‘Հանդիպումներ, որոնք չարժե բաց թողնել’

1197

«Արսենալի» ծանր շրջանի շարունակության, Բարսայի լավ մարզավիճակի, Մացարի — Բենիտես հակամարտության և եվրոպական ֆուտբոլային ուիքենդում այլ սպասվող իրադարձությունների մասին` iLur.am-ի անոնսում:

«Մանչեստեր Սիթի» — «Արսենալ»

Շաբաթ, ժամը 16:45

Երկու թիմերն էլ ծանր շաբաթ ունեցան ՉԼ-ում, և եթե «Սիթիի» համար «Բավարիայի» դեմ խաղը պարզապես պատվի խաղ էր, որում ճիշտ է` ընդամենը մեկ գնդակ Նոյերի դարպասին ուղարկելու դեպքում կարող էր շատ ավեի մեծ արժեք ունենալ, ապա «Արսենալի» համար այն նույն մեկ գնդակը կարող էր ճակատագրական դառնալ: Երևի թե 2005-2006 մրցաշրջանից ի վեր լավագույն «Արսենալը» կարող էր հրաժեշտ տալ ՉԼ-ին, դրա համար պետք էր ընդամենը, որպեսզի «Նապոլիի» խաղացողները մի փոքր ավելի շուտ սկսեին շարժվել, քան խաղավարտից 5 րոպե առաջ: Ինչևէ, երկու թիմերն էլ նվաճեցին «փլեյ-օֆֆի» իրավունք, որտեղ նրանց կարող է բաժին հասնել «Ատլետիկոն», «Բարսելոնան», «Ռեալ Մադրիդը», իսկ «Արսենալին»` նաև «Բավարիան»:

«Արսենալի» երկու առանց հաղթանակների խաղերը համընկան «Սիթիի» լավ մարզավիճակի հետ, և եթե հաշվի առնենք, որ սեփական հարկի տակ «քաղաքայինները» դեռևս միավոր չեն կորցրել և դարձել են 29 գոլի հեղինակ` սեփական դարպասը ընդունելով ընդամենը 2-ը, ապա Վենգերի թիմի անհաջող խաղերի շարքը կարող է և շարունակվել: Պարտության դեպքում «զինագործները» կպահպանեն առաջատարի դիրքը, բայց այս «Արսենալը» դեռևս շարունակում է մնալ հոգեբանական թիմ, և մի քանի անհաջող խաղերը կարող են փոխել մրցաշրջանի ընդհանուր տրամադրությունը:

«Բարսելոնա» — «Վիլյառեալ»

Շաբաթ, ժամը 23:00

Տատա Մարտինոն Կատալոնիայում ընդամենը երկշաբաթյա աշխատանքից հետո հաղթեց Իսպանիայի Սուպերգավաթը, հետագայում վերադարձրեց թիմային պրեսինգը, որոշակիորեն կարգավորեց պաշտպանությունում խնդիրները և հաղթեց «սուպերկլասիկոյում»: Ի դեպ ամենակարևոր՝ «սուպերկլասիկոյի» վերաբերյալ կարելի է պնդել, որ «Ռեալի» դեմ խաղում հաղթեց հենց Տատան: Եվ չնայած այս ամենին, վնասվածքների համաճարակի և հավաքականների խաղերով ծանրաբեռնված շաբաթից հետո «Այաքսից» և «Ատլետիկից» կրած պարտությունները կատալոնացի լրագրողներին վերջապես առիթ տվեցին դժգոհել ոչ միայն Մարտինոյի թիմի խաղից, այլև արդյունքից: «Սելտիկի» հետ խաղում առանց Մեսսիի, Չավիի, Վալդեսի, Ինյեստայի և Ալբայի, Բարսան անցկացրեց մրցաշրջանի լավագույն խաղը, որտեղ հստակ երևաց Նեյմարի իրական պոտենցիալն ու այն, որ Տատան չի «սպանում» «տիկի-տական»: Նման խաղի պատճառը Տատայի կազմակերպած թիմային ճաշկերույթն էր, թե պարզապես «Սելտիկն» էր չափազանց անմրցունակ, կտեսնենք արդեն այսօր «Վիլյառեալի» դեմ խաղում, որը «մեծ եռյակից» հետո երևի թե լավագույն ֆուտբոլն է ցուցադրում «Պրիմերայում»:

