‘Կոնգրեսի արձագանքը՝ կառավարության պատասխանին. Ո՞ւմ հայտնի չեն մենաշնորհ ունեցողների անունները ‘

930

Կառավարությունը 18 էջանոց պատասխան  է ուղարկել Հայ ազգային Կոնգրես խմբակցությանը՝ մենաշնորհների վերաբերյալ Կոնգրեսի հարցապնդմանն ի պատասխան: Այդ 18 էջանոց պատասխանից 13 էջը քաղվածքներ են ՏՄՊՊՀ հանձնաժողովի ծրագրից: Իսկ պատասխանի ընդհանուր ոգին թերեւս մեկ բառով կարելի է ձեւակերպել այսպես, ըստ կառավարության Հայաստանում մենաշնորհներ չկան:

Ստորեւ ներկայացնում ենք ձեզ Կոնգրեսի խմբակցության արձագանքը՝ կառավարության պատասխանին: Այն այսօր հնչեցել է խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը:

Կառավարության պատասխանը մեր հարցապնդմանը բացահայտում է ահավոր մի իրողություն, այն է՝ Հայաստանի իշխանությունները, ի դեմս գործող կառավարության, ունեն մենաշնորհների եւ համակարգային կոռուպցիայի նվիրյալ սպասարկու եւ փաստաբան: Ասածս ապացուցեմ հետեւյալ փաստարկներով

1/ Նախ, կառավարությունը հայտարարում է, որ Հայաստանում մենաշնորհներ չկան: Մինչդեռ, անգամ համաձայն պաշտոնական տվյալների, օրինակ, շաքարավազի շուկան 99 տոկոսով կենտրոնացած է մեկ ընկերության ձեռքում, ինչն արդեն հերքում է կառավարության պնդումը: Կառավարությունը ինքն էլ է իր պատասխանում հերքում դա՝ օգտագործելով այնպիսի արտահայտություններ, ինչպիսին է, օրինակ, «պարենամթերքի շուկայում մենաշնորհային դրսեւորումներ» բառակապակցությունը: Հարց է ծագում՝ եթե Հայաստանում մենաշնորհներ չկան, ինչու՞ է համաշխարհային տնտեսական ֆորումի զեկույցը դնում Հայաստանը «Հակամենաշնորհային քաղաքականության արդյունավետության» ցուցանիշով 116-րդ տեղում: Եթե Հայաստանում մենաշնորհներ չլինեին, մեզ այս ցուցանիշով պետք է դնեին 1-ին տեղում:

2/ Պատասխանում բառացիորեն ասված է, որ վերոհիշյալ պատճառով «Հայաստանի Հանրապետությունում վարվում է ոչ թե մենաշնորհների դեմ պայքարի, այլ տնտեսական մրցակցության պաշտպանության քաղաքականություն», եւ որ «օրենքը ուղղված է ոչ թե մենաշնորհների կամ գերիշխող դիրք ունեցող տնտեսվարող սուբյեկտների դեմ պայքարին, այլ պաշտպանելու տնտեսվարող սուբյեկտներին եւ սպառողներին տնտեսական մրցակցության հետ կապված չարաշահումներից»: Փառք Աստծո, որ մերժելով մենաշնորհների գոյությունը՝ գոնե ընդունում են «գերիշխող դիրք ունեցող տնտեսվարող սուբյեկտների» առկայությունը, բայց պարզվում է՝ նրանց դեմ էլ պայքարելու որեւէ նպատակ չունեն, այլ միայն պայքարելու են նրանց հետ կապված չարաշահումների դեմ: Փաստորեն, տնտեսվարող սուբյեկտի կողմից գերիշխող դիրք ունենալը ինքնին խախտում չի համարվում: Խախտում է համարվում գերիշխող դիրքի չարաշահումը, մասնավորապես՝ գների չհիմնավորված բարձրացումը: Այ սա է ճշմարտության պահը. եթե թարգմանենք ԿԱՌԱՎԱՌԵՐԵՆԻՑ, սա նշանակում է, որ մեր կառավարությունը պաշտոնապես ընդունում է, որ մենաշնորհների, կամ, ինչպես իրենք են սահմանում, «գերիշխող դիրք ունեցող տնտեսվարող սուբյեկտների» դեմ պայքարելուց հրաժարվում են, այսինքն՝ խախտում են Սահմանդրությունը, որը պահանջում է կամ վերացնել նման մենաշնորհները, կամ նրանց օրենքով կանոնակարգել՝ ելնելով հանրության շահերի պաշտպանությունից:

