‘«Հայազն» միության ներկայացուցիչ. «Չեմ պատկերացնում այնպիսի արցախցի, որ կողմ է Հայաստանից անկախությանը»’

1419

«Ցավում եմ, որ այդպիսի բարձրաստիճան պաշտոնյան տեղյակ չէ, թե արցախցին ինչ կարծիք ունի, ծանոթ չէ, որ արցախցին դեռևս 1989 թվականին է իր որոշումը կայացրել, որ այդ պաշտոնյան ոչ կոռեկտ արտահայտություններ է թույլ տալիս մեր հասցեին, ցավում եմ, որ ունենք էդպիսի պաշտոնյաներ», — Արցախը ՀՀ մարզ ճանաչելու պահանջով ցույցի ժամանակ iLur.am-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց «Հայազն» միության կենտրոնական մարմնի անդամ Արմեն Մկրտչյանը՝ հակադարձելով ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանի այն հայտարարությանը, թե Արցախը Հայաստանի մարզ ճանաչելու պահանջը «արկածախնդրություն է և դրան լուրջ չի վերաբերվում»: 

«Թյուր կարծիք կա, թե արցախցին անկախության կողմնակից է: Չեմ պատկերացնում այնպիսի արցախցի, որ կողմ է Հայաստանից անկախությանը»,- ասաց Մկրտչյանը՝ հավելելով, որ արկածախնդրությամբ զբաղվում են նրանք, ովքեր իրենց սոցիոլոգիական հարցումներում երբեք չեն նշում, թե կոնկրետ ումից պետք է անկախանա Արցախը՝ Ադրբեջանի՞ց, թե՞ Հայաստանից: 

Մկրտչյանը համոզված է՝ իրենց պահաջը միանշանակ իրատեսական է ու Արցախը Հայաստանի մարզ կդառնա ոչ թե տարիներ հետո, այլ ամիսներ անց: Մեր այն դիտարկմանը, որ հակադարձումներ կան, թե Արցախն ունի անկախ պետության բոլոր ատրիբուտներն ու իրենց պահանջը հիմնավորված չէ, Մկրտչյանն այսպես պատասխանեց.

«Կա որոշակի շահագրգիռ մասսա, որ ցանկանում է այս հարցին բացասական երանգներ տալ, չեմ կարողանում հասկանալ այդ մարդկանց, ո՞նց կարելի է միացման գաղափարին բացասական երանգներ տալ: Դա արդեն ինձ համար անընդունելի է»:

Իսկ այն պնդումներին ի պատասխան, թե Արցախը մարզ ճանաչելու դեպքում պատերազմ կսկսվի, Մկրտչյանն ասաց, թե Ադրբեջանը չի հարձակվում Հայաստանի վրա միմիայն այն պատճառով, որ վստահ չէ իր ուժերին: «Երբ վստահ լինի, իր խելագար ղեկավարը կտա պատերազմի հրամանը ու պատերազմը կսկսի»,- ասաց նա:

Նա վստահեցնում է, որ Արցախը ՀՀ մարզ ճանաչելու շարժումը ոչ ոքի կողմից չի ղեկավարվում, այլ միայն կոորդինացվում է այն մարդկանց կողմից, ովքեր այսօրվա ցույցին ելույթ ունեցան:

Նախորդ հոդվածը‘Ս. Սարգսյան. Հայաստանում երբե՛ք արտահանձնված դատապարտյալի ներում չի շնորհվել (տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘Մխիթարյանը խփում է իր 12-րդ գոլը, Շախտյորը՝ տոնում հերթական հաղթանակը (տեսանյութ)’