Արգենտինացին արդեն իսկ դրսևորվում է որպես բարձրակարգ մասնագետ և, կախված նրա թիմի հաջողություններից, հաջորդ մրցաշրջանում նրան հնարավոր է թույլ տան ստեղծել հենց իր թիմը՝ երկու հենակետայիններով և մաքուր «9» համարով: Իսկ մինչ այդ Բարսայում մրցաշրջանի գլխավոր հարցը հետրյալն է` վերջապես կգիտակցեն արդյոք կատալոնացիները, որ խաղացողների նման կազմով նախկին խաղը հնարավոր չէ ցուցադրել, թե կշարունակեն կուրորեն առաջնորդվել իրենց «կրոնական» պահանջներով:

«Տոտենհեմ» — «Լիվերպուլ»

Կիրակի, ժամը 20:00

«Լիվերպուլը» կփորձի օգտվել «Արսենալի» հնարավոր սայթաքումից և ավելի մոտենալ 20 տարուց ավել ձգվող երազանքին: «Տոտենհեմի» դեմ խաղում, ովքեր լավ շաբաթ անցկացրեցին, որում հատկապես լավ դրսևորվեց Սոլդադոն` «Անժիի» դեմ խաղում դառնալով «հեթ-տրիկի» հեղինակ, Ռոջերսը ստիպված կլինի լուծել մի քանի լուրջ կադրային խնդիրներ, քանի որ հանդիպմանը չեն կարողանա մասնակցել Ջերարդն ու Սթարիջը: Բայց ամենակարևորը, որ խաղադաշտում կլինի երևի թե այս պահին աշխարհում լավագույն մարզավիճակում գտնվող ֆուտբոլիստը՝ Լուիս Սուարեսը: Եթե վերհիշեցիք Մադրիդում խաղացող մի պորտուգալացու մասին, ապա նա «Պրեմիեր լիգայում» Սուարեսի` 15 գոլ 10 խաղում վիճակագրությանը երբեք մոտ չի եղել: Անգլիայում 10 խաղում 15 գոլ վիճակագրությունը, դա մոտավորապես նույնն է, ինչ 10 խաղում 25 գոլ Իսպանիայում: Եվ ընդհանրապես, Սուարեսի խաղը շատ հեռու է «վազիր-հարվածիր» սկզբունքից. նա շատ ավելին է կարողանում անել դաշտում: Բայց Սուարեսը, որքան որ օգնում է «Լիվերպուլին», այդքան էլ մեծ դիլեմա է առաջ քաշում` «կկարողանա՞ Ռոջերսը համոզել թիմում մնալ ուրուգվայցուն»: Դա անելու համար պետք է ամենաքիչը որակավորվել ՉԼ, ինչը այսպիսի հավասար «Պրեմիեր լիգայում» բարդ կլինի անել:

«Նապոլի» — «Ինտեր»

Կիրակի, ժամը 23:45

Բենիտես – Մացարի` տարվա ամենասպասված հակամարտություններից մեկը Իտալիայում: Մացարին պարզապես որոշեց, որ նա վերաճել է «Նապոլիի» կարգը, իսկ Բենիտեսը համաձայնեց վերադառնալ «Սերիա Ա-ի» այնպիսի թիմ, որտեղ լիակատար ազատություն կտան, ի տարբերություն «Ինտերում» ունեցած փորձի: Բենիտեսը արդեն իսկ կարողանում է «Նապոլին» իրեն հարմարեցնել՝ «3-5-2-ից» «4-2-3-1» անցումը սպասվածից ավելի հեշտ կատարվեց, իսկ նրանում որ նրա թիմը 12 միավոր վաստակեց ՉԼ-ի «մահվան խմբում», բայց չկարողացավ հայտնվել «փլեյ-օֆֆում», նա այդքան էլ մեղավոր չէ: Այլ հարց է, որ նա կարծես թե նախկին ազդեցությունը չունի ֆուտբոլիստների վրա, և նրա թիմերում հաճախ զգացվում է խաղային կարգապահության խնդիրներ. ով դիտել է «Արսենալի» դեմ խաղը, կհասկանա, թե ինչի մասին է խոսքը:

