‘Հանդիպումներ, որոնք չարժե բաց թողնել’

662

Ազգային հավաքականների կազմում ընկերական հանդիպումներից հետո ֆուտբոլիստները վերադարձել են իրենց ակումբներ, որոնց կազմում շաբաթ և կիրակի օրերին կանցկացնեն հերթական խաղերը: Ինչպես միշտ, iLur.am-ը ձեզ է ներկայացնում հանգստյան օրերի եվրոպական ֆուտբոլի կարևորագույն հանդիպումների անոնսը:

«Բավարիա» — «Շալկե 04»

Շաբաթ, ժամը 21:30

Չնայած որ «Բունդեսլիգա»-ի չեմպիոնության հարցը կարելի է լուծված համարել, եթե, իհարկե, երկրորդ տարին անընդմեջ «Բորուսիա»-ն սխրանք չգործի, բայց դեռևս կան մի շարք անորոշ հարցեր: Դրանցից մեկը, անշուշտ, ՉԼ որակավորվող թիմերի կազմն է, որոնց թվում «Շալկե 04»-ի ներկայությունը մրցաշրջանի սկզբում անքննարկելի էր թվում: Գելզենկիրխենցիները, մի քանի առաջատարների վնասվածքների և դրանցից բխած խաղային խնդիրների պատճառով, այս պահին զբաղեցնում են 6-րդ հորիզոնականը: Հյուրերի կազմում այս անգամ բացակայում են հարձակման առաջատարներ Աֆելայն ու Հունտելաարը, և, իհարկե, նման պայմաններում շատ բարդ կլինի հավասար խաղ ակնկալել մյունխենցիների հետ: Ուլի Հյոնեսի թիմը, իր հերթին, կարելի է ասել՝ եվրոպական գրանդներից միակն է, որ ձմռանը խաղային անկում չունեցավ: Իհարկե, դա շատերը կարող են կապել գերմանական ֆուտբոլում երկարատև հանգստի հետ, բայց միևնույն է, նրանք այժմ իրենց ֆիզիկական պատրաստվածությամբ  կտրուկ գերազանցում են նույն Յուվեին կամ Բարսային: Պետք է սպասել, իհարկե, մարտ ամսվա սկզբին, բայց այս պահին նրանք ՉԼ-ն հաղթելու գլխավոր հավակնորդը կարող են համարվել: Դրան նպաստում է նաև ներքին առաջնությունում Դորտմունդի «Բորուսիա»-ի հանդեպ 12 միավորի առավելությունը, որը նրանց թույլ կտա կազմը ռոտացիայի ենթարկել «Արսենալ»-ի հետ խաղերից առաջ: Ամեն դեպքում՝ Հյոնեսի «Բավարիա»-ին կարելի է հետևել ամեն խաղում, որպեսզի ուղղակի ավելի պարզ լինի, թե ինչը և ինչպես է փոխելու թիմում Գվարդիոլան:

«Լացիո» — «Նապոլի»

Շաբաթ, ժամը 23:45

Յուվեի երկրպագուների համար՝ շնչելու հնարավորություն: Սեպտեմբերից սկսած՝ մենք ականատես ենք, թե ինչպես են այս 2 թիմերը, գումարած՝ «Ինտեր»-ը, պարբերաբար մոտենում առաջատարին, և ինչպես է ամբողջ Իտալիան սկսում քննարկել, որ «Սկուդետտո»-ի հարցը դեռևս որոշված չէ: Յուվեն, իր հերթին, դժվար հանդիպում է անցկացնելու, և հյուրերը հաղթանակի դեպքում կհավասարվեն առաջատարի հետ՝ նրանց խաղից առաջ: Հետաքրքիր է նաև Լուի Սաայի հավանական դեբյուտը «լացիալներ»-ի կազմում, ում Պետկովիչը դիտարկվում է  ապագայում որպես Կլոզեի հնարավոր փոխարինող: Իսկ մինչ այդ գերմանացին հերթական հնարավորությունը ունի իր մասին խոսեցնելու և ապացուցելու, որ իր կարգով ամենևին չի զիջում Էդիսոն Կավանիին: Ինչպես գրեթե միշտ՝ «Սերիա Ա»-ի առաջատարների միջև խաղերում կարելի է սպասել չափազանց տակտիկական պայքար, որտեղ ամեն ինչ կարող է որոշել ընդամենը մեկ սխալը:

