‘Հերթական «բարի լուրը»՝ 2013-ի փետրվարին ընտրողները 2012-ի մայիսի համեմատ ավելանալու են ‘

954

«Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում Ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչության պետ Հովհաննես Քոչարյանը հայտարարել է, որ փետրվարի 13-ին կայանալիք նախագահի ընտրություններին ավելի մեծ թվով մարդիկ կընդգրվեն ընտրացուցակներում, քան վերջին խորհրդարանական ընտրությունների ժամանակ: 

«Ես կարծում եմ, որ այդ աճի միտումները, որոնք ընտրությունից ընտրություն նկատվել են, կպահպանվեն նաեւ այս 9 ամսվա կտրվածքով: Չեմ տեսնում, թե ինչի հաշվին պետք է նվազի», — ասել է նա:

Հիշեցնենք, որ խորհրդարանական ընտրություններին ընտրացուցակներում ընդգրկվել ին  2 միլիոն 485 հազարից ավելի քաղաքացիներ, այն պարագայում, երբ ԱՎԾ փետրվարին հրապարակած տվյալներով Հայաստանի բնակչության թիվը կազմում է  2 միլիոն 870 հազար: Այսինքն, ըստ այդ տվյալների, Հայաստանում ընտրության իրավունք ունի երկրում փաստացի գտնվող բնակչության 86,58 տոկոսը:

Հայտնի է, որ վերջին տարվա ընթացքում ՏԻՄ եւ Ազգային Ժողովի մի քանի «ռաունդներով» ընթացած ընտրությունների արդյունքում իշխող ուժի «հաջողությունը», ի տարբերություն նախորդ տարիների՝ ծեծուջարդերով ուղեկցված ընտրությունների, ապահովվել է հենց ընտրողների ցուցակների ուռճացման շնորհիվ:

Մասնավորապես, ըստ տարբեր տվյալների, համապետական ընտրությունների ժամանակ ընտրացուցակների ուռճացման շնորհիվ իշխող վարչակարգն իր հաշվին 500-700 հազար քվե է հավելագրել:

Ըստ երեւույթին, հերթական համապետական ընտրություններին ընդառաջ իշխանությունների՝ առանց այդ էլ «պլինտուսից ցածր» ժողովրդականության անկմանը զուգահեռ, մեծանում է ընտրացուցակներում լրացուցիչ «մեռյալ հոգիներ» ներառելու անհրաժեշտությունը: Եվ վարչակարգը նախօրոք համապատասխան պաշտոնյայի բերանով զգուշացնում է, որ  «ընտրողների թիվն ավելանալու է», որպեսզի ընտրությունների քաղաքացիների տարակուսանքին պատասխանեն՝ «բա որ ասում էի՞նք»:

 

Անձնագրային եւ վիզաների վարչության պետը ընտրողների թվի ավելացման հանգամանքը փորձել է բացատրել մի շարք գործոններով.  « Չմոռանանք, որ բազմաթիվ 18 տարին լրացած անձինք մտնում են ռեգիստր, դառնում են ընտրողներ: Բազմաթիվ մեր հայրենակիցներ ձեռք են բերել ՀՀ քաղաքացիություն, հատկապես սիրիահայերը, վրացահայերը», — ասել է Քոչարյանը՝ հավելելով, որ 2012-ին 14 հազար 239 մարդ ստացել է ՀՀ քաղաքացիություն որոնց թվում 6461-ը՝ Վրաստանի քաղաքացիներ, 4465-ը` Սիրիայի քաղաքացիներ:

Անձնագրային վարչության պետն, իհարկե, գիտի, որ վրացահայերը ՀՀ քաղաքացիություն են ստանում հիմնականում (եթե ոչ բացառապես) Ռուսաստան մեկնելն ու այնտեղ բնակվելու իրավունք ձեռք բերելը հեշտացնելու համար: Քանի որ հայտնի բան է՝ որքան էլ ազգանունդ «յան»-ով վերջանա, ռուս չինովնիկից դժվար է վրացական անձնագրով կեցության վկայական կորզելը: Նմանապես, Սիրիայից ներգաղթած քաղաքացիների մի զգալի մասը Հայաստանի անձնագիր են ստանում՝ հետագայում ավելի հեշտ ընթացակարգով Շենգենյան անցագիր ստանալու ակնկալիքով: Սակայն նույնիսկ եթե ընդունենք, որ բոլոր մեր ներգաղթյալ եղբայրները մնացել են Հայաստանում, որ նրանք առանց բացառության չափահաս են, այն է՝ ընտրության իրավունք ունեն, որ նրանք միահամուռ կերպով մասնակցելու են քվեարկությանը, ապա էլի Հայաստանում իրական ընտրողների թիվը չի կարող աճել մայիսի ընտրությունների համեմատությամբ: Քանի որ  պաշտոնական տվյալներով այս տարվա մայիսից մինչեւ նոյեմբեր Հայաստանից մեկնել եւ չի վերադարձել շուրջ 50 հազար մարդ: 

Պանդուխտ Արարատյան

 

Նախորդ հոդվածը‘Մահացել է Մոնթե Մելքոնյանի մայրը ‘
Հաջորդ հոդվածը‘Պուտինը Լենինի դամբարանը համեմատել է քրիստոնեական սրբավայրերի հետ ‘