‘«Հայկական ժամանակ». Որքան աղքատ, այնքան իշխանասե՞ր’

667

Դեկտեմբերի 2-ին թիվ 1 (Ավան) և թիվ 35 (Գյումրի) ընտրատարածքներում տեղի ունեցած պատգամավորի լրացուցիչ ընտրություններում արձանագրվեց այն արդյունքը, որը կանխատեսելի էր: Թիվ 1 ընտրատարածքում առաջադրված թեկնածուներից ՀՀԿ-ական Ռոբերտ Սարգսյանը՝ ըստ երեկ կեսօրին հրապարակված նախնական արդյունքների, ստացել է 18 հազար 804 ձայն, «Ժառանգության» ներկայացուցիչ Ստեփան Սաֆարյանը՝ 3 հազար 680 ձայն, ինքնաառաջադրված Էդուարդ Պետրոսյանը՝ 461 ձայն: Ստեփան Սաֆարյանը երեկ «ՀԺ» թղթակցին հայտնել է, որ բողոքարկելու է ընտրությունների արդյունքները:

Թիվ 35-ում առաջադրված թեկնածուներից ՀՀԿ-ական Արման Սահակյանը ստացել է 13 հազար 337 ձայն, Հայ ազգային կոնգրեսի թեկնածու Մուրադ Գրիգորյանը՝ 3 հազար 239 ձայն: Վերջինս թերթի թղթակցին հայտնել է, որ ընտրությունների արդյունքները չի բողոքարկելու, քանի որ չի վստահում համապատասխան ատյաններին: Երկու ընտրատարածքներում էլ արձանագրվել է ցածր մասնակցություն՝ ընտրողների մոտ մեկ երրորդը: Վերջնական արդյունքները կհրապարակվեն հնգօրյա ժամկետում՝ մինչև ուրբաթ:

Այսպիսով, երկու ընտրատարածքներում էլ ձայների մեծ առավելությամբ «հաղթել են» իշխանության ներկայացուցիչները: Եվ դա նշանակում է, որ Հայաստանում ընտրական համակարգն արմատապես ջախջախված է: Խնդիրն այն է, որ մասնավորապես Երևանի թիվ 1 ընտրատարածքում առաջադրված և ձայների մոտ 79 տոկոսը տարած Ռոբերտ Սարգսյանի «քաղաքական» միակ «հմայքն» այն է, որ ինքը քաղաքապետ Տարոն Մարգարյանի աներորդին է: Մինչև հիմա նա ոչնչով աչքի չի ընկել: Թիվ 35-ում ձայների մոտ 76 տոկոսը տարած Արման Սահակյանը ճանաչված է Գյումրիում, բայց խնդիրն այն է, որ Գյումրին, ըստ պաշտոնական վիճակագրության, Հայաստանի ամենաաղքատ քաղաքն է. գյումրեցիների 48 տոկոսն աղքատ է: Ընդ որում, ՀՀԿ-ի միանձնյա իշխանության տարիներին է՛լ ավելի է աղքատացել: Եվ ստացվում է այնպես, որ որքան ավելի շատ են աղքատանում գյումրեցիները, այնքան ավելի շատ են ձայն տալիս իշխանության՝ ՀՀԿ-ի թեկնածուին: Այսքանով հանդերձ, ևս մեկ անգամ կարելի է արձանագրել, որ Հայաստանում ընտրություններ՝ որպես այդպիսին այլևս չեն իրականացվում:

Նախորդ հոդվածը‘«Հրապարակ». Նաիրիտում 2 ամսվա աշխատավարձ են ստացել. մինչև դեկտեմբերի 15-ը բողոքի ակցիաներ չեն լինի’
Հաջորդ հոդվածը‘«Ժողովուրդ». Ավանի հոգեբուժարանի հիվանդները՝ ՀՀԿ-ի էլեկտորատ’