‘Հալեպում կրկին հայեր են զոհվել’

825

Հալեպի Սեյյիդ Ալի թաղամասում տեղի ունեցած բախումների հետեւանքով  երկու սիրիահայ երիտասարդներ են զոհվել, եւս մեկը վիրավորվել է: Այդ մասին «Արմենպրես»-ին տեղեկացրել է Բերիո թեմի Ազգային առաջնորդարանի մամլո խոսնակ Ժիրայր Ռեյիսյանը: Երիտասարդներից մեկը 34-ամյա Օվսիա Ալիպան է, իսկ մյուսը` 31-ամյա Միսաք Քեհեեյանն է: Ինչ վերաբերում է վիրավորված երրորդ հային, ապա նա այժմ գտնվում է բժիշկների հսկողության տակ: Ռեյիսյանի խոսքով` հայ երիտասարդները կամավոր ընդգրկվել էին բանակի ուժերին կից ստեղծված թաղային պաշտպանության ջոկատներում:

Մամլո խոսնակը նաեւ տեղեկացրել է, որ Հալեպի տարբեր թաղամասերում շարունակվում են ռմբակոծությունները: «Այս պահին եւս լսելի են պայթյունների ձայներ: Նոր գյուղի շրջանի ծայրամասում հոկտեմբերի 15-ին պայթյուններ են տեղի ունեցել, սակայն թաղամասի հիմնական մասը համեմատաբար հանդարտ է: Բնակիչներն ավելի զգուշությամբ են երթեւեկում` զգուշանալով դիպուկահարներից»,-նշեց Ռեյիսյանը:

Սիրիայում ավելի քան 18 ամիս շարունակվող բախումների հետեւանքով զոհվել է 30 հազարից ավելի մարդ, այդ թվում` գրեթե չորս տասնյակ հայեր:

Լուսանկարը՝ Արմեն Դուլյանի ֆեյսբուքի էջից:

Նախորդ հոդվածը‘Երևանում բացվել է «Ալիանս Ֆրանսեզ»-ի նոր մասնաշենքը ‘
Հաջորդ հոդվածը‘ԱՄՆ-ում ձերբակալել են ամենափնտրվող թմրաբարոնի դստերը’