‘Հայաստանը դարձել է Միջազգային ոստիկանական ասոցիացիայի ասոցացված անդամ ‘

1029

Միջազգային ոստիկանական ասոցիացիայի 20-րդ գագաթնաժողովում Հայաստանը դարձել է այդ կազմակերպության ասոցացված անդամ: Հայաստանի լիիրավ անդամության հարցը կլուծվի 2013 թվականի սեպտեմբերին` Կոպենհագենում կայանալիք գագաթնաժողովում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին նոյեմբերի 5­-ին լրագրողների հետ հանդիպմանն ասաց Միջազգային ոստիկանական ասոցիացիայի հայաստանյան մասնաճյուղի նախագահ, ոստիկանության գնդապետ Գրիշա Սարգսյանը: «Իսրայելում տեղի ունեցած գագաթնաժողովի ընթացքում քննարկվել են վետերան ոստիկանների համագործակցության, փորձի փոխանակման, միջազգային ահաբեկչության և այլ խնդիրների դեմ պայքարելու հարցեր», — ասաց Գրիշա Սարգսյանը:

Գագաթաժողովին մասնակցել է նաև Հունգարիայի պատվիրակությունը: Հայկական պատվիրակության անդամ, «Արաբկիր» բժշկական կենտրոնի փոխտնօրեն էդմոն Սիմոնյանի խոսքով` Հունգարիայի պատվիրակությունը գագաթնաժողովի հենց առաջին օրը հրապարակայնորեն ներողություն է խնդրել հայ պատվիրակներից: «Հունգարիայի պատվիրակությունն ամբիոնից պաշտոնական ներողությունը խնդրեց Հայաստանից և հայ ժողովրդից` «սաֆարովյան» միջադեպի համար: Եւ ոչ միայն այդ օրը: Ամեն անգամ հանդիպելիս` նրանք ափսոսանք արտահայտելու խոսքեր չէին գտնում»,-նշեց Սիմոնյանը:

 Միջազգային ոստիականական ասոցիացիայում ներկայացված են նախկին և ներկա բարձրաստիճան ոստիկաններ, ովքեր լավ ծանոթ են իրավական նորմերին: Կառույցի նպատակը համաշխարհային մասշտաբով ոստիկանության աշխատանքի կարևորության ընդգծումն ու վետերան ոստիկաններին աջակցելն է: Ասոցիացիան ստեղծվել է 1952 թվականին ՄԱԿ-ի Սոցիալ-տնտեսական հանձնաժողովին կից: Այն միավորում է 64 երկրների ավելի քան 300 հազար իրավապահ մարմինների աշխատակիցների և վետերանների: 

Նախորդ հոդվածը‘Սերժ Սարգսյանը պարտվել է անգամ ներքին հարցումներով ‘
Հաջորդ հոդվածը‘Ամերիկյան ֆուտբոլիստները «կանխանշել են» Ռոմնիի հաղթանակը ‘