‘
2012 թ. օգոստոսին Հայաստանում իրականացվել են անշարժ գույքի 15.869 գործարքներ, որոնց քանակը 2012 թ. հուլիսի համեմատ աճել է 13,0%-ով, իսկ 2011 թ. օգոստոսի համեմատ` 1,4%-ով: Սրանք անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի տվյալներն են: 2012 թ. օգոստոսին հանրապետությունում արձանագրվել են անհատական բնակելի տների 397 առուվաճառքի գործարքներ, այդ թվում Երևան քաղաքում՝ 126, մարզերում միասին վերցրած՝ 271:
iLur.am-ը անշարժ գույքի գործակալություններից հետաքրքրվեց, թե ինչպիսին են անշարժ գույքի գների վերջին միտումները:
«Ալֆա ռիելթի» անշարժ գույքի գործակալության գործադիր տնօրեն Գևորգ Փալանջյանը մեզ հետ զրույցում ասաց, որ վերջին շրջանում գները նվազում են: «Վաճառողների քանակն ավելի շատ է, քան գնորդների քանակը: Հիմնականում անշարժ գույք ձեռք է բերում ներսի մարդ, դրսից շարժ չկա», — նշեց նա:
«Նռան» անշարժ գույքի գործակալության աշխատակիցներից մեկը, որը չցանկացավ ներկայանալ, iLur.am-ին ասաց, որ գների բարձրացման միտում չկա: «Գների բարձրանալու միտում չկա: Դա պարզապես սիրիահայերի հետ է կապված: Չգիտե՞ք հայերի մտածելակերպը. մտածում են՝ եթե գան, կբարձրանան անշարժ գույքի վարձի և վաճառքի գները, սակայն բացարձակ ոչ մի փոփոխություն չի եղել»:
Գործակալության աշխատակիցը նշեց, որ գնորդների կեսից ավելին բնակարանները ձեռք է բերում հիփոթեքով:
‘