«Նապոլիի» համար այս մրցաշրջանը, որը պետք է լիներ կարգի աճի տարի, արդեն իսկ ունեցավ ծանոթ զարգացմամբ սցենար՝ երբ նրանք լավ են մեկնարկում մրցաշրջանը, բայց ի վիճակի չեն լինում միևնույն ժամանակ լավ արդյունքների հասնել և’ ՉԼ-ում. և ներքին առաջնությունում: Թիմը արդեն իսկ դուրս մնաց ՉԼ-ից՝ հայտնվելով Եվրոպայի լիգայում, որը իտալական թիմերը ամենաքիչն են կարևորում, իսկ «Սերիա Ա-ում» «Յուվենտուսից» միավորների տարբերությունը արդեն իսկ -8 է:

Ինչ վերաբերվում է «Ինտերին», ապա ակումբը վաճառելու` Մորատիի գաղափարը իրագործելու համար շատ կարևոր է որակավորվել ՉԼ, ինչը «Ռոմայի» անակնկալ լավ արդյունքներից հետո, շատ բարդ է անելը:   

«Միլան» — «Ռոմա»

Երկուշաբթի, ժամը 23:45

Տոտտին վերադարձել է, և սա ամենաուրախալի նորությունն է «Սկուդետտոյի» մասին երազող «ռոմանիստաների» համար: Այս մրցաշրջանում «Ռոման» արդեն իսկ հաղթանակ տարել է «Սան Սիրոյում», բայց դա այն ժամանակ էր, երբ թիմը թերևս լավագույն ֆուտբոլն էր ցուցադրում ամբողջ Եվրոպայում: «Միլանին» հաղթել հնարավոր է, դրան շատ մոտ էր «մանկական» «Այաքսը», որը հստակ ցույց տվեց, որ մեկ նախկին աստղով և մեկ ոչ հավասարակշիռ Բալոտելլիով «փլեյ-օֆֆ» դուրս գալուց ավելին դժվար է անել: Այդ ամենը շատ լավ հասկանում են նաև Բերլուսկոնիների ընտանիքում, և ամռանը նոր նախագիծ կսկսեն՝ նոր սպորտային տնորենի և նոր մարզչի հետ: Իսկ այս պահին պարզապես հարկավոր է որքան հնարավոր է` կարգավորել խաղն ու մոտենալ Եվրոպայի լիգայի գոտուն, քանի որ ՉԼ-ի մասին երազելը չափազանց ռոմանտիկ է թվում:

Բացի վերոհիշյալ խաղերից «Բունդեսլիգայում» «Բավարիան» իր` «Սիթիից» կրած պարտության ամբողջ զայրույթը կփորձի արտահայտել «Համբուրգի» դեմ խաղում. «Բավարիա» — «Համբուրգ» հանդիպումը կսկսկվի շաբաթ ժամը 16:30-ին: Ֆրանսիայի առաջնությունում կենտրոնական հանդիպումը կլինի «Լիոն» — «Մարսելը» որը կսկսվի կիրակի 23:59-ին: Իսպանիայում էլ երկրորդ հորիզոնականում ընթացող Մադրիդի «Ատլետիկոն» կհյուրընկալի այն թիմին, որին նա փոխարինեց Սիմեոնեի` թիմի գլխավոր մարզչի դերը ստանձնելուց հետո. «Ատլետիկո» — «Վալենսիան»` կիրակի ժամը 23:59:

 

Նախորդ հոդվածը‘Կիեւում մեկնարկել է Յանուկովիչի կողմնակիցների հանրահավաքը’
Հաջորդ հոդվածը‘Զմեռ պապիկները դեմ են կենսաթոշակային պարտադիր 5% վճարին. Ֆոտոշարք’