‘Հաշվապահները փետրվարի 20-ից հետո դատարանում կվիճարկեն հնարավոր տուգանքները’

1035

2013-ի հունվարի 1-ից ուժի մեջ մտած «Եկամտային հարկի մասին» օրենքի համաձայն՝ բոլոր հարկ վճարողները պարտավոր են հարկային հաշվետվությունները ՊԵԿ ներկայացնել էլեկտրոնային եղանակով։ Դրա համար հարկ վճարողի հարկային գործակալը պետք է ոստիկանության անձնագրային բաժանմունքում նույնականացման քարտ և էլեկտրոնային հաշվի կոդ ձեռք բերի։

Արդեն նախորդ տարեվերջին պարզ դարձավ, որ ոստիկանությունը որոշակի խնդիրներ ունի քաղաքացիներին նույնականացման քարտով ապահովելու հարցում: Բազմաթիվ էին դեպքերը, երբ էլեկտրոնային անձնագիր ստանալու համար դիմած քաղաքացիները ստիպված էին լինում սպասել մի քանի շաբաթ: Ոստիկանությունը վստահեցնում էր, որ խնդիրը ժամանակավոր բնույթ է կրում:

Սակայն, պարզվում է, որ մինչ օրս խնդիրը լուծված չէ, եւ շատ հարկային գործակալներ դեռ նույնականացման քարտ չեն ստացել: Իսկ նոր օրենսդրության համաձայն՝ առաջին հարկային հաշվետվությունը ներկայացնելու վերջնաժամկետը փետրվարի 20-ն է:

Փետրվարի 4-ին նույնականացման քարտ ստանալու նպատակով անձնագրային վարչություն  դիմած մի քաղաքացի, որը վարում է մի քանի կազմակերպությունների հաշվապահությունը, iLur.am-ի հետ զրույցում նշեց, որ իրեն հրավիրել են քարտ ստանալու փետրվարի 28-ին: Ընդ որում, ըստ մեր զրուցակցի՝ երաշխավորված չէ, որ նշված ժամկետում նրան կտրամադրվի քարտը, քանի որ ծանոթ է մի շարք դեպքերի, երբ նշանակված օրը նույնականացման քարտերը չեն տրամադրվել՝ ժամկետը հետաձգվել է անորոշ ժամանակով:  

«Ես պետք է հաշվետվություն ներկայացնեմ մինչեւ փետրվարի 20-ը, այլապես իմ կազմակերպությունները ստիպված են լինելու 10-20 հազար դրամ տուգանք վճարել՝ հարկային հաշվետվություններն ուշացնելու պատճառով», — ասաց մեր զրուցակիցը՝ խնդրելով չհրապարակել իր անունը:

Նշենք, որ ՊԵԿ պաշտոնյաները բազմիցս նշել են, որ հարկային հաշվետվություններն ընդունելիս հետեւելու են օրենքի պահանջին եւ ժամկետների հարցում չեն պատրաստվում զիջումների գնալ:

Մեր զրուցակիցը նշեց նաեւ, որ անձնագրերի եւ վիզաների վարչությունում առաջարկել են 20 հազար դրամի դիմաց քարտը տալ մեկ օրվա ընթացքում:

«Եթե տեխնիկապես հնարավոր է մեկ օրվա մեջ քարտը տալ, ինչու՞ են երեք շաբաթ սպասեցնում», — տարակուսեց  հաշվապահը: Նրա խոսքով, ըստ էության՝ հարկային հաշվետվությունը ուշացնելու համար նախատեսված տուգանքի եւ նույնականացման քարտը շտապ կարգով ստանալու համար պահանջվող գումարը նույնն է, «այսինքն՝ ես այսպես թե այնպես պետք է այդ քսան հազարը վճարեմ», — նշեց նա: Ընդ որում՝ քաղաքացին  մտադիր չէ հեշտությամբ «բաժանվել» այդ գումարից: Նրա խոսքով, փետրվարի 20-ից հետո ինքը եւ իր մի քանի գործընկերները՝  սպասարկած կազմակերպությունների դեմ տուգանքներ առաջանալու դեպքում վիճարկելու են դրանք դատական կարգով, «քանի որ մեր մեղքով չէ, որ հաշվետվություններն ուշացել են», — եզրափակեց մեր զրուցակիցը:

Նախորդ հոդվածը‘Արոնյանը կմասնակցի Ստավանգերի Գերմրցաշարին’
Հաջորդ հոդվածը‘Ոստիկանությունն արդեն հոգեւոր պատասխանատու ունի’