‘Հաջողված հանրահավաքը հետագա հաջողությունների բանալին է’

1491

Որքան էլ իշխանությունները եւ նրանց՝ խղճուկ վիճակում հայտնված սպասարկուները երազում էին, որ հոկտեմբերի 24-ի հանրահավաքը տապալվի, չստացվի, սակավամարդ լինի, բայց իրականությունն այն է, որ հանրահավաքը գերազանցեց անգամ ամենալավատեսների սպասումները:

Այն, որ հանրահավաքը կրկին բազմամարդ էր, չեն կարող հերքել անգամ նրանք, ովքեր չէին ցանկանա, որ Ազատության հրապարակում գոնե մեկ մարդ լինի: Իսկ ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի ելույթը տվեց շատ հարցերի պատասխաններ, եւ այլեւս դեմագոգիայով զբաղվողները ծանր խնդրի առջեւ են կանգնել:

Լեւոն Տեր-Պետրոսյանը իր փորձով եւ գիտելիքներով կարողացավ ճիշտ կողմնորոշվել եւ իր ելույթում ցույց տվեց այն ճանապարհը, որով պետք է գնալ հաղթանակի հասնելու համար: Հայաստանի հաղթանակի համար պայքարող մարդը չպետք է տրվի սադրանքներին, չպետք է չարանա, այլ պետք է պայքարի մեծահոգությամբ լեցուն, խելամիտ եւ առանց ավելորդ հույզերի:

Հասկանալի է, որ շատերը շտապում են, բայց ինչպես ասվում է հայտնի ասացվածքում` շտապես, մարդկանց կծիծաղեցնես: Եւ շատ լավ է, որ առաջին նախագահը տուրք չտվեց հույզերին, ամբոխավարությանը եւ այս փուլում մերժեց նստացույցի դիմելու առաջարկը: Լինենք անկեղծ, այդ նստացույցը, բացի վնասից, որեւէ օգուտ չէր կարող տալ:

Բնականաբար, մեծ էին նաեւ սպասումները ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի ելույթից, եւ ժողովուրդը ստացավ բոլոր հարցերի պատասխանը: Այժմ արդեն նույնիսկ սադրանքների եւ ստերի մասնագետ դարձածները կդժվարանան ասել, թե ԲՀԿ-ն եւ նրա նախագահը չեն խոսում իշխանափոխությունից կամ չեն ցանկանում գնալ իշխանափոխության:

Միայն այն, որ Գագիկ Ծառուկյանն իր ելույթում անդրադարձավ շարժմանը կառուցվածքային ձեւ տալու մտադրությանը, վկայում է այն մասին, որ նա ավելի քան լուրջ է տրամադրված եւ ավելի քան հաստատակամ է՝ սկսած գործն ավարտին հասցնելու համար:

Երբ շարժումն արդեն կառուցվածքային բնույթ ստանա, մարզերում եւ ենթաշրջաններում առաջանան շարժման շտաբները, արդեն հաղթանակին հասնելու ճանապարհն անհամեմատ կկրճատվի, եւ բոլոր նրանք, ովքեր այսօր կողքից հետեւում են շարժմանը եւ փորձում ձախողումներ հայտնաբերել, շատ շուտով կհոգնեն եւ անգամ կամաչեն իրենց արած գործից, իսկ շարժումը արդեն գտել է իր հունը եւ շարժվում է դեպի հաղթանակ:

Նախորդ հոդվածը‘Թեհրանից Երևան ուղևորվող ինքնաթիռը վթարային վայրեջք է կատարել ‘
Հաջորդ հոդվածը‘Լիսկային հաջողվում է որդուն «մաքրել» ավտովթարին մասնակցությունից’