‘Հայ բնապահպանները փորձում են գտնել Հայաստան ներկրված կապիկների հետքը’

862

Հայ բնապահպանները փորձում են գտնել Հայաստան ներկրված կապիկների հետքը, որոնք գրանցված են Կարմիր գրքում: Հուլիսի սկզբին ավստրալական The Sydney Morning Herald թերթը նյութ էր հրապարակել կապիկների ապօրինի վաճառքի վերաբերյալ: Թերթը վկայակոչել էր PEGAS (Project to End Great Ape Slavery) նախագծի ներկայացուցիչ Դենիել Սթայլզի խոսքերը, ով պնդել էր, թե «գազանաբար որսացվել են» հարյուրավոր կապիկներ, այդ թվում` շիմպանզեներ, գորիլաներ և օրանգուտանգներ, և վաճառվել են այնպիիս երկրների, ինչպիսիք են Հայաստանը, Չինաստանը, Եգիպտոսը, Ռուսաստանը, Թաիլանդը և ԱՄԷ: Բնապահպանները պնդում են, որ մեծ կապիկների վաճառքը «ստրկության»՝ բազմամիլիոնանոց շահույթ է բերում:

ԱրմԻնֆո-ի թղթակցի հետ զրույցում այդ տեղեկատվությունը մեկնաբանել է «Թռչնասերների կենտրոնի» ղեկավար Սիլվա Ադամյանը, ով կապվել է CIT-es միջազգային կազմակերպության հետ, որը կարգավորում է կենդանիների ներկրումն ու արտահանումը: «Նրանք հաստատեցին, որ այս տարի Հայաստան մեկ անգամ ներկրվել է 6-8 կապիկ: Այն հանգամանքը, որ հանրապետություն են ներկրվել Կարմիր գրքում գրանցված կապիկներ, ինձ բացատրեցին այն բանով, որ այդ տեսակները գրանցված չեն Հայաստանի կարմիր գրքում: Բայց չէ՞ որ դա անհեթեթություն է: Ինչու՞ պետք է կապիկները գրանցվեն Հայաստանի կարմիր գրքում:  Դա սովորական տգիտություն է և օրենքների չիմացություն: Ըստ էության` դա հակաօրինական է», — ընդգծել է Ադամյանը:

Փորձագետը նշել է, որ իրեն լրացուցիչ տեղեկատվություն չեն ներկայացրել այն մասին, թե հատկապես ում համար են նախատեսված եղել ներկրված պրիմատները: Մինչդեռ Ադամյանը չի բացառել, որ դրանք ներկրվել են մասնավոր կենդանաբանական այգու համար: «Արտասահմանում ունևոր մարդիկ ներդրումներ են կատարում վայրի բնության պահպանման գործում, այլ ոչ թե` վայրի կենդանիներին պահում անազատության պայմաններում, վանդակներում` ինչպես մեզ մոտ», — նկատել է բնապահպանը: 

Նախորդ հոդվածը‘Եղանակ. ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով’
Հաջորդ հոդվածը‘ԱՄՆ Պետդեպը երկրի քաղաքացիներին նախազգուշացրել է Հայաստան այցելությունների առնչությամբ’