‘«Կովկասի բնության հիմնադրամը» կվերսկսի Խոսրովի արգելոցի ֆինանսավորումը’

582

«Կովկասի բնության հիմնադրամը» վերսկսում է Խոսրովի արգելոցի ֆինանսավորումը, քանի որ բնապահպանության նախարարությունը չեղյալ հայտարարեց Խոսրովի արգելոցի տնօրենի պաշտոնում Գաբրիել  Պողոսյանի՝ Նոնոյի նշանակման որոշումը, iLur.am-ի հետ զրույցում ասաց հիմնադրամի համակարգող Արման Վերմիշյանը։

Նրա խոսքով՝ դեռևս չի արվել ոչ մի փոխանցում: Պատասխանելով այն հարցին, թե եթե նոր ընտրությունների հետ կապված՝ նոր խնդիրներ առաջանան, ինչ արձագանք կարելի է սպասել հիմնադրամից, և արդյոք հիմնադրամը հետևելու է նոր ընտրությունների թափանցիկ անցկացմանը և արդարացիությանը՝ Արման Վերմիշյանն ասաց.

«Մենք բնապահպանության նախարարության հետ գործընկեր կառույց ենք և նման ծայրահեղ քայլին գնացինք՝ հաշվի առնելով արգելոցի ծայրահեղ վիճակը: Շատ հույս ունենք, որ թե՛ Խոսրովի, թե՛ այլ կանաչ գոտիների համար նման իրավիճակ չի լինի: Կարծում եմ, որ մրցույթը լինելու է շատ արդար, լավագույն թեկնածուներին նախարարությունն արդեն գտել է»:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 27-ին Վայրի բնության համաշխարհային հիմնադրամն ու Կովկասի բնության հիմնադրամը դադարեցրել էին Խոսրովի արգելոցի ֆինանսավորումը: Վայրի բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Կարեն Մանվելյանի խոսքով՝ համագործակցության դադարեցման միակ պատճառը որսագող տնօրենի նշանակումն էր:

 

 

Նախորդ հոդվածը‘Դավիթ Գասպարյան. Պատմության դասագրքում անկողմնակալ, ճշգրիտ պատկեր պետք է լինի’
Հաջորդ հոդվածը‘Իտալիայի սուպերմարկետները գնորդներին առաջարկում են վիճակախաղ՝ աշխատատեղի համար’