‘Կառավարությունը առաջարկում է օրենքի լրացում, ըստ որի՝ ամուսնանալ կկարողանան նաև 16 կամ 17 տարեկանում’

908

Կառավարությունը լրամշակել է ՀՀ ընտանեկան օրենսգրքում ամուսնական նվազագույն տարիքի հետ կապված փոփոխություն կատարելու մասին իր օրենսդրական նախաձեռնությունը:

Նախնական տարբերակը, որով առաջարկվում էր կանանց և տղամարդկանց համար ամուսնության տարիք սահմանել միևնույն` 18 տարեկանը, նախորդ տարի բավականին բուռն քննարկման առիթ դարձավ: Դրանով պայմանավորված` Ազգային ժողովի Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովը նախաձեռնեց ընդլայնված խորհրդարանական լսումներ: ՀՀ արդարադատության նախարարության ներկայացուցիչն էլ ներկաներին վստահեցրեց, որ օրենսդրական նախաձեռնությունը կլրամշակվի, հայտնում է Փաստինֆոն:

2012-ի տարեվերջին կառավարությունը Ազգային ժողով է ներկայացրել ՀՀ ընտանեկան օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին օրինագծի վերանայված տարբերակը: Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովը հունվարի 29-ի նիստում պետք է քննարկի օրենսդրական նախաձեռնությունը նստաշրջանի օրակարգի նախագծում ընդգրկելու վերաբերյալ ԱԺ-ին եզրակացություն ներկայացնելու մասին հարցը:

Ըստ ԱԺ կայքէջում տեղադրված նախագծի, ՀՀ ընտանեկան օրենսգրքում առաջարկվում է ամրագրել, որ ամուսնության կնքման համար անհրաժեշտ են ամուսնացող տղամարդու և կնոջ փոխադարձ կամավոր համաձայնությունը և նրանց ամուսնական` տասնութ տարեկան տարիքի հասնելը:

Որպես բացառություն առաջարկվում է ամրագրել, որ անձը կարող է ամուսնանալ նաև 17 տարեկանում, եթե առկա է նրա ծնողների, որդեգրողների կամ հոգաբարձուի համաձայնությունը:

Անձը կարող է ամուսնանալ նաև 16 տարեկանում, եթե առկա է նրա ծնողների, որդեգրողների կամ հոգաբարձուի համաձայնությունը և ամուսնացող մյուս անձը առնվազն 18 տարեկան է:

Միաժամանակ` «Քաղաքացիական կացության ակտերի մասին» օրենքում կառավարությունն առաջարկում է լրացում, ըստ որի, եթե ամուսնացող անձը 16 կամ 17 տարեկան է, ապա ամուսնության պետական գրանցման համար անհրաժեշտ է ամուսնացող անձի ծնողների, որդեգրողների կամ հոգաբարձուի՝ նոտարական կարգով հաստատված կամ ՔԿԱԳ մարմնում տրված գրավոր համաձայնությունը:

Նախորդ հոդվածը‘Դավոսի փոխարեն՝ Ծաղկաձորում անցկացվող «Կամուրջ» տնտեսական համաժողովը ‘
Հաջորդ հոդվածը‘Բիզնես կարգի մի տոմսը՝ իմ միակ պահանջն էր. Գևգեոզյանը հրաժարվել է միանալ Հայաստանի հավաքականին ‘