‘ԿԸՀ-ը արձագանքում է. Որակավորման համար դիմած քաղաքացիները խնդիրներ չունեն’

1753

ԿԸՀ-ը արձագանքել է Արմեն Օհանյանի «Ֆեյսբուք»-ում արած գրառմանը, որում քաղաքացին նշել էր, որ Հանձնաժողովը անտեսել է տեղամասային հանձնաժողովի անդամ դառնալու թույլտվության համար իր տված քննության արդյունքները:

 ԿԸՀ-ն պաշտոնական պարզաբանման մեջ նշում է, որ Ընտրական հանձնաժողովների անդամության թեկնածուների որակավորման դասընթացներն անցկացվել են  2012 թվականի հունիսի 23-30-ը:

«Ընդհանուր առմամբ ներկայացված է եղել 3421 դիմում: «Հայ ազգային կոնգրես» կուսակցությունների դաշինքի լիազոր ներկայացուցչի կողմից ներկայացված է եղել 611 դիմում, իսկ դաշինքի անդամ Հայոց համազգային շարժում կուսակցությունից՝ 462 դիմում: Դասընթացների անցկացման վայրի և ժամանակի մասին տեղադրվել է տեղեկատվություն ինչպես ԿՀԸ կայքում` ըստ ձևավորված խմբերի, այնպես էլ դիմումները ներկայացրած ՀԱԿ լիազոր անձին տեղեկացվել է դասընթացների կազմակերպման վայրի և ժամանակի մասին: 

«Հայ ազգային կոնգրես» կուսակցությունների դաշինքի կողմից ներկայացված 611 քաղաքացիներից դասընթացին մասնակցել են 300, որոնցից 243 դրական են հանձնել ստուգարքը և ստացել որակավորման վկայականներ, իսկ Հայոց համազգային շարժում կուսակցության ներկայացրած 462 քաղաքացիներից դասընթացին մասնակցել են 257-ը, որոնցից 233-ն են դրական հանձնել ստուգարքը` ստանալով վկայականներ:

Նշվածից միայն ակնհայտ է, որ քաղաքացի Օհանյանի դատողությունները՝ կապված ՀԱԿ անդամների որակավորման վկայականներն արհեստականորեն չտրամադրելու հետ, արդեն իսկ հորինվածք են և որևէ առնչություն չունեն իրականության հետ:

Ի դեպ, որակավորումը բացասական հանձնած դիմորդներից և որևէ մեկի կողմից անգամ բանավոր բողոք չի ներկայացվել:

Ինչ վերաբերում է քաղաքացի Օհանյանին, ապա հիշեցնենք, որ 0020 խմբում, որում ընդգրկված էր ինքը, դասընթացը տեղի է ունեցել 27.06.2012թ.: Նշված խմբում ընդգրկված 21 քաղաքացիներից դասընթացին մասնակցել են 12 քաղաքացիներ, որոնցից 9-ը դրական են հանձնել ստուգարքը: Քաղաքացի Օհանյանը, որը չի հիշում անգամ դասընթացի անցկացման օրը, նշված դասընթացին չի մասնակցել:

Ինչպես քաղաքացի Օհանյանի, այնպես էլ ՀԱԿ կողմից ներկայացված հայտերով բոլոր բացակայած քաղաքացիների վերաբերյալ տեղեկությունները 23.07.2012թ.-ին էլեկտրոնային նամակով ուղարկվել են դաշինքի լիազորված անձին, ում կողմից ներկայացված էին եղել հայտերը:

Ստուգարքների վերաբերյալ ամբողջ տեղեկատվությունը զետեղված է եղել կենտրոնական ընտրական հանձնաժողովի կայքում: 

Քաղաքացի Օհանյանը ահազանգել է կենտրոնական ընտրական հանձնաժողովին միայն 21.01.2013թ-ին: Այսինքն, իր ենթադրյալ մասնակցության օրվանից գրեթե 7 ամիս հետո:

Տրամաբանական հարց է առաջանում, եթե ինչպես ինքն է նշում, մասնակցել է դասընթացներին, ապա ինչու՞ մինչ այժմ երբևէ չէր մտաբերում իր «մասնակցության» մասին,  ինչու՞ չէր փորձում պարզել իր վկայականը չստանալու պատճառները. իհարկե այն պարզ պատճառով, որ չէր մասնակցել նշված դասընթացին», — ասվում է ԿԸՀ պարզաբանման մեջ:

Նշվում է նաեւ, որ նոր ընտրական օրենսգրքի ընդունումից հետո կազմակերպված դասընթացներին ընդհանուր առմամբ մասնակցելու համար ներկայացված է եղել 62.256 հայտ, դասընթացներին մասնակցել են 43.791 քաղաքացիներ, որոնցից 40.084  կամ որ նույնն է 91.5%-ը ատացել են որակավորման վկայականներ, և որևէ քաղաքացու կողմից որևէ գրավոր կամ բանավոր բողոք չի ներկայացվել և որևէ դժգոհություն չի հայտնվել:

Նախորդ հոդվածը‘Ի՞նչ քայլեր է ձեռնարկում ԵԽ-ը ՀՀ քաղբանտարկյալների իրավունքների պաշտպանության ուղղությամբ’
Հաջորդ հոդվածը‘Ուստա Հրանտ. Սևերով խաղը 2. հասկանալու խնդիրը’