‘Հայկական համակարգչային խաղերի նախագծման առաջնության հաղթողները կպարգեւատրվեն ‘

724

«Բաց Խաղ» համակարգչային խաղերի և բջջային հավելվածների նախագծման 2012 թ. առաջնության եզրափակիչ փուլը կկայանա հոկտեմբերի 20-ին:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության կազմակերպած և մինչ այժմ կայացած առաջնության 3 նախնական փուլերի ընթացքում միմյանց հետ մրցել են 33 մասնակիցներ՝ 40 նախագծերով, որոնցից եզրափակիչ փուլ են անցել 19 նախագծեր՝ համակարգչային և բջջային խաղեր, ինչպես նաև բջջային հավելվածներ:

Առաջնությանը մասնակցում են թե գործող ընկերություններ («Իքս-Թեք» և «Վեբեքս Թեքնոլոջիս»), թե պատանիներ և թե արտերկրում ապրող հայեր, մասնավորապես, ԱՄՆ-ի և Իրանի քաղաքացիներ: Եզրափակիչ փուլ անցած նախագծերն են` GraviTire 3D, Astrophil, AYBrain, Shika, iAybuben, Aghotagirq, The Ring, Gyumri Drive, Learn Armenian, Hexols, Psycho, Pirate School, Mukhoboyka, Online Multiplayer Bagammon, Plant An Idea- Plant a Tree, Tumanyan Shaurma, Airbattle(Kinect mode), UFO Attack, Հարսանիք Լեռներում:

«Կարելի է ասել, որ այս տարվա մրցույթում իսկապես նկատվում է որակական զարգացում: Մենք ոչ միայն ավելի մեծ թվով հայտեր ենք ստացել, այլ նաև խաղերի մեծ մասն արդեն ամբողջովին պատրաստ է օգտագործման համար, և վաղը ցուցահանդեսի այցելուները կկարողանան ինչպես գնահատել մասնակիցների ստեղծագործական միտքը, այնպես էլ իրականում խաղալ: Նույնիսկ պատանի մասնակիցները կարողացել են ծրագրավորման աշխատանքներ կատարել, ինչն իսկապես շշմեցուցիչ է: Հրավիրում ենք բոլորին` մասնակցելու և բացահայտելու երիտասարդ հայ տաղանդներին», — ասաց ԻՏՁՄ գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը:

Հաղթողների անունները կհայտարարվեն և մրցանակները կհանձնվեն հոկտեմբերի 20-ին: Մրցանակաբաշխությունն անցկացվելու է 9 անվանակարգերով` «Լավագույն խաղ», «Լավագույն բջջային խաղ», «Լավագույն սցենար», «Լավագույն դիզայն», «Նորարարություն», «Լավագույն սոցիալական բջջային հավելված», «Լավագույն ժամանցային հավելված», «Լավագույն հաղորդակցություն հավելված» և «Պատանիների առաջնություն»:

«Ընդամենը մի քանի տարում մենք բոլորս ականատես եղանք, թե ինչպես բջջային հեռախոսների և սմարթֆոնների համար նախատեսված խաղային ծրագրերն ու հավելվածները ներխուժեցին մեր կյանք: Սա դինամիկ կերպով զարգացող ու աճող ոլորտ է, որտեղ, իհարկե, դեռևս հայկական ստեղծագործությունների ու բովանդակության պակաս կա: Այս մրցույթի նպատակն է խթանել երիտասարդ ծրագրավորողներին, դիզայներներին, անիմատորներին` միասին ստեղծագործել ու կերտել խաղերի հայկական աշխարհը: Նրանցից շատերի համար այս ոլորտը հետագայում կարող է լուրջ մասնագիտական աճի ու բիզնեսի հորիզոններ բացել, և այդ առումով երջանիկ ենք աջակցել Բաց Խաղին արդեն երկրորդ տարին անընդմեջ», ասաց Orange Արմենիայի հանրային կապերի պատասխանատու Լիլիթ Մարտիրոսյանը:

Մրցանակաբաշխությանը նախորդելու է ցուցահանդես, որի ընթացքում այցելուները հնարավորություն կունենան  ծանոթանալ և խաղալ առաջնության մասնակիցների ներկայացրած աշխատանքները, ինչպես նաև քվեարկել սիրելի խաղի օգտին: Այցելուների ամենաշատ ձայներ հավաքած մասնակիցը կստանա «Հանդիսատեսի համակրանք» մրցանակը:  

Նախորդ հոդվածը‘Վերագործարկվել է ՃՈ էլեկտրոնային համակարգը ‘
Հաջորդ հոդվածը‘Ջասթին Թիմբերլեյքն ամուսնացել է’