‘Կոնգրեսի «անդաստիարակ լակոտներն» ու դաստիարակված Պետրոս Մակեյանը’

1019

«Ժողովրդավարական Հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանը վերջին շրջանում  շատ հագեցած քաղաքական առօրյա ունի։ Մեկ հայտարարում է, թե Կոնգրեսը կոմայի մեջ է, ու խոստանում վերակենդանացման բալասան տալ նրան, մեկ՝ հետին թվով Կոնգրեսի ճակատագրական սխալներն է արձանագրում եւ ուրանում այդ «սխալների» հիմք փաստաթղթերի տակ դրած իր իսկ ստորագրությունները, մեկ՝ իր կուսակցության փոխնախագահին տարօրինակ ձեւով մեղադրում է … ազնիվ լինելու մեջ, մեկ՝ Կոնգրեսի համակարգողի հրաժարականն է պահանջում։  Եւ պարզվում է, որ այն, ինչ ինքը Կոնգրեսին է վերագրում, առկա է հենց սեփական կուսակցությունում։ Այստեղ էլ կուսակցության փոխնախագահն ու քաղաքական խորհրդի անդամը Պետրոս Մակեյանի սխալներն են արձանագրում, որոնց հետեւանքով կուսակցությունը կորցրել է գրասենյակը եւ հայտնվել փողոցում։ Նրա տարօրինակ քաղաքական վարքն են արձանագրում եւ այդ հիմքի վրա նրա հրաժարականը պահանջում։

Այս թոհուբոհի մեջ, ահա, Պ. Մակեյանը, որպես Կոնգրեսի առողջացման քայլ՝ հայտարարեց, թե Կոնգրեսը պետք է ազատել «անդաստիարակ լակոտներից», ովքեր Կոնգրեսի նոմենկլատուրայի ուղղորդմամբ դավաճան են հայտարարում Կոնգրեսը պահած, Կոնգրես դարձրած, բայց ոմանց համար անհաճո կարծիքներ արտահայտող հարյուրից ավելի հերոս քաղբանտարկյալներին (ՀԺ, 15.01.2013):

«Լակոտներին» դաստիարակելուց առաջ լավ կլիներ՝ Մակեյանն ինքը դաստիարակվեր ու բացահայտ սուտ չխոսեր, որովհետև այդ լակոտները դավաճան են հայտարարել ոչ թե բոլոր քաղբանտարկյալներին, այլ ընդամենը նրանցից մի քանիսին, ովքեր ավազակապետության դեմ պայքարի ամենավճռական պահին, խորհրդարանական և նախագահական ընտրություններից առաջ, խառնակչությամբ զբաղվեցին, ճամբարներ փոխեցին ու պառակտեցին Կոնգրեսի ուժերը:

Իհարկե, չուրանալով քաղբանտարկյալների մեծ դերը Կոնգրեսը պահելու, Կոնգրես դարձնելու գործում՝ անտեղի չէ Մակեյանին հիշեցնել, սակայն, որ տվյալ գործում ոչ պակաս կարեւոր դեր են խաղացել նաև այդ «անդաստիարակ լակոտները», ովքեր, Սարյան պուրակի և Հյուսիսային պողոտայի կանանց հրաշալի թիմի հետ միասին, ակտիվորեն մասնակցել են Կոնգրեսի բոլոր մեծ ու փոքր միջոցառումներին, հանրահավաքներին, նստացույցերին ու երթերին, տասնյակ օրեր ու շաբաթներ անցկացրել են բաց երկնքի տակ, բողոքի հարյուրավոր ցույցեր ու պիկետներ են կազմակերպել ոստիկանության ու դատախազության դեմ, բազմիցս բախվել են ոստիկանների ու քրեական տարրերի հետ, ծեծուջարդ կերել, ոստիկանական բաժանմունքներ քարշ տրվել, աշխատանքից ու համալսարաններից հեռացվել, և այդ ամենն, առաջին հերթին՝ հենց քաղբանտարկյալների ազատության համար:

Այսքանից հետո Մակեյանն ինչո՞ւ է զարմանում, որ «անդաստիարակ լակոտներն» իրենց դավաճանված են զգում՝ տեսնելով Կոնգրեսի որոշ գործիչների քայքայիչ գործունեությունը: Եւ ինչո՞ւ չի զարմանում, որ հենց այդպիսի գործունեության պատճառով նա վերջին խորհրդարանական ընտրությունների ժամանակ իր հավաքած ձայների թվով Կոնգրեսի կողմից առաջադրված մեծամասնական թեկնածուների շարքում գրեթե վերջին տեղը գրավեց, ընդ որում՝ հանրապետական թեկնածուին պարտվելով անգամ հայրենի Փանիկ գյուղում, որտեղ ընդդիմադիր թեկնածուն մինչ այդ հաղթել է բոլոր նախորդ ընտրություններում:

Պետրոս Ղարիբյան

(ՉԻ մրցանակաբաշխության հիմքով եւ մոտիվներով)

Նախորդ հոդվածը‘Human Rights Watch-ը ՀԱԿ ակտիվիստների գործի վերաբերյալ գրություն է ուղարկել վճռաբեկ դատարան’
Հաջորդ հոդվածը‘Ռազմական ոստիկանությունը խարդախություն է բացահայտել’