‘Հիլարի Քլինթոնը հրաժարվել է առաջադրվել Նյու Յորքի քաղաքապետի պաշտոնում’

609

Հիլարի Քլինթոնը մերժել է պետքարտուղարի լիազորությունները վայր դնելուց հետո Նյու Յորքի քաղաքապետի պաշտոնում առաջադրվելու առաջարկը: Այս մասին, հղում անելով անանուն աղբյուրներին, տեղեկացնում է The New York Times-ը: Մասնավորապես՝ պարբերականին հայտնի է դարձել Նյու Յորքի ներկա քաղաքապետ Մայքլ Բլումբերգի և Քլինթոնի միջև մասնավոր հեռախոսազրույցի մասին, որը տեղի է ունեցել մի քանի ամիս առաջ: Հասարակական կարծիքի հարցումների համաձայն՝ Քլինթոնը բավական բարձր վարկանիշ ունի և կարող էր հաղթել 2013 թ. քաղաքապետի ընտրություններում: Բայց քանի որ Քլինթոնը հրաժարվել է, հավանական է, որ Բլումբերգը պաշտպանի քաղաքային խորհրդի խոսնակ Քրիստինա Քուինի թեկնածությունը:

Հիշեցնենք, որ 2011 թ. հոկտեմբերին Հիլարի Քլինթոնը հայտարարեց, որ 2012 թ. նախագահ Բարաք Օբամայի ժամկետի ավարտից հետո ինքն էլ է ավարտելու իր քաղաքական կարիերան:

Բլումբերգը Նյու Յորքի  քաղաքապետն է 2002 թվականից: Նրա երրորդ ժամկետն ավարտվում է 2013 թ. դեկտեմբերի 31-ին, հաղորդում է lenta.ru-ն:

Նախորդ հոդվածը‘ՀՀ քաղաքացին իր մեքենան նվիրում է մաքսատանը (տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘Քոչարյանների ընտանիք. ՊՆ-ն ամբողջովին խեղաթյուրում է փաստերը’