3/ Պատասխանի մեջ, սակայ,ն ամենախայտառակ պնդումը հետեւյալն է. «Կենտրոնացվածության համեմատաբար բարձր աստիճանը պայմանավորված է նաեւ որոշակի օբյեկտիվ գործոններով, ինչպիսիք են ՀՀ փոքր շուկան, փակ սահմանները, անբարենպաստ աշխարհագրական դիրքը, մրցունակ տնտեսվարող սուբյեկտների սակավությունը եւ այլն»:

Ըստ էության՝ մենք գործ ունենք մի կառավարության հետ, որը ոչ միայն արդեն վաղուց հանձնվել է մենաշնորհներին, այլ նաեւ փորձում է լեգիտիմացնել Սահմանադրությանը հակասող այս իրողությունը իբրեւ թե օբյեկտիվորեն գոյություն ունեցող հանագամանքներով:

Այստեղ ամենածիծաղելին այն է, որ համարյա բոլոր այդ հանգամանքները, որ կառավարությունը նշում է որպես մենաշնորհների գոյացման համար օբյեկտիվ պատճառ, իրականում հենց նույն իշխանության  հանցավոր գործունեության արդյունք են:

Ու՞մ հայնտնի չէ, որ Հայաստանում մենաշնորհները հիմնականում կառուցված են լայն սպառման ապրանքների ներկրման բնագավառների ապօրինի բաշխման վրա, եւ ու՞մ հայտնի չէ, որ արդյունքում առաջացած ներկրող օլիգարխների գերշահույթները բազմապատկվում են կառավարության եւ կենտրոնական բանկի կողմից տարիներ շարունակ վարվող ազգային արժույթի արհեստական ուժեղացման հանցավոր եւ տնտեսական որեւէ հիմնավորում չունեցող քաղաքականության շնորհիվ:

Ո՞ւմ հայտնի չէ, որ նույն այդ ներկրողների համար մաքսային մարմինները սահմանում են մաքսազերծման արտոնյալ ցածր գներ, ինչի արդյունքում մի՛ կողմից դուրս են մղվում մրցակցության մեջ մտնող գործարարներ, մյո՛ւս կողմից բյուջե քիչ գումար է մտնում:

Ո՞ւմ հայտնի չէ, որ ներկրող օլիգարխների համար նման արտոնյալ ռեժիմ սահմանող մաքսային ծառայության ղեկավարը, այսինքն՝ ՊԵԿ նախագահը, ինքը մի օլիգարխ է, որն իր համար սահմանել է, օրինակ, մենաշնորհային դիրք օպտիկամանրաթելային մալուխների ներկրման բնագավառում, քանի որ ցանկանում է ապահովել իր ունեցած U-com ֆիրմայի մենաշնորհը տվյալների կաբելային հաղորդման շուկայում՝ խոչընդոտելով, մասնավորապես, GNS Alfa ընկերության մուտքը նույն շուկա:

Ու՞մ հայտնի չէ Սերժ Սարգսյանի այն  մերձավորի անունը, ով տիրապետում է բենզինի եւ դիզվառելիքի շուկայի մենաշնորհին եւ միաժամանակ զբաղված է բարեպաշտ սերնդի դաստիարակման ազնիվ գործով:

Ու՞մ հայտնի չէ Սերժ Սարգսյանի մեկ այլ մերձավորի անունը, ով ավիակերոսինի ներկրման մենաշնորհը  զուգորդում է ավիացիայի բնագավառում ազգային փոխադրողի մենաշնորհային դիրքի հետ՝ հերիք չէ, անգամ մենաշնորհային դիրք ունենալով՝ անորակ սպասարկմամբ եւ տիեզերական գներով խայտառակում է մեր երկիրը ամենուրեք եւ այնքան ապաշնորհ է, որ միջազգային պարտքերի շնորհիվ գտնվում է սնանկացման եզրին:

Ու՞մ հայտնի չէ, որ շաքարավազի ներկրումը բացարձակ մենաշնորհ է Հայաստանում, այն էլ՝ իրականացվող մի մարդու կողմից, որը նման գերշահույթ ապահովող ձեռնարկատիրությունը Սահմանադրության խախտմամբ զուգորդում է պատգամավորական գործունեության հետ:

 

ժամանակի սղության պատճառով չեմ անդրադառնում մեր հարցապնդման մեջ նշված այլ բնագավառների մենաշնորհներին:

Հատաքրքրականն այն է, որ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի 2013թ. գործունեության ծրագրում առկա են մեր դիտարկումները հաստատող հետևյալ գնահատականները և առաջարկությունները`

պետական գնումների գործընթացում իրականացվում են պետական մարմինների կողմից այս կամ այն տնտեսվարողին չհիմնավորված առավելությունների տրամադրում – էջ 28

պետական օժանդակության տրամադրմամբ շատ հաճախ սահմանափակվում, կանխվում կամ արգելվում է տնտեսական մրցակցությունը, վնաս է հասցվում մրցակցային իրավիճակին, որոշ տնտեսվարող սուբյեկտների կամ սուբյեկտների խմբի համար ստեղծվում են արտոնյալ պայմաններ – էջ 28

մրցակցության վրա ոչ պակաս ազդեցություն են թողնում պետական մարմինների գործողությունները, ինչպես նաև անգործությունը, մասնավորապես` տարբեր տիպի վարչական խոչընդոտների ստեղծումը, չհիմնավորված առավելությունների տրամադրումը և այլն – էջ 29

մրցակցության զարգացման և բարեխիղճ մրցակցային միջավայրի ստեղծման դանդաղեցնող մեկ այլ հիմնախնդիր վերաբերում է պետական գնումների ոլորտին – էջ 29

Հանձնաժողովն ի վիճակի չէ միայնակ պայքարելու ՀՀ-ում առկա բոլոր մրցակցային խնդիրների դեմ, անհրաժեշտ են բոլոր իրավասու պետական մարմինների ակտիվ և համակողմանի գործողությունները ՀՀ-ում մրցակցային իրավիճակի բարելավման նպատակով – էջ 38

Տնտեսական մրցակցության քաղաքականության մշակման և արդյունավետ իրականացման գործում հիմնական խոչընդոտներից է հանդիսանում տնտեսական մրցակցության միասնական քաղաքականության ծրագրային մոտեցումների և համապարփակ փաստաթղթերի բացակայությունը – էջ 41

Տնտեսական մրցակցության բնագավառի գործեր քննող դատավորների ոչ բավարար փորձն ու մասնագիտացումը և գործերի քննության ժամկետների ձգձգումները հաճախ լուրջ խնդիրներ են առաջ բերում, այդ թվում` Հանձնաժողովի համար զգալիորեն նվազեցնելով վերջինիս գործունեության արդյունավետությունը և մարմնի նկատմամբ վստահությունը – էջ 43

Հանձնաժողովը անհրաժեշտ է համարում`- էջ 45

Մրցակցային օրենսդրության նորմերը համապատասխանեցնել միջազգային նորմերին,

Մշակել առաջիկա երեք տարիների տնտեսական մրցակցության օրենսդրության կիրարկման ռազմավարական ուղղությունները:

Մենաշնորհների հետեւում կանգանծ են շատ կոնկրետ քաղաքական ուժեր, եւ հենց այն նպատակով, որ պարզ դառնա, թե ովքե՞ր են մենաշնորհների կատաղի պաշտպանները, եւ ովքե՞ր՝ հակառակը, պատրաստ են վերացնել նրանց, մենք՝ համաձայն կանոնակարգի մասին օրենքի, քվեարկության ենք դնում Ազգային ժողովի որոշման հետեւյալ նախագիծը:

 

 

 

Նախորդ հոդվածը‘Մեծ Բրիտանիայում չեն գտնում 103 մլն դոլար շահողին’
Հաջորդ հոդվածը‘Թոխմախի Մհերը քվեարկում է ուրիշի փոխարեն և լկտիաբար ստում, որ նման բան չի արել (տեսանյութ)’