‘Կառավարությունը ցանկանում է վերականգնել Սեւանի ձկան պաշարը, բայց ոչ ի հաշիվ ՀԷԿ-երի’

703

ՀՀ կառավարությունը որոշել է հիմնադրել Սևանի իշխանի պաշարի վերականգնման և ձկնաբուծության զարգացման հիմնադրամ, որտեղ ՀՀ անունից հանդես գալու լիազորությունը վերապահվել է կառավարության աշխատակազմին:

«Ծրագիրն իրականացվելու է պետություն-մասնավոր համագործակցության միջոցով: Պետք է հրավիրել նաև շահագրգիռ գործարարների ուշադրությունը, որպեսզի նրանք համագործակցող կողմ դառնան, ինչի հնարավորությունն այս նախագիծը տալիս է», — կառավարության լրատվական ծառայության փոխանցմամբ, ասել է վարչապետ Տիգրան Սարգսյանը:

Միեւնույն ժամանակ կառավարությունը բացասական եզրակացություն է տվել ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանի ներկայացրած «Սևանա լճի մասին» օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու օրինագծին:

Պատգամավորն առաջարկել է ձկների ձվադրման ընթացքում կասեցնել Սևանա լիճ թափվող գետերի վրա կառուցված հիդրոէլեկտրակայանների աշխատանքը:

Կառավարության եզրակացության համաձայն, քանի որ մանրաձկան ձևավորման և զարգացման փուլը կրկնվող, շարունակական գործընթաց է, իրականում ՀԷԿ-երի աշխատանքը ոչ թե կկասեցվի, այլ կդադարեցվի: Գործադիրն ընդունելի է համարել բնապահպանական միջոցառումներ չիրականացնող ՀԷԿ-երի աշխատանքի դադարեցումը, ինչպես նաև լճի անմիջական ազդեցության գոտում նոր ՀԷԿ-երի կառուցման արգելումը, սակայն ներկայացրել է նաև մի շարք առարկություններ: Օրինագիծն այս տեսքով կառավարությունն անընդունելի է համարել:

Նախորդ հոդվածը‘Փորձագետ. Դողու Փերինչեկին արդարացնող վճռով ՄԻԵԴ-ը հրաժարվել է ճանաչել Ցեղասպանության փաստը’
Հաջորդ հոդվածը‘Կառավարությունը 10 տոկոսով ավելացրել է զինծառայողների աշխատավարձերը’