‘Հայոց ցեղասպանությունն ընդունած թուրք մտավորականն արժանացել է Պատվո լեգեոնի շքանշանի ‘

709

Հանրահայտ թուրք գրող Օրհան Փամուկն արժանացել է Ֆրանսիայի բարձրագույն պարգևին՝  Պատվո լեգեոնի շքանշանի:

 Մրցանակի հանձնման արարողության ընթացքում, որը տեղի է ունեցել երկուշաբթի օրը Փարիզում, Ֆրանսիայի մշակույթի նախարար Օրելի Ֆիլիպետին ընդգծել է Փամուկի նորարական ոճն ու առաջադեմ հայացքները: Նախարարը հատկապես կարևորել է թուրք գրողի քաղաքական դիրքորոշումները. «Դուք չխուսափեցիք դեմ դուրս գալ պատմության կոծկմանը և չվախեցաք մոռացության մատնվածների հասցեին պաշտպանության խոսք ասելուց հետո միայնակ մնալուց»,- ասել է Ֆիլիպետին:

Օրհան Փամուկը թուրքական մտավորականության այն եզակի ներկայացուցիչներից է, ով հրապարակավ ընդունել է Օսմանական կայսրության կողմից իրականացված Հայոց ցեղասպանության փաստը: 2005թ. շվեյցարական պարբերականին տված հարցազրույցում գրողն ասել է. «Թուրքիայում մեկ միլիոն հայ և 300 հազար քուրդ է սպանվել: Դրա մասին ոչ ոք չի խոսում, իսկ ինձ ատում են այն բանի համար, որ չեմ լռում»: Այս հարցազրույցից հետո հայրենիքը խիստ քննադատության ենթարկեց Փամուկին և մեղադրեց թուրքական ինքնության ոտնահարման մեջ: 

Նախորդ հոդվածը‘Տիգրան Սարգսյան. 2013 թվականի պետական բյուջեն հիմնված է երեք սկզբունքների վրա’
Հաջորդ հոդվածը‘Մեսի. Փոքր հասակում թխվածքաբլիթի համար էի գոլ խփում’