‘«Ղ.Տելեկոմ»-ի աշխատակցին մեղադրանք է առաջադրվել ավելի քան 750 մլն դրամի լիցքավորման քարտ հափշտակելու համար’

1136

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական գործի նախաքննության շրջանակներում 27.11.2014թ. մեղադրանք է առաջադրվել «Ղ.Տելեկոմ» ՓԲ ընկերության քարտերի վաճառքի և բաժանորդների սպասարկման վարչության բաժանորդների սպասարկման և բողոքարկման բաժնի Սյունիքի մարզի սպասարկման կենտրոնների պատասխանատու Աշոտ Կույումջյանին` ավելի քան 750 մլն դրամի ընդհանուր արժողությամբ լիցքավորման քարտեր հափշտակելու համար:

Քննչական կոմիտեի հաղորդագրության համաձայն, նախաքննությամբ պարզվել է, որ նա 2006 թվականի օգոստոսի 21-ից աշխատել է «Ղ.Տելեկոմ» ՓԲ ընկերության Կապան քաղաքի սպասարկման կենտրոնում՝ որպես ավագ համակարգող, իսկ 2010թ. հուլիսի 26-ից` վաճառքի և բաժանորդների սպասարկման վարչության բաժանորդների սպասարկման և բողոքարկման բաժնի Սյունիքի մարզի սպասարկման կենտրոնների պատասխանատու:

Հանդիսանալով նյութական պատասխանատու անձ` Ա.Կույումջյանը 2010 թվականից մինչև 2014թ. հոկտեմբերի 16-ն ընկած ժամանակահատվածում նույն ընկերության` Երևան քաղաքում գտնվող պահեստից ստացել է «Ղ.Տելեկոմ» ՓԲ ընկերության Սյունիքի մարզի սպասարկման կենտրոնների համար նախատեսված տարբեր տեսակի նյութական արժեքներ, այդ թվում` 1000, 2000 և 4500 ՀՀ դրամ արժողության 717579 հատ լիցքավորման քարտ:

Քննության տվյալների համաձայն` նա յուրացման եղանակով հափշտակել է իր վստահությանը հանձնված, ընկերությանը պատկանող 1000, 2000 և 4500 ՀՀ դրամ արժողության 702779 հատ լիցքավորման քարտը:

Քրեական գործով ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ 2014թ. նոյեմբերի 27-ին Աշոտ Կույումջյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով: Նույն օրը Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի կողմից Աշոտ Կույումջյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը` 2 ամիս ժամկետով:

Նախաքննությունը շարունակվում է:

Նախորդ հոդվածը‘Հեռուստամարաթոն 2014-ն արձանագրել է 12 399 550 ԱՄՆ դոլարի նվիրատվություն’
Հաջորդ հոդվածը‘Մի շարք ավտոճանապարհներին տեղում է ձյուն, առկա է մերկասառույց’