‘Կառավարության կողմից ընդունվել է բյուջեի վերաբերյալ ԱԺ ներկայացրած առաջարկների միայն 16 տոկոսը’

741

ԱԺ-ում 2013 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկումների արդյունքում կառավարությունը մշտական հանձնաժողովներից և պատգամավորներից ստացել է 406 առաջարկություն: Առաջարկություններով հանդես են եկել ինչպես հանձնաժողովները, ֆրակցիաները, այնպես էլ անհատ պատգամավորները: Ինչպես հայտնում է iLur.am-ի թղթակիցը, այս մասին այսօր կառավարության հերթական նիստի ժամանակ հայտարարեց ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանը:

«Բարձրացված հարցերի հիմնական մասը վերաբերում է տարբեր նպատակների ֆինանսավորման համար հատկացումների նախատեսմանը կամ որոշ դեպքերում՝ գումարների ավելացմանը, ինչպես նաև որոշակի ծախսատեսակների վերաբաշխմանը: Կան նաև ընդհանուր բնույթի հարցադրումներ, որոնք վերաբերում էին ոչ թե բյուջետային ծախսումներին, այլ սոցիալ-տնտեսական քաղաքականությանը»,- ասաց Գաբրիելյանը:

Նրա խոսքով՝ համապատասխանաբար առաջարկները եկամուտների ավելացման մասով կազմում են 137.6 միլիարդ, իսկ ծախսերի ավելացման մասով՝ 411 միլիարդ: Առաջարկվել են ծախսեր սոցիալ-մշակութային և գիտության ոլորտում՝ շուրջ 281 միլիարդ դրամ, տնտեսության ճյուղերում՝ շուրջ 44.7 միլիարդ դրամ, պետական հատվածի աշխատողների աշխատավարձի բարձրացման համար՝ 76 միլիարդ դրամ, ԼՂՀ-ին գումարներ՝ տարաբնակեցման համար՝ 10 միլիարդ դրամ, պետական կառավարման ապարատի պահպանման ծախսերի համար՝ 800 միլիոն դրամ, այլ ոլորտներում ծխասերի կրճատում՝ 1 միլիարդ 300 միլիոն դրամ:

«Ներկայացված առաջարկությունները մանրամասն քննարկվել են նաև պառլամենտական առանձին ֆրակցիաների հետ, մասնավորապես՝ կառավարությունում տեղի են ունեցել հանդիպումներ ՀՅԴ-ի, «Ժառանգության» ֆրակցիայի և ՀԱԿ-ից ամենաակտիվ պատգամավորի, որը տվել է մեծ քանակությամբ առաջարկներ բյուջեի վերաբերյալ՝ պարոն Բագրատյանի հետ, ներկայացված առաջաարկությունների քննարկման արդյունքում կառավարությունն ամբողջությամբ կամ մասնակի ընդունել է թվով 67 առաջարկություններ կամ ներկայացված առաջարկությունների 16 տոկոսը»,- նշեց նախարարը՝ հավելելով, որ ևս 207 առաջարկությունների ընդհանուր թվի 51 տոկոսին տրվել են պարզաբանումներ, կամ կառավարությունը հնարավոր է գտել դա քննարկել առաջիկա տարիների բյուջետային գործընթացների շրջանակներում, և ընդունելի չի համարել 137 առաջարկություն:

Գաբրիելյանի խոսքով՝ Ազգային ժողովի առաջարկությունների բավարարումը որոշ չափով հանրավոր է դարձել արդեն իսկ պետական բյուջեում նախատեսված ծախսային ծրագրերի վերաբաշխման շնորհիվ:

Նախորդ հոդվածը‘Թուրքիան սեփական արտադրության ավիակիր կունենա’
Հաջորդ հոդվածը‘Վարչապետն առաջարկում է տուգանված մեքենաների վարորդներին SMS ուղարկել’