‘Կոմունիստներն առաջարկում են ԱՄՆ-ին թույլ չտալ մասնակցել Սոչիի Օլիմպիադային’

550

Վերջերս ստեղծված «Ռուսաստանի կոմունիստներ» կուսակցությունը (որն իրեն անվանում է ՌԴԿԿ այլընտրանքը) նամակով դիմել է Վլադիմիր Պուտինին և առաջարկել չբավարարվել ի պատասխան «Մագնիտսկու ակտի»՝ «Դիմա Յակովլևի օրենքի» ընդունմամբ և ամերիկացիներին լիարժեք պատասխան տալու համար արգելել նրանց մասնակցել 2014 թ. Սոչիում կայանալիք Օլիմպիական խաղերին, հաղորդում է «Известия» պարբերականը: «Մենք առաջարկում ենք, որպես համաչափ պատասխան, որը կապահովի արդարությունը և ԱՄՆ իշխանությունների պատասխանատվությունը համաշխարհային հանրության առջև, արգելել իմպերիալիստական այդ հրեշի՝ Ամերիկայի Միացյալ Նահանգների շահերը ներկայացնող  մարզիկների մուտքը Ռուսաստանի Դաշնության տարածք՝ 2014 թ. Սոչիում կայանալիք Ձմեռային օլիմպիական խաղերին մասնակցելու նպատակով»,- ասված է նամակում:

Ի դեպ, 1980 թ.՝ ներկայիս Ռուսաստանի տարածքում առաջին և վերջին Օլիմպիադայի անցկացման ժամանակ,  Եվրոպայի շատ երկրների և ԱՄՆ-ի հավաքականները բոյկոտեցին Խաղերը՝որպես բողոքի նշան՝ Աֆղանստանում ԽՍՀՄ-ի իրականացրած  ագրեսիայի դեմ: Այն ժամանակ Օլիմպիական խաղերը, ըստ էության, վերածվեցին մրցումների՝ սոցճամբարի երկրների միջև:

Այժմ կոմունիստների առաջարկը դժգոհություն է բարձրացրել ռուսաստանյան խորհրդարանի և մարզիկների շրջանում: Օրինակ, պետդումայի պատգամավոր, բռնցքամարտիկ Նիկոլայ Վալուևն այդ նամակն անվանել է «զուտ PR ակցիա»:

Նախորդ հոդվածը‘Հայաստանի բնակչության 10-15 տոկոսը աղանդավորական կառույցների է հարում’
Հաջորդ հոդվածը‘Կիևից Երևան և հետադարձ չվերթերը չեղյալ են հայտարարվել’