‘Հեռուստամարաթոն 2014-ն արձանագրել է 12 399 550 ԱՄՆ դոլարի նվիրատվություն’

1656

Երեկ՝ նոյեմբերի 27-ին տեղի ունեցած Հեռուստամարաթոն 2014-ն արձանագրել է 12 399 550 ԱՄՆ դոլարի նվիրատվություն և նվիրատվության խոստում: Հավաքագրված գումարը կուղղվի հայկական երկու հանրապետություններն իրար կապող շուրջ 116կմ երկարությամբ Վարդենիս-Մարտակերտ ավտոճանապարհի ասֆալտապատմանն ու հարդարմանը, ինչպես նաև բարերարների կողմից ընտրված հատուկ ծրագրերին Հայաստանում և Արցախում:

Հիշեցնենք, որ Հեռուստամարաթոն 2014-ը հեռարձակվում էր Լոս Անջելեսից, այն հնարավոր էր դիտել Հայաստանի Հանրային, Արմենիա, Շանթ, Երկիր Մեդիա հեռուստաալիքներով և ինտերնետային կապով` www.himnadram.org և www.armeniafund.org կաքերի միջոցով:

Այս տարվա Հեռուստամարաթոնը նվիրված էր Վարդենիս-Մարտակերտ ավտոճանապարհի վերակառուցման երկրորդ փուլին, որով նախատեսված է ավարտին հասցնել ճանապարհի ասֆալտապատումն ու հարդարումը:

Վարդենիս-Մարտակերտ ճանապարհի կառուցումը` որպես ռազմավարական ծրագիր հաստատված Հիմնադրամի Հոգաբարձուների խորհրդի կողմից, այլընտրանքային կապ կհաստատի մեր երկու հանրապետությունների միջև` նոր խթան հանդիսանալով մեր երկու երկրների տնտեսության զարգացման համար: Խոշորածավալ այս ծրագիրն ավարտին հասցնելու, ինչպես նաև տարաբնույթ այլ ծրագրեր իրականացնելու նպատակով Հիմնադրամի աշխարհասփյուռ գրասենյակներն իրենց համայնքներում իրազեկման և դրամահավաք աշխատանքներ են տանում դեռ տարեսկզբից: Հայաստանում նոյեմբերի 1-ից մեկնարկել են փոստային և sms նվիրատվությունները, որոնք նպատակ ունեն ազգային նշանակության այս ծրագրին մասնակից դարձնել մեր բոլոր հայրենակիցներին: 

Նախորդ հոդվածը‘Խմբագրական. Հրաշքների երկիր Հայաստան, կամ կսիրեի՞ք արդյոք ռադիկալին’
Հաջորդ հոդվածը‘«Ղ.Տելեկոմ»-ի աշխատակցին մեղադրանք է առաջադրվել ավելի քան 750 մլն դրամի լիցքավորման քարտ հափշտակելու համար’