Կիևը Մոսկվային առաջարկում է տեղափոխել զոհվածների մարմինները

135

Կիևը կրկին Մոսկվային առաջարկել է տեղափոխել զոհված զինծառայողների մարմինները։

Այդ մասին ռազմա-քաղաքացիական համագործակցության ղեկավար Վլադիմիր Լյամզինը հայտարարել է սառցարան-վագոնները բեռնելիս, որոնք օգտագործվում են որպես դիարաններ։

Գնացքները նախապատրաստվել են դեռևս մարտ ամսին, սակայն, ինչպես հայտնել են Ուկրաինական երկաթուղում, դրանք չեն պահանջվել։

«Այստեղ մի քանի հարյուր դի է պահվում։ Նման շարժակազմեր մի քանիսն են Ուկրաինայի տարածքում։ Դրանք այստեղ կպահվեն այնքան ժամանակ, մինչև որ միջպետական մակարդակով որոշում կայացվի այդ մարմինները փոխանցելու վերաբերյալ։ Ուկրաինական կողմը պատրաստ է դրանք փոխանցել հենց վաղը կամ նույնիսկ այսօր։ Սակայն ռուսաստանյան կողմից ընդունման վերաբերյալ դիմում դեռ չի ստացվել»,- հայտարարել է Լյամզինը։

Ուկրաինան հայտարարում է ավելի քան 27 հազար ռուսաստանցի զոհերի մասին։ Ռուսաստանյան ամփոփագրերում ամեն օր հաղորդվում է ուկրաինացի հարյուրավոր զինվորների մահվան մասին։ Կողմերն իրենց կորուստների այդ ծավալները չեն ընդունում և զոհերի ու վիրավորների վերաբերյալ պաշտոնական տվյալներ չեն հրապարակում։

Փոխանցում է euronews-ը։

Նախորդ հոդվածըԻ պատասխան G7-ի՝ Մեդվեդևը «կատակել է»
Հաջորդ հոդվածըՖինլանդիա․ «Չենք վախենում պատերազմից, նախապատրաստվում ենք»