‘Հանցագործների շահերն սպասարկող արդարադատություն ‘

2135

Հանրապետության հրապարակում փուչիկների պայթյունի գործով դատավարության ավարտը և հրապարակված դատավճիռը շատ հստակ ուրվագծեցին զուգահեռաբար ընթացող և հասարակության ուշադրության կենտրոնում գտնվող մյուս երկու` քաղբանտարկյալների և Վահե Ավետյանի սպանության գործով դատավարությունների ընթացքն ու դատավճռի մոտավոր  տեսքը:

Իհարկե, դրանք անակնկալ դատավճիռներ չեն լինելու: Դրանք լինելու են երկրում  ամենաթողության մթնոլորտին լիովին համապատասխան և համաչափ դատավճիռներ: Վերջիվերջո, հենց փուչիկների գործով դատավճիռն էլ ամենևին անակնկալ  չէր: Միանշանակ էր, որ Հայաստանում տիրող իրավիճակում, երբ իշխող կուսակցության և Սերժ Սարգսյանի մերձավոր շրջապատի ներկայացուցիչները օրենք խախտելու և չպատժվելու հատուկ արտոնությամբ են օժտված, արդարություն, արդարադատություն ակնկալելն առնվազն միամտություն կլիներ:

Ընդհանրապես, վերջին տարիների իրադարձությունները հստակ ցույց են տալիս իրավապահ համակարգի լիակատար կախվածությունը իշխանության գլխին գտնվողների նեղ անձնական շահերից:  Հերիք է միայն հիշել անցյալում տեղի ունեցած մի քանի դեպքեր` եզրակացնելու համար, որ վերոնշյալ դատական գործերն ու դատավճիռները լիովին տեղավորվում են մեր իրականության տրամաբանության մեջ: 

2001 թ. սեպտեմբերի 11-ին Երեւանի Թումանյան փողոցի իր բնակարանում սպանվեց վարչապետի խորհրդական, պետեկամուտների նախկին նախարար Գագիկ Պողոսյանը, գործն այդպես էլ չբացահայտվեց։ Ավելին, կասեցվեց՝ հանցագործի անձնավորությունը հայտնի չլինելու պատճառաբանությամբ։ Գագիկ Պողոսյանի սպանության հետ կապված՝ հայտարարություն էր ստացվել, որի համաձայն ՝ հանցագործության կազմակերպիչը Ազատամարտիկների և կանանց վետերանների միության նախագահ Միհրան Մովսիսյանն է եղել։ 

2003 թ. Ֆառ-ի գործ. Նուբարաշենի ճանապարհին սպանվեց ճանապարհին մեքենան կայանած Գարեգին Հարությունյանը` ՀՀ ՊՆ ռազմաբժշկության վարչության պետի տեղակալը: Որպես տեղի ունեցածի պատվիրատու` կալանավորվեց «Ֆառ» մականունով Արթուր Սարգսյանը` մեկը, որը շուրջ երկու տարի անց «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ից ազատ արձակվեց`իբր առողջական լուրջ խնդիրներ ունենալու պատճառաբանությամբ: 

2007-ի մայիսի 12-ին Լևոն Գուլյանը սպանվեց ոստիկանության գլխավոր քննչական բաժնում, ինչը պաշտոնապես ներկայացվեց՝ թե իբր նա ցանկացել էր երրորդ հարկից պատուհանով փախչել, բայց վայր է ընկել եւ մահացել: Իսկ ինչու պետք է որպես վկա հարցաքննվող անձը ցանկանար փախուստի դիմել` այդպես էլ չպարզաբանվեց: 

2008 թ. հոկտեմբերի 12-ին Էջմիածնի կենտրոնական փողոցներից մեկում հրազենից արձակած յոթ կրակոցներից սպանվեց 24-ամյա Սուրեն Մովսիսյանը: Փաստի առիթով ոստիկանության Էջմիածնի քննչական բաժնում հարուցվեց  քրեական գործ ՀՀ քր.օր.-ի 104 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: Մարդասպանի մասին խոսակցություններում շրջանառվում էր գեներալ, ԱԺ պատգամավոր Սեյրան Սարոյանի թիկնազորի անդամ Ատամանի` Արմենի անունը: Սակայն սպանության հետ կապված նրա մեղքն իբր չապացուցվեց, սպանության գործով քրգործի վարույթը կասեցվեց: 

2009 թ. փետրվարի 3-ին իր բնակարանի դիմաց դարանակալ մարդասպանի կրակոցներից սպանվեց ՀՀ ոստիկանապետի տեղակալ, ոստիկանության գնդապետ, ՀՀ նախագահի իրավական հարցերով նախկին օգնական, նախագահի հրամանով ստեղծված Հակակոռուպցիոն ռազմավարության իրականացման մոնիտորինգի հանձնաժողովի նախկին նախագահ Գևորգ Մհերյանը: Հանցագործություն կատարողները չհայտնաբերվեցին: 

