‘Կիևում ընդհարումներ են տեղի ունեցել «Բերկուտի» հետ’

711

Կիևում՝ դատարանի շենքի մոտ, որտեղ դատավճիռ պետք է կայացվեր, այսպես կոչված՝ «վասիլկովյան ահաբեկիչների» նկատմամբ, ընդհարում է տեղի ունեցել միլիցիայի «Բերկուտ» հատուկ նշանակության ջոկատի և դատարանի մոտ հավաքված մարդկանց միջև: Հինգ հոգի տեղափոխվել է հիվանդանոց: Վիրավորների թվում են ուկրաինական խորհրդարանի երկու պատգամավորներ՝ Էդուարդ Լեոնովը և Յուրի Բուբլիկը, երկու լրագրողների ֆոտոտեխնիկան կոտրել են: ««Բերկուտի» մարտիկները հարվածում էին՝ ով պատահեր՝ կին, երեխա, տարեց մարդ: Հետապնդում էին մարդկանց ու ծեծում նույնիսկ նրանց, ովքեր պառկել էին գետնին»,- պատմել է Էդուարդ Լեոնովը:

Ուկրաինական միլիցիայի կարծիքով՝ անկարգություններն սկսվել են այն ժամանակ, երբ դատարանի շուրջ հավաքված ամբոխն սկսել է աղբ նետել իր աշխատակիցների ուղղությամբ:

Հաղորդվում է նաև, որ ընդհարման արդյունքում լուրջ վնասվածք է ստացել Ուկրաինայի ներքին գործերի նախկին նախարար, ներկայում՝ ընդդիմադիր քաղաքական գործիչ Յուրի Լուցենկոն: Նրան գլխի վնասվածքով տեղափոխել են հիվանդանոց:

Ուկրաինական մամուլում «վասիլկովյան ահաբեկիչներ» են անվանում Վասիլկով քաղաքի երեք բնակիչների, որոնք մեղադրվում են 2011 թ. Բորիսպոլում Լենինի հուշարձանի տապալումը պլանավորելու մեջ: Կասկածյալների ձերբակալման պահին այդ հուշարձանն արդեն ապամոնտաժվել էր քաղաքային խորհրդի որոշմամբ: Իսկ դատարանը բոլոր երեք «ահաբեկիչներին» դատապարտել է վեց տարվա ազատազրկման, փոխանցում է BBC-ն:

Նախորդ հոդվածը‘Հանդիպումներ, որոնք չարժե բաց թողնել’
Հաջորդ հոդվածը‘Վարդան Պետրոսյանի գործով 46-ամյա դատախազը գնացել է թոշակի’