‘Հանդիպումներ, որոնք չարժե բաց թողնել’

960

«Ոսկե գնդակի» հաղթողի անունը ի հայտ գալուց հետո նրա մյուս հավակնորդները արդեն իսկ սկսել են 2014-ի լավագույն ֆուտբոլիստի կոչման համար պայքարը:

Անգիայում՝ «Չելսի» — ՄՅՈՒ, որը մրցաշրջանից առաջ թվում էր,թե կարող էր լինել մրցաշրջանի կենտրոնական հանդիպումը, Իտալիայում՝ Զեեդորֆի դեբյուտը մարզչի կարգավիճակում, իսկ ահա Իսպանիայում առաջատարները կփորձեն վաստակել իրենց հերթական 3 միավորները, ինչը անելը այս անգամ այդքան էլ հեշտ չի լինի: Այս ամենի և այլ խաղերի մասին՝iLur.am-ի եվրոպական ուիքենդի անոնսում:

«Բետիս» — «Ռեալ Մադրիդ»

Շաբաթ, ժամը 19:00

«Բետիսում» հեռացրին իսպանացի ամենահզոր մասնագետներից մեկը համարվող Ֆելիպե Մելին, բայց Խուան Կարլոս Գարրիդոյի հետ թիմի խնդիրները այդպես էլ չլուծվեցին: Սևիլիացիներն իրենց վերջին հաղթանակը տարել են սեպտեմբերի վերջին «Վիլյառեալի» նկատմամբ, որտեղից և ֆուտբոլային աշխարհին հայտնի դարձավ Գարրիդոն, իսկ սեպտեմբերից մինչ այժմ Մելի հետ թիմը ընդամենը 3 անգամ ոչ-ոքի խաղաց՝ պարտվելով մնացած բոլոր խաղերում:

«Բետիսի» խաղացողները շարունակում են պնդել, որ նրանք «Սեգունդա» չեն ուղևորվի, և դա անելու համար Անչելոտիի թիմի դեմ միավոր վաստակելը մեծ նշանակություն կարող է ունենալ, հատկապես՝ խաղացողների տրամադրությունը փոխելու համար: Սերուցքայինների համար խաղը ավելի սկզբունքային է, նախ՝ անցյալ մրցաշրջանում «Բենյիտո Վիլյամարին» մարզադաշտում պարտության ու նաև Ռոնալդուի և Բեյլի մարզավիճակի պատճառով: Առաջինը պետք է ապացուցել, որ «Ոսկե գնդակը» նվաճելուց հետո չի դատարկվել, հատկապես՝ երբ Մեսսին 2014-ին արդեն իսկ գերազանցում է իրեն գոլային ցուցանիշներով, իսկ երկրորդը, որ արժանի է իր համար վճարված գումարի գոնե կեսին:

«Պրիմերայի» այլ խաղերում «Ատլետիկոն» կհյուրընկալի Էմերիի «Սևիլիային», ովքեր լավ մարզավիճակում են և չեն պարտվել նոյեմբերի սկզբից ի վեր, իսկ Բարսային դժվարին երեկո է սպասվում «Լևանտեի» դեմ խաղում, ովքեր սեփական դաշտում հիանալի են կարողանում «փակվել»:

«Չելսի» — «Մանչեստեր Յունայթեդ»

Կիրակի, ժամը 20:00

Ամբողջ Եվրոպայի կենտրոնական հանդիպումը, որի օգոստոսյան առաջին հանդիպումը շատ ավելի մեծ հետաքրքրություն էր առաջացնում և համարվում էր չեմպիոնության համար պայքարող թիմերի դիմակայություն: Այժմ շատ բան այլ է: «Չելսին», ճիշտ է, գտնվում է առաջատարների եռյակում, բայց խաղի որակի առումով Մոուի թիմը զիջում է նույնիսկ «Էվերտոնին»: «Յուրահատուկը» համարում է, որ խաղացողների այս կազմը իր համար չի նախատեսված և սկսել է կազմը «մաքրելու» գործընթացը՝ Դավիդ Լուիսի և Մատայի գործակալները սկսել են իրենց ֆուտբոլիստների համար նոր աշխատատեղերի փնտրտուքը: Որևէ տիտղոս նվաճելուց հետո Մոուին, թվում է,կտրվեն ավելի մեծ առավելություններ, և Մատա Լուիս զույգին կարող են այլ խաղացողներ էլ հետևել:

Մոյեսի մոտ խնդիրները շատ ավելի խորքային են, և թվում է, որ այս մրցաշրջանում դրանք դժվար թե լուծվեն:

Կիրակի երեկոյան ՄՅՈՒ-ն կլինի առանց Ռունիի և Վան Պերսիի, իսկ Մոուրինյոյի «Չելսին» «Պրեմիեր լիգայում» «Սթեմֆերդ Բրիջում» պարտություն չի կրել: Այս իրավիճակը «ազնվականների» համար կատարյալ է թվում հերթական 3 միավորը վաստակելու և «Սիթի» «Արսենալ» զույգից հետ չմնալու համար: Բացի այդ, «Յունայթեդի» նկատմամբ հաղթանակը կարող է դառնալ Մոուրինյոյի համար 100-րդը «Պրեմիեր Լիգայում»:

«Պրեմիեր լիգայի» հերթական տուրում ուշադրության է արժանի նաև լոնդոնյան դերբին՝ «Արսենալ» — «Ֆուլհեմ» և «Լիվերպուլ» — «Աստոն Վիլլան»:

«Միլան» — «Վերոնա»

Կիրակի, ժամը 23:45

Զեեդորֆը «Միլանի» գլխավոր մարզչի պաշտոնում: Դժվար է ասել, թե հատկապես որ գործոնները հաշվի առնելով է առաջնորդվել Բեռլուսկոնին, բայց այս որոշումը ապտակ էր Ինձագիի համար, ով արդեն երկրորդ տարին է՝ երազում էր Ալեգրիին փոխարինելու մասին:

Ովքեր վերջին մրցաշրջաններում այդքան էլ ուշադիր չէին Բեռլուսկոնիի թիմի նկատմամբ, կարող են լուրջ չընկալել այս փաստը՝ հիշելով, որ բոլորովին վերջերս հոլանդացու աշխատանքը խոտածածկի վրա էր: Բացի այդ՝ նոստալգիկ տրամադրությունը կարող է ավելացնել նաև Կակայի առկայությունը «ռոսսոներիների» հիմնական կազմում:

«Վերոնայի» հետ հեշտ խաղ չի սպասվում: Մանդորլինիի թիմը այժմ «Միլանին» գերազանցում է 10 միավորով և «Նապոլիից» 3-0 հաշվով կրած պարտությունից հետո ամեն կերպ կփորձի հաստատել «Սերիա Ա-ում» իր լուրջ հավակնությունները. Լուկա Տոնին պատրաստ է և ավելի լավ մարզավիճակում է, քան նույն Բալոտելլին կամ Պացինին:

Բացի վերոհիշյալ հանդիպումներից՝ Ֆրանսիայում Միշել Տեր-Զաքարյանին «Նանտը» կհյուրընկալվի առաջատար ՊՍԺ-ին: Հոլանդիայում էլ տեղի կունենա «Այաքս» — ՊՍՎ կամ շատերի համար Դե Բուր — Ֆիլիպ Կոկու նախկին խաղընկերների դիմակայությունը:

Նախորդ հոդվածը‘«Ընդդեմ պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի» հավաք-երթ (ուղիղ)’
Հաջորդ հոդվածը‘«Դ!եմ եմ» նախաձեռնության և ոչ իշխանական ուժերի համատեղ հանրահավաքը (մեծ ֆոտոշարք)’