2010 թ. ապրիլի 13-ին Չարենցավանի ոստիկանության բաժնում խոշտանգումների  ենթարկվեց և դանակի 2 հարվածից սպանվեց 24-ամյա Վահան Խալաֆյանը: Չնայած գործում սպանությունն ապացուցող բազմաթիվ նյութերի առկայությանը՝ դատարանը տեղի ունեցածը որակեց որպես ինքնասպանություն: Քրեական հետախուզության բաժնի նախկին պետ Աշոտ Հարությունյանը, ով մեղադրվում էր Խալաֆյանին ինքնասպանության հասցնելու մեջ, դատապարտվեց 8 տարվա ազատազրկման, խոշտանգումներին, այնուհետև սպանությանը և սպանության պարտակմանը մասնակցած օպերլիազոր Մորիս Հայրապետյանը՝ 2 տարի պայմանական ազատազրկման, իսկ մյուս երկու մեղավորներին` օպերլիազորներ Գագիկ Դավթյանին եւ Գագիկ Ղազարյանին, դատարանն արդարացրեց: Դատական նիստերից մեկի ժամանակ Ա. Հարությունյանը, դիմելով Չարենցավանի ոստիկանապետ Նորայր Հեբոյանին, որը սպանության պահին նույնպես բաժնում է եղել, մի քանի անգամ հայտարարեց, որ  ինքը չի պատրաստվում քավության նոխազ լինել ուրիշի արածների համար՝ հասկացնելով, որ առանց ոստիկանապետի իմացության կամ կարգադրության նրանք սպանություն չէին գործի: Սակայն իրական մեղավորներն այդպես էլ չպատժվեցին: 

2011 թ. օգոստոսի 15-ին «Հարսնաքար» ռեստորանային համալիրում երկու հոգու ծանր մարմնական հրազենային վնասվածքներ հասցրած ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանի թիկնապահ Աշոտ Սնջոյանին` Եզդի Աշոտին, մեղադրանք էր առաջադրվել ՀՀ Քրեական օրենսգրքի հենց 120 հոդվածի հատկանիշներով, այսինքն՝ նա մեղադրվում էր անզգուշությամբ մարմնական ծանր վնասվածք հասցնելու համար, իսկ որպես խափանման միջոց՝ ընտրվել էր չհեռանալու մասին ստորագրությունը: Մի քանի ամիս անց քրգործը կարճվել էր: Սնջոյանը որեւէ պատասխանատվության չէր ենթարկվել: Նրա կողմից հրազենի գործածման հետեւանքով երկու հոգի ոսկրային կոտրվածքներով տեղափոխվել էին մայրաքաղաքի տարբեր հիվանդանոցներ եւ բարդ վիրահատությունների ենթարկվել: 

2012թ. ապրիլի 22-ին Արարատի մարզի Մխչյան գյուղում երիտասարդ մի աղջիկ վրաերթի էր ենթարկել 3-ամյա Ալեն Սիմոնյանին, ով հիվանդանոցում մահացել էր: Վրաերթի հեղինակը ՀՀ ոստիկանության Արարատի մարզային վարչության պետ, ոստիկանության գնդապետ Արսեն Աբրահամյանի դուստր Ալլա Աբրահամյանն էր: Իսկ Արսեն Աբրահամյանն Աժ նախագահ Հովիկ Աբրահամյանի եղբորորդին է: Ավելի ուշ գործը կարճվել է հանցակազմի բացակայության հիմքով: Անցած տարվա նոյեմբերի 3-ին Արարատի մարզի Ազատավան գյուղում վրաերթի հետեւանքով մահացել էր 56-ամյա բնակիչ Գեւորգ Լաթոյանը: Այս դեպքը եւս կապվում էր Աբրահամյանների ընտանիքի իգական սեռի ներկայացուցիչներից մեկի հետ: Որեւէ մեկը, սակայն, այս դեպքում եւս պատասխանատվության չենթարկվեց: 

Օրինակները, որոնք բազմաթիվ են, ցույց են տալիս, որ վերոնշյալ դեպքերը չի կարելի դիտարկել իրարից անջատ: ՀԱԿ չորս երիտասարդների, Վահե Ավետյանի և Հրապարակի պայթյունի դեպքերն անպատժելիության ու անարդարության լավագույն օրինակներն են : Մի դեպքում հանրությունը պահանջում է ազատ արձակել քաղբանտարկյալներին, մյուս դեպքերում` դատապարտել և համարժեք պատասխանատվության ենթարկել  իրական մեղավորներին:

Սրանք Բաղրամյան 26-ից հովանավորվող ամենաթողության արդյունք են: Սրանք օր ու գիշեր արդարադատություն և «մեծ գլուխների» հարցերի լուծում խոստացող Սերժ Սարգսյանի ստախոսության ապացույցն են: Եվ սա նշանակում է մեկ բան՝ որ Հայաստանում չկա արդարություն, և որ ՀՀ քաղաքացիներն այսօր ունեն մեկ առաջնային խնդիր. վերականգնել արդարությունը` ձևավորել օրինական իշխանություն, հասարակության, այլ ոչ թե հանցագործների շահերին ծառայող ոստիկանություն և դատարաններ: 

 

Արեգ Գևորգյան

Նախորդ հոդվածը‘Մեծ Բրիտանիայի թագուհին ցածր աշխատավարձով սպասուհի է փնտրում ինտերնետով’
Հաջորդ հոդվածը‘«Անդերլեխտի» գլխավոր տնօրեն. Հաջողության դեպքում մազերս մանուշակագույն կներկեմ’