‘Հայաստանը կալանավայրերի պայմանների վերաբերյալ ԵԽ խորհրդատվություններին չի հետեւել ‘

751

Եվրոպայի խորհրդի՝ խոշտանգումների եւ անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի/պատժի կանխարգելման Կոմիտեն (ԵԽԿԿ) այսօր հրապարակել է 2011-ի դեկտեմբերին Հայաստան կատարած հատուկ այցի ընթացքում իրականացրած աշխատանքի մասին զեկույցը՝ Հայաստանի կառավարության պատասխանի հետ միասին: ԵԽ պաշտոնական էջի փոխանցմամբ, այս փաստաթուղթը հրապարակվում է ՀՀ իշխանությունների խնդրանքով:

Զեկույցում նշվում է, որ 2011 թվականին տեղի ունեցած հատուկ այցը նպատակ ուներ գնահատել ԵԽԿԿ խորհրդատվությունների իրականացման ուղղությամբ Հայաստանի կառավարության ձեռնարկած քայլերը, մասնավորապես՝ ցմահ դատապարտյալներին բուժօգնություն տրամադրելու պայմանները:  

Զեկույցում մասնավորապես նշվում է, որ «Կենտրոն» ՔԿՀ-ի շենքային անբարենպաստ պայմանները այն դարձրել են ոչ պիտանի կալանավորների երկարատեւ ազատազրկման համար: Ինչ վերաբերում է ցմահ դատապարտյալների բանտարկության պայմաններին, զեկույցը նշում է, որ դրանք կարող են որակվել որպես անմարդկային վերաբերմունքի դրսեւորում:   Ընդհանուր առմամբ, Կոմիտեն նշում է, որ նախորդ այցելությունների արդյունքում բանտարկյալների պահման պայմանների վերաբերյալ Հայաստանի արդարադատության մարմիններին տված խորհրդատվություններից ոչ մեկը գործնականում չի իրականացվել:

Զեկույցին ի պատասխան, Հայաստանի իշխանությունները  Կոմիտեի բարձրացրած հարցերի ուղղությամբ իրականացվող քայլերի մասին տեղեկատվություն են տրամադրել: Մասնավորապես, նրանք նշել են, որ ԵԽԿԿ խորհրդատվությունների մեծ մասը կիրականացվի, երբ Արմավիրում կառուցվող նոր կալանավայրը շահագործման կհանձնվի:

 

 

Նախորդ հոդվածը‘Լեւոն Զուրաբյան. Հակամարտող երկրների իշխանությունները պետք է զերծ մնան ապակառուցողական հայտարարություններից ‘
Հաջորդ հոդվածը‘Պեպեի հուզիչ քայլը’