‘Հաջորդ տարի Հայաստանում կկառուցվի առաջին դիակիզարանը’

2085

Հայաստանում 2014թ-ին ՀՀ կառավարության որոշման համաձայն կկառուցվի առաջին դիակիզարանը: Ինչպես «Արմենպրեսի» հետ զրույցում ասել է Երևանի քաղաքապետարանի «Բնակչության հատուկ սպասարկում» ՓԲԸ տնօրեն Ռազմիկ Հարությունյանը, դիակիզարանի կառուցումը կլուծի բազմաթիվ հարցեր` կապված հուղարկավորման և գերեզմանատների հետ: «Դիակիզարանը, որը կկառուցվի եկող տարի, միաժամանակ կկատարի 4 հազար 500 այրում: Այն կկառուցվի Երևանից 3կմ հեռավորության վրա` դեպի Աշտարակ տանող ճանապարհի վրա, և կտնտեսի 70-80 տոկոս հողատարածք: Դիակիզումն ավանդական թաղման համեմատությամբ նաև էկոլոգիապես մաքուր է և ավելի մատչելի»,-ասաց Ռազմիկ Հարությունյանը: Նա տեղեկացրեց նաև, որ ներկայիս 12 քառակուսի մետրի փոխարեն մեկ հոգուն կհատկացվի 15-20 քառակուսի սանտիմետր, ինչը անհամեմատելիորեն տնտեսում է հողատարածքը: Հարությունյանը վախ հայտնեց, որ եթե դիակիզարանը չկառուցվի, շատ կարճ ժամանակ անց գերեզմանատները կհասնեն բնակելի տարածքներին, ինչը և էկոլոգիապես մաքուր չէ, և հոգեբանական ազդեցություն կթողնի տարածքում ապրող բնակչի վրա: Դիակիզման արդյունքում առաջացած փոշին կպահպանվի փոքրիկ սափորում, ինչը կլինի չժանգոտվող մետաղից:

Հայ առաքելական եկեղեցին այլ դիրքորոշում ունի դիակիզարանի ստեղծման և, առհասարակ, դիակիզման վերաբերյալ: Երևանի Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Շմավոն քահանա Ղևոնդյանն «Արմենպրեսի» հետ զրույցում ասաց, որ եկեղեցին արդեն պաշտոնապես հայտարարել է, որ դեմ է դիակիզմանը: «Եկեղեցին չի ընդունում, քանի որ ավետարանում գրված է` հող էիր, հող դարձիր, ոչ թե հող էիր, կրակ դարձիր կամ վառվիր, մոխիր դարձիր: Բացի դրանից, ավետարանն ասում է, որ իր գրածին ոչ մի տառ չավելացնել և չպակասեցնել: Եթե ավելացնում ենք, նշանակում է` Քրիստոսի պատվիրանը չենք կատարում, եթե չենք կատարում, նշանակում է` քրիստոնյա չենք»,-ասաց քահանան: Նրա կարծիքով` դիակիզարան կառուցելու փոխարեն պետք է մարդկանց կենսամակարդակը բարձրացնել, որպեսզի մահվան միջին տարիքը ոչ թե լինի 50-60-ը, այլ 70-80-ը: «Դիակիզումը մարդկանց մահը չի պակասեցնելու: Անհրաժեշտ է քայլեր ձեռնարկել` մահացության թիվը կրճատելու համար»,-ասաց նա` վստահ լինելով, որ եկեղեցին երբեք չի ընդունի դիակիզումը, ինչին դեմ է նաև ժողովուրդը:

ՀՀ առողջապահության նախարարության պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության շրջակա միջավայրի և կոմունալ հիգիենայի բաժնի պետ Աիդա Պետիկյանն էլ այս հարցում չեզոք կողմնորոշում ունի: Նրա խոսքերով` դիակիզումն օրենքով սահմանված մեթոդ է, սակայն ոչ պարտադիր: «Համաճարակային տեսանկյունից դիակիզումը լավ մեթոդ է, եթե իհարկե կառուցվի ճիշտ զտիչներով և համապատասխանի բնապահպանական, քաղաքաշինական և համաճարակային բոլոր նորմերին»,-ասաց Պետիկյանը: Նա տեղեկացրեց, որ դիակիզումը չի ընդունվում միայն կրոնական տեսանկյունից: Նախարարության աշխատակիցը դեմ չէ նաև ավանդական եղանակին: Անհրաժեշտ է միայն ճիշտ ձևով կազմակերպել: «Եթե հուղարկավորության ժամանակ հաշվի առնեն և փոսի խորությունը, և վայրը, և դիրքը, ապա հիգիենիկ առումով ոչ մի խնդիր չեմ տեսնում: Պետք է փոսի խորությունը շատ լինի, անպայման հեռու լինի ստորգետնյա ջրագծերից և վայրը սողանքային չլինի»,-ասաց Աիդա Պետիկյանը` ավելացնելով, որ այս դեպքում խնդիրը միայն գերեզմանատների տարածումն է:

ԵՊՀ դասախոս, հնագետ Լյուբա Կիրակոսյանը դիակիզումը չընդունելու փաստն այլ կերպ գնահատեց: Նրա կարծիքով` մենք դեռ պատրաստ չենք դրան: «Մեզ անհրաժեշտ է դիակիզարան, որի առկայությունը կամաց-կամաց կփոխի մարդկանց մտածելակերպը, իսկ հետո արդեն ավելի հեշտ կլինի»,-ասաց Կիրոկսյանը և ավելացրեց, որ դիակիզումն էլ լավ տարբերակ է, քանի որ գերեզմանատները կամաց-կամաց շատանում են, իսկ դա գլոբալ խնդիր է, որը հրատապ լուծում է պահանջում:

«Հուղարկավորությունների կազմակերպման և գերեզմանատների ու դիակիզարանների շահագործման մասին» ՀՀ օրենքն ընդունվել է 2006թ. ու սահմանել դիակիզման դրույթները: Չնայած դրան` Երևանում գերեզամանատների տարածքներն ընդլայնվում են. ներկայում գերեզմանոցային տարածքները մայրաքաղաքում 560 հեկտար են:

Նախորդ հոդվածը‘Հայտնի է Փաստաբանների պալատի խորհրդի նոր կազմը’
Հաջորդ հոդվածը‘Հունաստանի ոստիկանությունը արցունքաբեր գազ է կիրառել խորհրդարանի մոտ խմբված ցուցարարների դեմ’