‘Կկարողանա արդյո՞ք «Նապոլին» հաստատել իր լուրջ հավակնությունները « Ա սերիայում »’

797

Անցյալ մրցաշրջանում «կապույտներին»  հաջողվեց վերջ դնել «Մարադոնայի անեծքին», և 22 տարվա ընդմիջումից հետո նեապոլցիները վերջապես նվաճեցին երկար սպասված մրցանակը`  Իտալիայի գավաթի եզրափակչում 2-0 հաշվով հաղթելով Կոնտեի անպարտելի  «Յուվենտուսին», դրանով մի փոքր փչացրին նաև Ալեքս Դել Պիերոյի վերջին երեկոն թուրինցիների կազմում: Թեև գավաթային հաջուղությունը Նեապոլում տոնեցին մեծ շուքով, տպավորություն էր ստեղծվում,որ Մացարիի թիմը կարող էր ավելի բարձր տեղ գրավել ներքին առաջնությունում և ունակ էր ավելի հեռուն գնալ ՉԼ-ում, որտեղ նրանց` ինչպես բոլոր մրցակիցներին, անարդարացիորեն կանգնեցրեց Դի Մատեոյի «Չելսին», ով հենց նոր էր ստանձնել լոնդոնյան ակումբի գլխավոր մարզչի պաշտոնը: Ինչպես և հաճախ է լինում նման կարգի թիմերում, «Նապոլիին» ևս 2011-2012 խաղաշրջանում խանգարեց ավելի լավ արդյունքի հասնել երեք ճակատում պայքարելու անկարողությունը: Արդյունքում՝ Մացարիի սաներն առաջնությունում գրավեցին ընդամենը հինգերորդ տեղը և զրկվեցին ՉԼ-ում հանդես գալու իրավունքից:

Ամռանը շատ էին այն խոսակցությունները, թե թիմը կարող են լքել նրա գրեթե բոլոր առաջատարները, և « Ա սերիան » լքող բազմաթիվ աստղերի ֆոնի վրա դա բավականին հնարավոր էր թվում: Սակայն հիմնական կազմի խաղացողներից ակումբը լքեցին միայն ուրուգվայցի հենակետային Վալտեր Գարգանոն, ով տեղափոխվեց «Ինտեր», և Մարադոնայից հետո թերևս «Նապոլիում» հանդես եկած  ամենախարիզմատիկ խաղացողը` Լավեցին, ով արաբական փողերի հետևից մեկնելուց առաջ արցունքներն աչքերին սեր խոստովանեց «Նապոլիին»: Հակառակ սպասումներին՝ Լավեցիի տեղափոխությունը ՊՍԺ ավեի շատ օգուտ բերեց, քան վնաս: Էզեկիելի տրանսֆերից ստացած գումարը` 22 մլն. €-ն, ակումբը ծախսեց Վալոմ Բեհրամիին  (որին գնեցին Գարգանոյին փոխարինելու համար), պաշտպաններ Գամբերինիին և երիտասարդ բրազիլացի Բրունո Ուվինիին ձեռք բերելու համար: Վերջնականապես գնեցին նաև Պանդևի ու Վարգասի ամբողջ իրավունքները: Այսպիսով,Մացարին ձեռք բերեց, հնարավոր է՝ Գարգանոյին և Լավեցիին կարգով զիջող, բայց ավելի «սոված» խաղացողների` ապահովելով ավելի լայն կազմի ընտրություն, որի կարիքն անցյալ մրցաշրջանում զգացվում էր:

Միլանյան երկու գրանդների ակնհայտ թուլացումից հետո, մրցաշրջանը դեռ չսկսած՝ իտալացիները հենց «Նապոլիին» էին համարում Յուվեի գլխավոր մրցակիցը «Սկուդետտոյի» համար պայքարում: Եվ հենց օգոստոսյան «Սուպերգավաթի» խաղում Մացարիի թիմը շտապեց դա ապացուցել, և միայն խայտառակ մրցավարությունը խանգարեց նրանց՝ 22 տարվա ընդմիջումից հետո միանգամից նվաճել երկրորդ ավարը: «Նապոլիում» սպասվածից ավելի ծանր տարան պարտությունը,  Մացարին վերջերս խոստովանեց, որ այդ հանդիպումից հետո  լրջորեն մտածում էր ընդհանրապես ֆուտբոլից հեռանալու մասին:

Խոսկացությունները մարզչի հեռանալու մասին մինչև այսօր էլ չեն դադարում: Մացարիի հեռանալը, ցանկացած պահի, շատ ծանր հարված կլինի «Նապոլիի» համար: Խաղացողներն արդեն ամբողջովին հարմարվել են Մացարիի նախընտրած «3-5-2» սխեմային, և առանց նրա՝ շատ դժվար կլինի մնալ այն նույն խաղամակարդակին, որին նրանք հասել են:

Նոր մրցաշրջանը « Ա սերիայում » «Նապոլին» ավելի հաջող է սկսել, քան սկսել էր իր պատմության ընթացքում երկու չեմպիոնական` 1987-1988 և 1989-1990-ի մրցաշրջանները: Այս տարվա առաջնությունում կորցրել է ընդամենը 2 միավոր, այն էլ՝ «Կատանիայի»  դեմ խաղում հյուրընկալվելիս, որտեղ տեղի թիմը, բացի այդ խաղից, բոլոր խաղերում հաղթել է: Զգացվում է, որ թիմն ի տարբերություն նախորդ տարիների՝ դարձել է ավելի հասուն և ցանկալի արդյունքի է հասնում նաև այն խաղերում, որտեղ չի փայլում իր խաղով, ինչպես՝ «Սամպդորիայի», «Ֆիորենտինայի» և «Ուդինեզեի» դեմ, որոնցում, ճիշտ է՝տառապելով, կարողացան հաղթանակ տանել: Լավեցիի հեռանալուց հետո Համշիկն ու Կավանին անակնկալ կերպով ավելի լավ են հանդես գալիս. երկուսն էլ իրենց ավելի պատասխանատու են զգում և գլխավորում են համապատասխանաբար առաջնության` ամենաշատ գոլային փոխանցում կատարողների և լավագույն ռմբարկուի աղյուսակները:

Նախորդ հոդվածը‘Բանկային քարտերի փոխարեն՝ բջջային հեռախոսներ. ԱՄՆ-ում դա դառնում է իրականություն’
Հաջորդ հոդվածը‘Հայտնի է դարձել թռուցիկների բովանդակությունը’