«Ռեալ Մադրիդ» — «Սևիլյա»

Կիրակի, ժամը 01:00

Սըր Ալեքսի տղաներին հանդիպելուց առաջ «սերուցքայիններ»-ն այսօր կընդունեն ևս մեկ կարմիր «սատանաների», ովքեր այս մրցաշրջանում արդեն բավականին վնասել են իրենց: Մոուն կարող է հիմնական կազմից բավականին տարբերվող կազմ դաշտ դուրս բերել, քանի որ «Մանչեստեր»-ի հետ հանդիպումն այս պահին մրցաշրջանի ամենակարևոր հանդիպումն է: Ժոզեն խաղին չի հայտավորել Դի Մարիային, Վարանին, Ալոնսոյին, Մարսելոյին, բայց փոխարենը հայտացուցակում է հայտնվել վնասվածքից ապաքինված Պեպեն, ով կխաղա նաև «Մանչեստեր»-ի հետ: Հյուրերի համար «Ռեալ»-ի նման թուլացված կազմը լավ հնարավորություն է նրանցից հերթական միավորները խլելու: Նեգրեդոն և Նավասը բավականին լավ մարզավիճակում են, և այդ պատճառով պետք է սպասել բաց խաղ, բազմաթիվ հակագրոհներով և վտանգավոր պահերով:

«Մանչեստեր Յունայթեդ» — «Էվերտոն»

Կիրակի, ժամը 21:00

Ֆերգյուսոնի թիմը նույնպես ավելի շատ է մտածում Մադրիդի, քան իրենց առաջիկա մրցակցի մասին: «Մոյզես թիմ»-ը «Օլդ Տրաֆորդ» է ներկայանում հաղթանակի մեծ ցանկությամբ, քանի որ շատ լավ հասկանում է, որ ունակ է զբաղեցնել ավելի բարձր հորիզոնական,  քան 5-րդն է: Անցյալ մրցաշրջանում թիմերի միջև գրանցված 4-4 հաշիվը հույսեր է ներշնչում գոլառատ խաղի, որտեղ շատ հետաքրքիր է, առաջին հերթին, մարզչական հակամարտությունը:

Բացի եվրոպական ֆուտբոլից, կիրակի օրը տեղի կունենա նաև Աֆրիկայի ազգերի գավաթի եզրափակիչ` Նիգերիա – Բուրկինա Ֆասո հանդիպումը, որը կսկսվի Երևանի ժամանակով 21:30-ին: Իհարկե, նիգերացիները Կոտ դ’Իվուարի և Մալիի նկատմամբ տարած հաղթանակներից հետո համարվում են բացահայտ ֆավորիտ, բայց պետք է չմոռանալ, որ խմբային փուլում նրանք չկարողացան հաղթել Բուրկինա Ֆասոյի թիմին, ովքեր հաղթանակի դեպքում ավելի մեծ անակնկալի հեղինակ կդառնան, քան զամբիացիները՝ նախորդ մրցաշարում: Այժմ Բուրկինա Ֆասոյում բոլորը աղոթում են, որպեսզի Աֆրիկայի ֆուտբոլային կոնֆեդերացիան չեղյալ համարի իրենց առաջատար Պիտրոպայի որակազրկումը և թույլ տա նրան մասնակցել եզրափակչին: Խաղադաշտերի որակը, իհարկե, միանգամից հիասթափեցնում է, բայց եզրափակիչը Աֆրիկայում էլ է եզրափակիչ:

Նախորդ հոդվածը‘Հաղթանակը չի վաճառվում. Արթուր Աբրահամ’
Հաջորդ հոդվածը‘Արմեն Աշոտյանը՝ Դպրոցում ՀՀԿ քարոզչություն անող տնօրեններին. Չեն՛ք հանդուրժելու’