‘Հանդիպումներ, որոնք չարժե բաց թողնել’

1235

Տարվա սկզբից ի վեր սա կլինի առաջին խաղային օրը, երբ հանդիպումներ տեղի կունենան եվրոպական 5 թոփ առաջնություններից 4-ում՝ «Բունդեսլիգան» կվերսկսի ամսվա վերջին:

Բացի ուիքենդի կենտրոնական «Ատլետիկո» — «Բարսելոնայից», որը կարող է վերածվել եվրոպական ձմեռվա առանցքային խաղի, Անգլիայում Մոյեսը կփորձի արդեն երևի թե 10-րդ անգամ դուրս գալ ճգնաժամից, Պելեգրինին՝ ապացուցել, որ «քաղաքայինները» հաղթահարել են արտագնա խաղերի հետ կապված բարդույթները, իսկ ահա Իտալիայում «Ռոման» և «Նապոլին» կշարունակեն սպասել Յուվեի սայթաքմանը:

«Մանչեստեր Յունայթեդ» — «Սուոնսի»

Շաբաթ, ժամը 21:30

«Մանկունյանցիների» երրորդ անընդմեջ պարտությունը, որոնցից մեկը հենց «Սուոնսիից» էր՝ Անգլիայի գավաթի շրջանակներում, Մոյեսին պարգևեց այն նույն գլխացավը, որը նա ուներ մրցաշրջանի սկզբում: Վերջին երկու օրերին բրիտանական մամուլում շատ խոսվեց Մոյեսի կողմից շրջադարձային որոշումների մասին՝ վաճառել Էվրային, Չիչարիտոյին, Անդերսոնին և Նանիին, փոխարենը գնել Գյունդոգանին և Ռոյսին, ի դեպ՝ ձեռքբերումները կատարելով ձմռան տրանսֆերային պատուհանի ընթացքում: Բայց այս պահին նրանք այնքան անիրականանալի են թվում, որքան «Յունայթեդի» չեմպիոնական հավակնությունները:

ՄՅՈՒ-ում սպասում են մի այնպիսի հաղթական փուլի, որը կարող է փոխել թիմի ամբողջ տրամադրությունն ու օգնել փրկել մրցաշրջանի (գրեթե այնպիսին, ինչպիսին էր 2004-ի սկզբին Ռայկարդի Բարսան), որից հետո արդեն կարելի կլինի նոր թիմ կառուցել՝ մայիսից սկսած: «Սուոնսիի» կազմում կբացակայեն Միշել Վորմն ու Միչուն, ինչը պետք է որ օգնի Նանիին և Չիչարիտոյին՝ իրենց ապագայի վերաբերյալ Մոյեսին մտափոխ անելու հարցում:

«Նյուքասլ» — «Մանչեստեր Սիթի»

Կիրակի, ժամը 18:00

Չնայած օգոստոսին թիմերի միջև տեղի ունեցած առաջին հանդիպմանը, որտեղ «քաղաքայինները» հաղթեցին 4-0 հաշվով, «կաչաղակների» կիսապաշտպանությունը, բացի Պրեմիեր լիգայի «մեծ քառյակի» թիմերից (իսկ որո՞նք են այս պահին այդ քառյակի անդամները), կարելի էր դասել այն քիչ թիմերի շարքին, ովքեր ունակ են կանգնեցնել Յայա Տուրե- Ֆերնանդինյո զույգին: Ցավոք՝ հանդիպումը կարող են բաց թողնել Պարդյուի թիմի երեք առանցքային խաղացողներ՝ Կրուլը, Կաբայը և Դեբյուշին, ինչից «Սիթիի» կենտրոնն ու Նեգրեդոն, ով իր այսպիսի խաղով Դել Բոսկեին ունակ է համոզել, որ հենց նա պետք է Դիեգո Կոստայի հետ «Մունդիալում» խաղա իսպանացիների հիմնական կազմում, մեծապես կարող են օգտվել:

«Կալյարի» — «Յուվենտուս»

