստ Սահակյանի տրամաբանությամբ, ապա Սահակյանի հայտարարությունից հետո Սերժ Սարգսյանը կամ ուղղակի պետք է լքի ՀՀԿ-ի շարքերը` սեփական ուսերին այդ ծանր բեռն այլեւս չտանելու համար, կամ էլ` ուղղակի պետք է փակել տա այդ կուսակցությունը, չէ՞ որ ինքն առանց ՀՀԿ-ի էլ կարող է անել այն, ինչի համար ի սկզբանե «անդամագրվել էր» ՀՀԿ-ին, էլ ՀՀԿ-ն ինչի՞ն է պետք:
Պարգեւ Ապրեսյան
‘