‘Հայ գործարարները մտադիր են մտնել արգենտինական շուկա ‘

805

Երեւանում հայ-արգենտինական առեւտրատնտեսական ֆորում կանցկացվի: Հանդիպմանը կմասնակցեն շուրջ 30 ձեռնարկատերեր, ովքեր շահագրգիռ են Արգենտինայի հետ տնտեսական կապեր ստեղծելով: «Արմենպրես»-ի հետ զրույցում ՀՀ առեւտրաարդյունաբերական պալատի գործադիր տնօրեն Արայիկ Վարդանյանը նշեց, որ հոկտեմբերի 19-ին պալատում անցկացվելիք ֆորումին կմասնակցի նաեւ Հայաստանում Արգենտինայի արտակարգ եւ լիազոր դեսպան Դիեգո Էռնեստո Ալվարես Ռիվերան: «Դեսպանը կներկայացնի իրենց երկրի տնտեսական վիճակը, ինչպես նաեւ այն բիզնես ոլորտները, որտեղ կարող է ծավալվել համագործակցություն Հայաստանի հետ»,- ասաց Վարդանյանը: Նրա խոսքով` առեւտրաարդյունաբերական ոլոտում մեր համագործակցությունն Արգենտինայի հետ այնքան ակտիվ չէ, քանի որ այդ երկիրը բավական հեռու է Հայաստանից:

«Այնտեղից ապրենք բերելը կամ ուղարկել, իհարկե, հնարավոր է, եւ այս առումով տնտեսական կապ կա, սակայն հանդիպման միջոցով մենք դեսպանի օգնությամբ ցանկանում ենք ամրապնդել մեր տնտեսական կապերը, իրականացնել փորձի փոխանակում»,- նշեց պալատի գործադիր տնօրենը: Նա նաեւ հավելեց, որ առաջիկայում նախատեսվում է նման ձեւաչափի հանդիպում անցկացնել նաեւ Արգենտինայում: «Գործարարներին առաջին հերթին տեղեկատվության պակասն է խանգարում, ինչն էլ մենք փորձում ենք լրացնել»,- ավելացրեց Վարդանյանը:

Մինչ 2012 թվականի ավարտը ՀՀ առեւտրաարդյունաբերական պալատը հանդիպումներ կունենա նաեւ շվեյցարացի գործընկերների հետ: Դեկտեմբերին պալատի ներկայացուցիչները կայցելեն Գերմանիա` այնտեղի առեւտրաարդյունաբերական պալատի հրավերով, որտեղ տեղի կունենա քննարկում նվիրված փոքր ՀԷԿ-երին: Վարդանյանը նաեւ հավելեց, որ Հայաստանի համագործակցությունը առեւտրաարդյունաբերական ոլորտում հատկապես սերտ է Եվրամիության կազմում գտնվող երկրների հետ:

Նախորդ հոդվածը‘Femen շարժման անդամները կրկին մերկացել են Փարիզում (լուսանկարներ, տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘Սաակաշվիլին խորհրդարանին կոչ է անում հնարավորինս շուտ հաստատել կառավարության կազմը’