Կիրակի, ժամը 18:00

Սկսած «Ռոմա» — «Յուվենտուս» հանդիպման վերջին 10 րոպեներից, ինչը հստակ ցույց տվեց, որ իտալական առաջնությունը վերջնականապես վերածվել է «Յուվեն և մնացած թիմեր»-ի, Իտալիայում վերսկսվեց հակաՅուվեական տրամադրվածությունը, որտեղ բոլոր առաջատար թիմերը յուրաքանչյուր տուրում, բացի սեփական խաղից, սպասելու են նաև Կոնտեի սաների սայթաքմանը: Երրորդ անընդմեջ «Սկուդետտոն», իհարկե, կերջանկացնի Յուվեի տիֆոզիներին, բայց ստեղծված անմրցունակ իրավիճակը վնաս է հենց թուրինցիների համար, ովքեր ձախողվեցին ՉԼ-ում և ստիպված են մտածել Եվրոպայի լիգայի եզրափակչի մասին, որը տեղի կունենա «Յուվենտուս Ստեդիումում»: Կոնտեն, հնարավոր է, փորձի առանց Պիրլոյի խաղ, որպեսզի համոզվի, թե որքանով է Պոգբայի և Վիդալի խաղը օգնում ձերբազատվել կախվածությունից «նկարչի» խաղից:

«Ատլետիկո Մադրիդ» — «Բարսելոնա»

Շաբաթ, ժամը 23:00

«Ներքնակավորների» ի հայտ գալը իսպանական ֆուտբոլում իսկական հրաշք էր: Վաճառելով իրենց գլխավոր առաջատարին՝ Կուն Ագերոյին, մադրիդցիները երեք մրցաշրջանի ընթացքում վերածվեցին այնպիսի թիմի, որը խառնվում է «մեծերի» գործերին: Սիմեոնեն կարողացավ ստեղծել հենց իր թիմը ,որը շատ նման է Սիմեոնե ֆուտբոլիստին, ով առաջին հերթին աչքի էր ընկնում իր պայքարի ձգտումով, ով միշտ պատրաստ էր կռվել, սադրել և «մահանալ» խաղադաշտում: Իսպանիայի Սուպերգավաթի շրջանակներում Դիեգոյի սաները արդեն իսկ ցույց տվեցին, որ վերաճել են և պատրաստ են հավասար խաղեր անցկացնել Բարսայի դեմ, ճիշտ է, այն ժամանակ Տատայի թիմը դեռևս հեռու էր իր լավագույն մարզավիճակից:

Ըստ իսպանական մայրաքաղաքային մամուլի՝ «Ատլետիկոն» կխաղա «4-5-1» դասավորվածությամբ՝ փորձելով առավելություն ստանալ դաշտի կենտրոնում, որտեղ կիսապաշտպանության հինգերորդ խաղացող կդառնա Դիեգո Կոստան, իսկ առջևում կխաղա միայն Դավիդ Վիլյան: Բարսայում ևս հնարավոր են անակնկալներ: Sport-ի պնդմամբ՝ Տատան, հնարավոր է, մեկնարկային կազմ դուրս բերի փայլուն մարզավիճակում գտնվող և՛ Ալեքսիսին, և՛ Պեդրոյին՝ պահեստայինների նստարանին թողնելով Նեյմարին և Մեսսիին: Իհարկե, հարց է առաջանում, իսկ ո՞վ է Մարտինոյին տվել նման որոշումներ կայացնելու իրավունք, բայց արգենտինացին մինչ այս պահը կարևոր խաղերի ավարտին միշտ ճիշտ է դուրս գալիս: Բացի այդ՝ Տատան նախախաղային մամլո ասուլիսում նշեց, որ Մեսսիի վերաբերյալ որոշում դեռևս չի կայացրել:

Կարևոր է նշել նաև, որ հանդիպումը կսպասարկի Մատեո Լաոսը, ով Իսպանիայում համարվում է այն մրցավարներից, ով «թույլ է տալիս խաղալ», ինչը, առաջին հերթին, ուրախալի է Սիմեոնեի սաների համար, ովքեր, իհարկե, չեն կաշկանդվելու կոպիտ և նույնիսկ կեղտոտ խաղից:

Նախորդ հոդվածը‘«Եկեղեցու մեջ կխփեմ երկու տղամարդու ամուսնացնող հայ քահանային». Վարդան Ղուկասյան. «Ժամանակ»’
Հաջորդ հոդվածը‘Կիևում ընդհարումներ են տեղի ունեցել «Բերկուտի» հետ’