‘«Հանձնաժողովներում Կոնգրեսի տեղերը «ծախելու» մասին լուրը տվել է Բագրատյանի շտաբի պետի տիկինը»’

887

ՀՀՇ նախկին անդամ, նախագահի թեկածու Հրանտ Բագրատյանի Արտաշատի շտաբի պետ Հենրիկ Ավագյանը տեւական ժամանակ է մամուլով հայտարարություններ է անում, թե իբր Հայ ազգային կոնգրեսը ընտրական հանձնաժողովներից դուրս է թողնում իր լիցենզավորված անդամներին, եւ նրանց տեղերը տալիս ՀՀԿ-ին ու ԲՀԿ-ին: Նախօրեին Ավագյանը «Հայկական ժամանակի» օրաթերթին ասել էր, թե իբր «կոնգրեսականներին ցուցակից հանողն ու իշխանության ներկայացուցիչներին նշանակողը եղել է ՀԱԿ-ի Արտաշատի պատասխանատու Հարութ Հովհաննիսյանը»: Սակայն, ամենաուշագրավն այն է, որ հեռախոսազրույց տալով ՀԺ-ին՝ վերջինս ասել է, թե իբր հանձնաժողովների ցուցակից դուրս մնացած կոնգրեսի 4 ներկայացուցիչներից մեկը՝ Արյուսակ Հովհաննիսյանն իր կողքին է, եւ ապա ՀԺ-ի հետ զրույցում ինչ-որ մեկը Արյուսակ Հովհաննիսյանի անունից մեկնաբանություններ է տվել՝ հայտարարելով, թե՝ «որքան հասկանում եմ, ՀԱԿ-ի ներկայացուցիչներից, որը կարող է պայքար տանել, չպիտի ընդգրկվի էդ ցուցակների մեջ, ինչքան հեռու լինի ընտրություններից, այնքան իրենց ձեռ ա տալիս»:

Քիչ առաջ, սակայն, iLur.am-ի խմբագրություն  զանգեց իրական Արյուսակ Հովհաննիսյանը, ով զայրացած եւ զարմացած տեղեկացրեց, որ իրականում ինքը որեւէ մեկնաբանություն չի տվել թերթին, եւ որ կասկածներ ունի, որ իր անունից մեկնաբանություններ է տվել կոնկրետ անձ՝ Հրանտ Բագրատյանի շտաբի պետի տիկինը:

Տիկին Հովհաննիսյանը տեղեկացրեց, որ ինքը «Արտաշատի իրավապաշտպան բարեգործական ասոցիացիայի» նախագահն է, ընտրություններում միշտ եղել է որպես վստահված անձ, երբեք չի եղել հանձնաժողովի անդամ, եւ այս անգամ եւս իր անունը չի եղել հանձնաժողովի անդամների ցանկում: «Հենրիկ Ավագյանը ստում է»,- նշեց տիկին Հհովհաննիսյանը:

Ի դեպ, Կոնգրեսի Արտաշատի կառույցի ղեկավար Հարություն Հովհաննիսյանը նախօրեին iLur.am-ին նույնպես տեղեկացրել է, որ Ավագյանի հայտարարությունները իրականությանը չեն համապատասխանում:  

«Մամուլում հայտնված հրապարակումից հետո մենք մեր ցուցակը բերեցինք Կոնգրեսի գրասենյակ եւ մանրամասն քննարկեցինք, հատ առ հատ նայեցինք, եւ Հենրիկի ասած որեւէ բան չի համապատասխանում իրականությանը: ՀԱԿ Արտաշատի կառույցը 2012-ի ԱԺ ընտրությունների ժամանակ եւ դրանից հետո ցուցակ է ներկայացրել՝ տեղամասային հանձնաժողովներում Կոնգրեսի ներկայացուցիչների անուններով: Ցուցակում Կոնգրեսի անդամներից բացի կան նաեւ ԲՀԿ անդամներ, բայց ոչ երբեք ՀՀԿ-ականներ», — ասել է Հարություն Հովհաննիսյանը:

Նախորդ հոդվածը‘Թուրքական կուսակցությունը հանդես է եկել Աքրամ Այլիսլիի պաշտպանությամբ’
Հաջորդ հոդվածը‘Արսեն Վենգեր. Եթե անցնենք «Բավարիային», ապա ինչո՞ւ չնվաճել Չեմպիոնների լիգան’